Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում չկա դպրոց, որ համակարգիչ չունենա»

Փետրվար 24,2010 00:00

Վստահեցնում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արեգ Գրիգորյանը:

«Ասել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների՝ կրթության բնագավառում ներդրման առումով այսօր ամեն ինչ արված է, հնարավոր չէ»,- երեկ ԿԳՆ-ում հրավիրված ասուլիսին հայտարարեց ԿՏԱԿ-ի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Գրիգորյանը: Նա օրինակ բերեց այս ոլորտում առաջատար Կորեային՝ հուսադրելով, թե այնտեղ էլ կան բազում խնդիրներ, իհարկե շեշտելով, որ դրանց մակարդակն է ՀՀ-ի համեմատությամբ տարբեր:

Ասուլիսի ընթացքում պարոն Գրիգորյանը առանձին-առանձին անդրադարձավ ԿՏԱԿ-ի իրականացրած ծրագրերին՝ Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի (ՀԴԻՑ), Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի (ՇԻՀԿ) գործունեությանը, «Կրթական համալիր էջ» պորտալի (www.armedu.am) հնարավորություններին, էլեկտրոնային բովանդակության ստեղծման եւ վերապատրաստումների կազմակերպմանը վերաբերող եւ այլ հարցերի: Այնուհետեւ ԿՏԱԿ-ի աշխատակիցները ուղիղ կապ հաստատեցին Արմավիրի մարզի Տիգրանաշեն գյուղում գտնվող ՇԻՀԿ-ի հետ, եւ ասուլիսի մասնակիցները օն-լայն հիմունքներով մասնակցեցին այդ պահին ընթացող դասաժամին: Հետաքրքիր էր նաեւ տիգրանաշենցի աշակերտների արձագանքը: Երբ դպրոցի աշակերտներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է իրենց տալիս կայանի այցելությունն իրենց գյուղ, Կարապետը, նշելով դրա կարեւորությունը, ասաց, թե ամենակարեւորն այն է, որ իրենց չեն անտեսել: Այնուհետեւ Ա. Գրիգորյանն ասաց. «Կարեւոր խնդիր է համակարգչային ծրագրերի արտոնագրումը: Բոլորս էլ գիտենք, որ ՀՀ-ում օգտագործվող արտոնագրված ծրագրերի քանակը շատ քիչ է: Բայց անցյալ տարի իրավիճակը կտրուկ փոխվեց. 2008-ի վերջին ԿՏԱԿ-ը պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին ձեռք բերեց «Մայքրոսոֆթ» ընկերության արտոնագրեր՝ 8300 հատ Windows, նույնքան Microsoft office եւ այլ մասնագիտացված ծրագրեր, որոնք տարածվեցին կրթական կառավարման մարմիններում եւ դպրոցներում: Սա, թերեւս, նոր երեւույթ է մեր իրականության մեջ: Այս տարի դպրոցներում տարածվելու է նաեւ Windows-ի 7-րդ տարբերակը՝ ամենաժամանակակիցն ու արտոնագրվածը: Նոր երեւույթ է նաեւ այն, որ արդեն սկսել են դպրոցները, հանձին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, պետական պատվերներով վերապատրաստումներ իրականացնել, «Քվանտ» վարժարանը անգլերենի եւ ռուսերենի էլեկտրոնային ձեռնարկ պատրաստելու պատվեր է ստացել»:

Նորույթ է նաեւ ՀՀ-ում ստեղծված «Ուսում» ինքնուսուցման համակարգի ներդրումը դպրոցներում: Ա. Գրիգորյանը մանրամասնեց. «Շուտով կլինի ՀՀ կառավարության որոշումը եւ այն կտեղադրվի դպրոցներում, ուսուցիչներն ու աշակերտները կարող են դրա միջոցով ինքնուրույն տիրապետել համակարգչային գիտելիքներին»: Այժմ 644 դպրոց միացել է ՀԴԻՑ-ին, ՇԻՀԿ-ն դասընթացներ է իրականացրել ՀՀ 20 մարզային համայնքներում, որոնց մասնակցել են 572 աշակերտ եւ 182 ուսուցիչ: ՀՀ հանրակրթության ոլորտում դպրոցական մեկ համակարգչին համապատասխանող աշակերտների միջին քանակը 36-ն է:

«Առավոտի» բարձրացրած խնդրին, թե մարզային որոշ դպրոցներում դեռ կամ հատուկենտ համակարգիչներ ունեն, կամ էլ դրանք շատ հին են, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «ՀՀ-ում չկա մի դպրոց, որ գոնե հին համակարգիչ չունենա: Ավելին, անցյալ տարեվերջին շուրջ 40 ավագ դպրոց համալրվեց ամենաժամանակակից համակարգիչներով, ՀՀ կառավարության որոշմամբ ծրագիրը տեղափոխվեց նաեւ ԼՂՀ՝ այնտեղի 7 ավագ դպրոցներում եւս շքեղ դասարաններ տեղադրվեցին»: Մեր այն դիտարկմանը, թե ունենալը մի բան է, կիրառելը՝ այլ, հատկապես այն համատեքստում, որ ուսուցիչները դժգոհում են, թե ինֆորմատիկայի համար հատկացված շաբաթական 1 դասաժամը բավարար չէ, ԿՏԱԿ-ի տնօրենը պատասխանեց. «Ինֆորմատիկայի համար հատկացվող մեկ դասաժամը մեզ եւս չի բավարարում, բայց այստեղ կա ուսումնական ծրագրերի, պլանների խնդիր, ժամերը փոխելը հեշտ խնդիր չէ: Հարցը ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի ուշադրության կենտրոնում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել