Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈԹԱ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ SOS Է ՀՆՉԵՑՆՈՒՄ

Փետրվար 24,2010 00:00

Գանձեր որոնողները 9-րդ դարի եկեղեցին թալանել են, իսկ շինարարները՝ կիսանորոգ վիճակում թողել, հեռացել

Կոթը եղել է միջնադարյան ավան՝ Սյունյաց նահանգի Գեղարքունիք գավառում: Կոթի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հայտնի է Կոթավանք անվամբ, կառուցվել է 9-րդ դարում, Գրիգոր Սուփան Երկրորդ իշխանի կողմից: Այսօր Արեւելյան Հայաստանում գտնվող այս հնագույն եւ փառահեղ տաճարը ոչ միայն ուսումնասիրված չէ հավուր պատշաճի, այլեւ մատնված է ծայրաստիճան անուշադրության:

Վանքում 1985թ. ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր հուշարձանների պաշտպանության վարչության կողմից սկսվեցին վերականգնողական աշխատանքներ, որի նախագիծը կազմել էր Ա. Հովսեփյանը, իսկ աշխատանքներն իրականացնում էր Ժորա Արշակի Գեւորգյանը՝ չորս հոգանոց խմբով: Իհարկե, նրանք մաքրեցին վանքի շրջակայքը, բացեցին դեպի եկեղեցի տանող ճանապարհը, հողի տակ թաղված տասնյակ խաչքարեր հանեցին, սակայն, ըստ Հովսեփյանի նախագծի, շինարարությունը պետք է կիսատ մնար՝ առանց ծածկի:

Այս աշխատանքների մեջ ներգրավված չէին հուշարձանագետներ եւ պատմաբաններ, իսկ տարօրինակ՝ առանց ծածկի վերանորոգման արդյունքների վկան ու ապացույցը ներկայիս արված լուսանկարն է:

1985թ. Կոթավանքի արեւելյան դռան աջ կողմում գտնվող խցի վրա վերակառուցող վարպետները տեղադրեցին փայտե դուռ ու կողպեք, որտեղ պահում էին շինանյութն ու շինարարական գործիքները, տեղադրել էին նաեւ մի փայտյա աստիճան: Սա այն լուրջ վերանորոգումն էր, ինչ տեսանելի էր հասարակ բնակչության կողմից: Գյուղում խոսում էին այն մասին, որ շուտով պիտի նորոգվի եկեղեցին ու սկսի գործել, չնայած այդ տարիներին գործելու ու եկեղեցու մասին ոչ մի խոսք չէր կարող հավաստի լինել: Հետո անցան տարիներ, ԽՍՀՄ-ը քանդվեց, քանդվեց նաեւ խցի վրա դրված փայտյա դուռն ու փայտյա աստիճանը, առավել ճարպիկներն առաջինը հասկացան երկրի խառնաշփոթ վիճակն ու, Աստված ողորմի ասելով, տարան ու վառեցին աստիճանի փայտերը:

1997-98 թվականներին, պատգամավորական ընտրությունների ժամանակ, նորից բարձրացավ Կոթավանքի վերանորոգման հարցը: Սերվանտես Եղիազարյանը, որը Գեղարքունիք գավառի պատգամավորական ընտրությունների ժամանակ ուներ թեկնածություն, անմիջապես գործի անցավ: Առաջին գործն այն էր, որ մուտքի դռան վրա երկաթե արձանագրություն փակցվեց՝ «ՎԱՆՔԻ ԲԱՐԵՐԱՐ՝ ՍԵՐՎԱՆՏԵՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ» գրությամբ: Ու վերջ… Կարեւորը գրությունն էր…

Արեւելյան Հայաստանում հնադարյան եկեղեցին ու հարյուրավոր խաչքարեր մատնված են անուշադրության: Ներքին Գետաշենի բնակչությունը արդեն ութ տասնամյակ չունի հոգեւորական, չունի գործող աղոթատեղի: Գյուղի մատուռներն ու ժամը տարեցտարի քանդվում են ու ավերվում, իսկ սրան ավելանում է նաեւ մարդկային գործոնը, երբ երիտասարդները հալված մոմերով եկեղեցին դրսից ու ներսից՝ վերից վար փորագրում են՝ Չ+Շ, Ժ+Վ, ու այբուբենի բոլոր տառերը զույգ կազմելով՝ գումարվում են իրար, հավասարվում սիրո: Այս ամենին ավելանում են աղանդավորները, որոնք պարբերաբար այրում են մատուռները, նվիրաբերած զարդերն ու նկարները, մատուռների սյուներն ու սրբատեղիները: Ոչ ոք դրանց վրա ուշադրություն չի դարձնում, ոչ մի համապատասխան մարմին չի անդրադառնում այս խնդիրներին: Իսկ սրանից մոտ ութ տարի առաջ Կոթավանքից մոտ չորս մետր հեռու կառուցվում էր մեկ այլ եկեղեցի: Թե ինչո՞ւ էր եկեղեցու համար ընտրվել հենց այս վայրը, ինչո՞ւ նոր եկեղեցի կառուցելու փոխարեն չէր վերանորոգվում հինը, կամ ո՞վ էր օծել ու թույլ տվել եկեղեցու կառուցումը նման տեղում, որը բոլորովին չէր համապատասխանում եկեղեցու համար, ոչ ոք դարձյալ չանդրադարձավ:

Նորակառույց-խորհրդավոր եկեղեցին մնաց անավարտ՝ այն օրից, երբ գյուղում տարածվեց մի լուր, թե իբր Կոթավանքն ունեցել է պահված թագավորական գանձեր, որոնք թաղված են վանքի հարակից մասերում եւ ունեն քարտեզներ: Նորակառույց եկեղեցին կառուցում էին Կոթավանքի մոտ, որովհետեւ այն օգտագործվում էր իբրեւ ապաստարան՝ քանդելու եւ գանձերը գտնելու համար: Մի առավոտ գյուղում լուր տարածվեց, որ մեծավորներ են եկել գյուղ ու գիշերը գտնված գանձերը հանել- տարել են: Գյուղացիներից մեկն ասում էր, թե հանել են 70 կգ, մյուսը՝ 700, մյուսն էլ, թե՝ 7 տոննա է եղել, մեջը թագավորական թագեր են, գավազաններ ու ոսկեզօծ ամաններ: Ու բոլորը միմյանց լռեցնում էին, թե հանկարծ չասեք, որ ինձնից եք լսել, տանողները մեծավորներ են եղել:

Այն, որ Կոթավանքն ունեցել է պահված գանձեր եւ դրանց գտնվելու վերաբերյալ քարտեզ, դա անժխտելի է, բոլորը գյուղում գիտեն դրա մասին: Բայց գտնվել է, թե ոչ՝ սա, իհարկե, կասկածելի է: Համենայնդեպս, այն բանից հետո, ինչ գյուղում նման լուրեր տարածվեցին, նորակոչ եկեղեցին ցայսօր մնաց անավարտ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել