Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 24,2010 00:00

Լատինական Ամերիկան աջակցում է Արգենտինային

\"\"Լատինամերիկյան եւ Կարիբյան տարածաշրջանի պետությունների առաջնորդները Մեքսիկայի Կանկուն քաղաքում տեղի ունեցած տարածաշրջանային գագաթաժողովում համաձայնության են եկել ու առաջիկայում նախատեսում են համատեղ փաստաթուղթ ընդունել, որով իրենց աջակցությունն են հայտնելու Արգենտինային՝ Ֆոլքլենդի կղզիների պատկանելության շուրջ՝ այդ երկրի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ծագած հերթական հակասությունների համատեքստում: Պաշտոնական հայտարարություն այդ առնչությամբ դեռեւս չի հնչել, բայց ենթադրվում է, որ փաստաթուղթն արդեն պատրաստ է փակ դռների ետեւում ստորագրության համար:

Հիշեցնենք, որ հիշյալ հայտարարությունն ընդունվելու է շրջանառվող այն լուրերի ֆոնին, թե բրիտանական «Desire Petroleum» ընկերությունը, չնայած Արգենտինայի կողմից հնչող բողոքներին, Ֆոլքլենդի տարածքային ջրերում նավթարդյունահանման նախապատրաստական աշխատանքներ է սկսել:

Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան տարածաշրջանի երկրների առաջնորդները մտադիր են քննարկել նաեւ պանամերիկյան դաշնության ձեւավորման հարցը, որի կազմում չեն լինելու ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Կանադան:

Այդ նոր կազմակերպությունը լինելու է Ամերիկյան պետությունների կազմակերպության այլընտրանքը, որը վերջին 50 տարում տարածաշրջանային երկխոսությունների հիմնական ասպարեզն էր: Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը գագաթաժողովի մասնակիցներին կոչ է արել մի կողմ թողնել իրենց քաղաքական տարաձայնությունները եւ գիտակցել լատինամերիկյան ժողովուրդների միասնականության անհրաժեշտությունը:

Ավելի վաղ լատինամերիկյան պետություններից մեկի՝ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն արդեն հայտարարել էր արգենտինական իշխանություններին աջակցելու մասին՝ բրիտանացիների գործողությունները որակելով «իռացիոնալ» եւ հայտարարելով, թե «կայսրության ժամանակներն անցել են»: Ի դեպ, արգենտինա-բրիտանական հարաբերությունների հերթական լարվածությունն այս շաբաթ դառնալու է ՄԱԿ-ի քննարկման առարկա:

Յանուկովիչի՝ որպես Ուկրաինայի նախագահի առաջին այցը կլինի Բրյուսել

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի առաջին օտարերկրյա այցը կլինի Բրյուսել, մարտի 1-ին: Այդ մասին փոխանցում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Եվրամիությունում իր աղբյուրները: Այցի նախնական ծրագիրը համաձայնեցված է: Թեեւ այդ մասին առայժմ պաշտոնապես չի հայտարարվում, բայց եվրոպական երկրների առաջնորդները համաձայնել են հանդիպել Ուկրաինայի նոր ղեկավարի հետ:

Նախատեսվում է, որ մարտի 1-ին Յանուկովիչը կհանդիպի Եվրոմիության Հերման վան Տոմպեի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Բարրոզուի եւ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ:

Բացի այդ, համաձայնեցման փուլում է Յանուկովիչի եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնի հետ հանդիպումը: Այդուհանդերձ, ինչպես «Ինտերֆաքսն» է փոխանցում, երեկվա դրությամբ ԵՄ կենտրոնական գրասենյակը դեռ չէր ստացել մարտի 1-ին նախատեսված հանդիպման մասին ուկրաինական կողմի վերջնական հաստատումը: Սպասվում է, որ այդ մասին պաշտոնական հայտարարություն կլինի փետրվարի 25-ից՝ Յանուկովիչի երդմնակալության արարողությունից հետո: Չնայած դրան՝ երկուշաբթի օրը ԵՄ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի հարցերից մեկն էլ եղել է «Վիկտոր Յանուկովիչի հետ բանակցություններում Բրյուսելի միասնական դիրքորոշման մշակումը»:

Հիշեցնենք, որ Յանուկովիչը մինչ այս Մոսկվա այցելելու հրավեր էր ստացել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւից: Նախատեսվում է, որ Մոսկվա այցը կհաջորդի Յանուկովիչի բրյուսելյան այցին:

Համազգային գործադուլ՝ Հունաստանում

\"\"11 միլիոնանոց Հունաստանում մոտ երեք միլիոն բնակիչ կմասնակցի փետրվարի 24-ին նախատեսված համազգային գործադուլին: lenta.ru-ի մատուցմամբ, այդ օրը կդադարի գործել նաեւ Հունաստանի ավիահաղորդակցությունը, քանի որ գործադուլին միանալու են նաեւ ավիադիսպետչերները: Բացի այս, պետծառայողների աշխատավարձերի կրճատման դեմ պատրաստվող բողոքի ակցիային կմասնակցեն նաեւ պետական բանկերի եւ խոշորագույն արհմիությունների աշխատակիցներ:

Դեռ փետրվարի 22-ին արհմիությունների ներկայացուցիչները արգելափակել էին աթենքյան բիրժան, եւ դրա ղեկավարությունը ստիպված էր եղել ակտիվացնել առքուվաճառքի էլեկտրոնային պահեստային համակարգը: Ավելի վաղ բյուջեի դեֆիցիտը կրճատելուն ուղղված կառավարության ձեռնարկած միջոցառումների դեմ որպես բողոքի նշան գործադուլ էին անցկացրել նաեւ հարկային եւ մաքսային ծառայությունների, ֆինանսների նախարարության, քաղավիացիայի, տեղական իշխանության մարմինների աշխատակիցներն ու բժիշկները:

Հիշեցնենք, որ այս տարեսկզբին Հունաստանի իշխանությունները հրապարակել են պետական ծախսերի կրճատման իրենց ծրագիրը՝ 2012թ. բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ մինչեւ 2,8 տոկոս հասցնելու նպատակով: Այդ ծրագրով նախատեսվում է բյուջետային աշխատողների աշխատավարձերի կրճատում, գների բարձրացում եւ հարկային օրենսդրության բարեփոխում, ինչը առաջացրել է երկրի բնակչության բուռն զայրույթը:

ԽՈՒԶԱՐԿՎԵԼ Է ՄԼԱԴԻՉԻ ՏՈՒՆԸ

Բելգրադի ոստիկանությունը խուզարկություն է կատարել Բոսնիայում՝ քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանում բոսնիացի սերբերի առաջնորդ Ռադկո Մլադիչի տանը: Վերջինս հետախուզվում է Միջազգային քրեական դատարանի կողմից՝ մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեղադրանքով: Նրա հանձնումը Հաագայի դատարանին՝ կարող է հեշտացնել Եվրամիությանը Սերբիայի անդամակցության գործընթացը:

«Եթե իրավապահներն աշխատեն նույն տեմպերով, ապա Մլադիչի ձերբակալությունն անխուսափելի կլինի»,- հայտարարել է ՄՔԴ-ի հետ համագործակցության սերբական ազգային խորհրդի նախագահ Ռասիմ Լյաիչը՝ միաժամանակ հրաժարվելով որեւէ ժամկետ կանխատեսելուց:

Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը Մլադիչին փնտրում է արդեն 14 տարի: Սերբիայի իշխանությունները մեկ միլիոն եվրո են խոստացել Մլադիչի գտնվելու վայրի մասին տեղեկություններ տրամադրելու համար:

ՔՐԴԻ ՆԵՏԱԾ ԿՈՇԻԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՉԻ ԴԻՊԵԼ

\"\"Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցն Իսպանիա՝ այնքան էլ հարթ չի ընթանում։ Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով իսպանական «El Pais»-ը: Նախօրեին Սեւիլիայում Էրդողանին NADO հիմնադրամի կողմից ծայրահեղականության դեմ միջազգային գործողությունների ակտիվացմանն ուղղված «Քաղաքակրթության դաշինք» նախաձեռնությանն աջակցելու համար սահմանված մրցանակ հանձնելու արարողությունից հետո, նրա վրա կոշիկ են նետել: Անծանոթը, «Կեցցե՜ ազատ Քուրդիստանը» բղավելով, մոտեցել է Էրդողանին ու կոշիկը նետել վարչապետի ուղղությամբ: Չնայած այն բանին, որ կոշիկն այդպես էլ վարչապետին չի դիպել, Էրդողանին հսկող անվտանգության աշխատակիցները ձերբակալել են տղամարդուն։ Ու քանի որ վերջինս շարունակել էր բղավել «Կեցցե Քուրդիստանը», ուստի՝ անվտանգության աշխատակիցները ավելի ամուր են բռնել կոշիկ նետողի բերանը: Աղբյուրի տեղեկություններով, հերթական «կոշիկ նետողը» Սիրիայի քաղաքացի քուրդ է եղել, ով Իսպանիայում ապրում էր ապօրինի։

Կոշիկ նետելը մի շարք մահմեդական երկրներում համարվում է ծայրահեղ անբարյացակամության նշան։ Այս ժեստը համաշխարհային ճանաչում է ստացել 2008թ. դեկտեմբերի 14-ին, երբ իրաքցի լրագրող Մունթազեր ալ Զայիդին իր երկու կոշիկները նետել էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա։

 

ԶՈՀԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԵՆ

Աֆղանստանում հերթական անգամ զոհվել են խաղաղ բնակիչներ: Այս անգամ ողբերգությունը տեղի է ունեցել երկրի Հիլմեդ գավառում, որտեղ իրականացված ահաբեկչության արդյունքում զոհվել է 7 մարդ, 14-ը վիրավորվել է: Տեղական իշխանությունները հաղորդել են, որ բոլոր զոհվածները քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ:

«ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի փոխանցմամբ, պայթուցիկ սարքը ամրացված է եղել ճանապարհային ոստիկանության բաժնից ոչ հեռու կայանված մի մոտոցիկլի:

Հիշեցնենք, որ Հիլմեդ գավառում արդեն ավելի քան 10 օր է, ինչ ՆԱՏՕ-ն լայնամասշտաբ գործողություններ է իրականացնում «Թալիբան» շարժման ծայրահեղականների դեմ: ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության պետ Դեւիդ Պետրեուսը հաղորդել է, թե Աֆղանստանի հարավում ՆԱՏՕ-ի եւ աֆղանական բանակի համատեղ ռազմական գործողությունները կարող են տեւել մեկուկես տարի:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ափսոսանք է հայտնել վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ ՆԱՏՕ-ի ուժերի կողմից ավիահարվածների արդյունքում խաղաղ բնակիչների սպանության առնչությամբ՝ միաժամանակ հիշեցնելով, թե «արյունալի պատերազմ է ընթանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել