Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԻՐԱՎԱՉԱ՞Փ ՆՊԱՏԱԿՈՎ» ԷԻՆ

Փետրվար 24,2010 00:00

«Ա1+»-ի հարցը Սահմանադրական դատարանում

\"\"Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանում սկսվեց «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի, Արա Ղազարյանի, Կարեն Մեժլումյանի դիմումի քննությունը: Ընկերությունը տեղեկացրել էր, որ 1994թ.-ին ստացել էր պետական հեռուստատեսության արտոնագիր ունեցող հաճախականություն, որով, ըստ դիմումատուների, իր հեռուստահաղորդումները հեռարձակել է մինչեւ 2002թ. ապրիլի 3-ը: Ընկերությունը դիմել է դատարաններ, սպառել ներպետական պաշտպանության բոլոր հնարավորությունները, 2004թ. օգոստոսի 27-ին դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան:

2008թ. հունիսի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եզրակացրել էր, որ խախտվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածը (տեղեկատվության եւ գաղափարներ տարածելու ազատության իրավունքի խախտում), մասնավորապես հանգել էր նրան, որ. «Դիմումատու ընկերության տեղեկատվություն եւ գաղափարներ տարածելու ազատության միջամտությունները, մասնավորապես՝ հեռարձակման արտոնագիր տրամադրելու թվով 7 մերժումները չեն բավարարել Կոնվենցիայով սահմանված օրինականության պահանջը: Այս պարագայում, անհրաժեշտություն կա պարզելու, թե արդյո՞ք այս միջամտությունները իրավաչափ նպատակ էին հետապնդում, եւ եթե այսպես է, արդյոք դրանք հետապնդվող նպատակին համաչա՞փ էին»: ԵԴ որոշումն ուժի մեջ է մտել 2008թ. սեպտեմբերի 17-ից:

Դրանից հետո «Մելտեքսը», նոր հանգամանքի հիմքով դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան, պահանջելով անվավեր ճանաչել իրենց՝ բոլոր 7 կապուղիներով հեռարձակման իրավունքի արտոնագիր ստանալու համար հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կայացրած մերժման որոշումները, ճանաչել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման փաստը, պարտավորեցնել ՀՌԱՀ-ին մինչ իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու նպատակով հայտարարել մրցույթ՝ 7 նշված կապուղիների համար: Վճռաբեկ դատարանը մերժել է դիմումը:

Սահմանադրական դատարան դիմած ընկերության ներկայացուցիչները գտնում էին, որ Սահմանադրությանը հակասող պետք է ճանաչվի Քաղաքացիական օրենսգրքի 204/28 հոդվածի 1-ին ենթակետը, քանի որ, ըստ դրա «դատարանն իրավասու է նախորդ դատական ակտը թողնել ուժի մեջ, բողոքը՝ առանց բավարարման»: «Մելտեքսի» գնահատմամբ, այս հոդվածը հակասում է Սահմանադրությանը, քանի որ Սահմանադրությունը ճանաչում է իր իրավազորության ներքո գտնվող անձանց՝ դատական ու իրական պաշտպանության արդյունավետ միջոցի եւ արդար դատաքննության իրավունքները: «Մելտեքսը» ՍԴ ներկայացրած իր դիմումը հիմնավորել էր նաեւ այն հանգամանքով, որ Եվրոպական կոնվենցիան պետությունների վրա պարտավորություն է դրել ենթարկվել Եվրոպական դատարանի ցանկացած գործով կայացրած վերջնական վճիռներին, ստանալ արդարացի փոխհատուցում՝ վերջ դնելով արձանագրված խախտումներին: Իսկ մեր պետությունը այդ պարտավորությունների տակ իր ստորագրությունն է դրել 2002թ. ապրիլի 26-ին:

ՍԴ-ում «Ա1+»-ի հայցով պատասխանող ներկայացած ԱԺ իրավաբանական վարչության պետ Աշոտ Խաչատրյանը կարծում էր, որ ՍԴ-ն պետք է կարճի «Ա1+»-ի հայցը: Նա դա հիմնավորում էր նրանով, որ ՍԴ-ն մեկ անգամ արդեն հակասահմանադրական է ճանաչել 204/28 հոդվածի 1-ին մասը: Ու չնայած այն բանին, որ հիշյալ հոդվածն արդեն իսկ ՍԴ-ի կողմից հակասահմանադրական է համարվել, Վճռաբեկ դատարանը, որին դիմել էր «Ա1+»-ը, հենց այդ՝ հակասահմանադրական հոդվածը հիմք ընդունելով, հրաժարվել է կատարել 2008թ. հունիսին «Ա1+»-ի օգտին Եվրադատարանի որոշման պահանջը:

Ըստ «Ա1+»-ի՝ նախորդ դատական նիստում, որտեղ ԱԺ ներկայացուցիչը պնդում էր, թե ՍԴ-ն Քաղ. Դատ. օր. 204/28 հոդվածի 1-ին մասն արդեն ճանաչել է հակասահմանադրական, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նրանից բացատրություններ էր պահանջել, թե այդ դեպքում հակասահմանադրական ճանաչված նորմը ինչո՞ւ է մինչ օրս մնացել օրենսգրքում: Երեկ ԱԺ ներկայացուցչից այդպես էլ որեւէ բացատրություն չստանալով՝ ՍԴ-ն անցավ խորհրդակցական սենյակ:

Նկատենք, որ ըստ «Ա1+»-ի հարցով ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի ու Արա Ղազարյանի՝ «սա միայն «Ա1+»-ի հարցը չէ: Սա ռազմավարական որոշում է լինելու, որը լուծելու է Եվրադատարանի որոշումները ՀՀ-ում կյանքի կոչելու խնդիրը»:

Հենց երեկ էլ ՍԴ-ն հրապարակեց իր որոշումը, որով փաստորեն անօրինական է համարել Վճռաբեկ դատարանի որոշումը: Սահմանադրական դատարանը նախ հիշեցրել է, որ իր նախկին որոշմամբ արդեն իսկ հակասահմանադրական եւ անվավեր է համարել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ, այդ թվում՝ 204/28 հոդվածի 1-ին մասը:

ՍԴ որոշման մեջ, մասնավորապես, գրված է. «ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-758 որոշման 13 կետում արտահայտած իրավական դիրքորոշման եւ եզրափակիչ մասի 5-րդ կետի հիմքով ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչվել նաեւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2007 թ. նոյեմբերի 28-ին ընդունված ՀՀ օրենքի 76 հոդվածում ընդգրկված 204/28 հոդվածը, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից դեռեւս ՀՀ Սահմանադրությանը չի համապատասխանեցվել, ինչպես նաեւ այն, որ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2008թ. ապրիլի 15-ի ՍԴՈ-751 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 12-րդ մասի պահանջների հիմքով սպառված չպետք է համարվի սույն գործի առարկայի շրջանակներում նոր հանգամանքներով իրավասու դատարան դիմելու շահագրգիռ այլ անձանց իրավունքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել