Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրն իր իրավունքներն է պաշտպանում

Փետրվար 24,2010 00:00

Էլեկտրոնային նամակագրությունը՝ որպես ապացույց

Իգոր Հակոբջանյանն ամուսնացել է 1996թ.-ին: Նա ունի երեք երեխա, որոնք այժմ 12, 9 եւ 5 տարեկան են: Նա 2009թ.-ի մայիսին ամուսնալուծվել է: Կինը բնակվում է մորն ու քրոջը պատկանող բնակարանում: 12-ամյա Վիկտորյան խնամակալության եւ հոգաբարձության մարմիններում, ինչպես նաեւ դատարանում ցանկություն է հայտնել ապրել հոր մոտ՝ քրոջ եւ եղբոր հետ միասին: Կենտրոնի վարչական շրջանին առընթեր խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը, հաշվի առնելով ծնողների հայտարարություններն ու բացատրությունները, Վիկտորյայի կարծիքը, երեխաների կապվածությունը միմյանց եւ հոր հետ, երեխաներին չառանձնացնելու հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ երեխաները կտրականապես հրաժարվում են բնակվել մոր հետ, նպատակահարմար է գտել, որ երեխաները բնակվեն հոր մոտ, հետեւաբար, նրանց բնակության վայրը պետք է ճանաչվի հոր բնակարանը: Այս համայնքի վարչական շրջանի ղեկավարի թիվ 149 որոշման համաձայն, երեխաները ժամանակավոր թողնվել են հոր մոտ, իսկ մոր հետ տեսակցություն նշանակվել է յուրաքանչյուր երեքշաբթի ժամը 15-20-ը եւ կիրակի՝ ժամը 14-18-ը: Մայրը չի օգտվել իր իրավունքից եւ երեխաների հետ սահմանված ժամին տեսակցությունների չի գնացել:

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ամուսինների հայցերը բավարարել է մասնակի, Վիկտորյա եւ Կամո Հակոբջանյանների խնամքն ու դաստիարակությունը հանձնել է հորը եւ նրանց բնակության վայր է ճանաչել հոր բնակարանը, իսկ 5-ամյա Մարիա Հակոբջանյանի խնամքն ու դաստիարակությունը հանձնել է մորը: Հակոբջանյան ամուսինները վերաքննիչ բողոքներ են բերել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ:

ՀՀ վերաքննիչ դատարանը, քննելով Հակոբջանյանների կողմից Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքները, 2009թ. դեկտեմբերի 24-ին կայացրած որոշմամբ հոր վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ մոր վերաքննիչ բողոքը՝ բավարարել մասնակի. Կամո Հակոբջանյանի խնամքն ու դաստիարակությունը հորը հանձնելու եւ նրա բնակության վայրը Նոր Նորքի Ն. Ստեփանյան փողոցի 6-րդ շենքի թիվ 15 բնակարանը ճանաչելու մասով բեկանելով Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի վճիռը եւ փոփոխել այն՝ Կամո Հակոբջանյանի խնամքն ու դաստիարակությունը հանձնել է մորը եւ նրա բնակության վայր ճանաչել մոր բնակվելու հասցեն:

Երեխաների հայրը գտնում է, որ խախտվել են ՀՀ քաղդատօրի 53 հոդվածի պահանջները, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ չեն ուսումնասիրվել գործում առկա ապացույցները, ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ քաղաքացիական դատարանները հաշվի չեն առել Կենտրոն վարչական շրջանին առընթեր խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի՝ Հակոբջանյանների կյանքի հետազոտության ակտի եւ եզրակացության հիմնավորումները: Ըստ նրա, դատարանն իրականում իրավական գնահատական չի տվել վճռի կայացման համար էական նշանակություն ունեցող այնպիսի փաստերին, ինչպիսին են 12-ամյա աղջկա կարծիքը, երեխաների կապվածությունը միմյանց, հոր հետ բնակվելու նրանց ցանկությունը, բաժանել է երեխաներին միմյանցից՝ զրկելով միասին, միեւնույն հարկի տակ ապրելու հնարավորությունից: Ինչպես հայրն է ասում, վարվել են երեխաների հետ՝ «ասես տորթն են բաժանում»:

Ի դեպ, Ի. Հակոբջանյանը «ԾՏռ ՎՌՐ» ինտերնետային կայքից ձեռք էր բերել կնոջ էլեկտրոնային նամակագրական թղթակցությունը եւ այն որպես ապացույց տրամադրել դատարանին, սակայն ընդհանուր իրավասության դատարանը անթույլատրելի է համարել դրանք՝ «ներկայացման հիմքերի բացակայության» պատճառով, այնինչ, հենց այդ ապացույցներով դատարանը կպարզեր կողմերի ամուսնալուծության իրական պատճառը՝ կնոջ անհավատարմությունը եւ երեխաների նկատմամբ անուշադրությունն ու մայրական պարտականությունները չկատարելը, իսկ կինը այդ ապացույցները հերքող որեւէ փաստարկ չի ներկայացրել դատարան:

Ի. Հակոբջանյանը դիմել է վճռաբեկ դատարան եւ համոզված է, որ կհարգվեն «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, 1989թ. նոյեմբերի 20-ի կոնվենցիայի, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53, 54 հոդվածները, ՀՀ քաղդատօրի 47, 48 եւ մի շարք այլ հոդվածներ, որով իր երեխաների համար կստեղծվեն միասին ապրելու, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացման համար բարենպաստ պայմաններ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել