ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
«Առավոտը» շնորհավորում է Հետաքննող լրագրողների ընկերակցության հիմնադիր եւ «Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանին՝ փետրվարի 22-ին գերմանական «Ցայթ»-Էբելին եւ Գերդ Բուցերիուս հիմնադրամի կողմից շնորհված մրցանակի կապակցությամբ:
ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացանք, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նալբանդյան 116/24 հասցեում: Գազի 3 կգ-անոց բալոնի արտահոսքից բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է խոհանոցային պահարանը:
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻՆ
Ստանալով ահազանգ, փրկարարները, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացել են Երեւանի Վրացական 15/29 բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 73-ամյա Ռոզա Սահակյանի դին:
ԱՆԳԻՏԱԿԻՑ ԷՐ
ԱԻՆ ահազանգ է ստացվել՝ Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի 32 հասցեից: Դեպքի վայր մեկնած փրկարարների ուժերով բացվել է շենքի 38-րդ բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 95-ամյա Նիկոլայ Հակոբյանը՝ անգիտակից վիճակում:
ՊԱՏԱՀԱՐ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Վանաձորի Զորավար Անդրանիկի եւ Ներսիսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար: Բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 36 ՕՍ 999 եւ «ՎԱԶ 2107» մակնիշի 65 ՕՏ 526 պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վարորդները՝ 31-ամյա Ն. Հարությունյանը եւ 28-ամյա Ա. Սարգսյանը, ինչպես նաեւ ուղեւորը՝ 22-ամյա Կ. Բաղիշյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Տուժածները դուրս են բերվել ավտոմեքենաներից եւ տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Նրանց վիճակը գնահատվել է միջին ծանրության: