Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցուցակներում անօրինական են ընդգրկվել

Փետրվար 24,2010 00:00

«Առավոտի» 6.02.2010թ. «Փարոսի» ցուցակն անհասանելի է» հոդվածում նշված փաստերը ստուգելու նպատակով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մասնագետները գործուղվել են Մասիս քաղաք:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Դիաննա Հովհաննիսյանի ընտանիքը բաղկացած է 6 անձից, որից 4-ն անչափահաս են:

Ընտանիքը 2006թ. հուլիսին հաշվառվել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում եւ 2009թ. փետրվարը ներառյալ ստացել է ընտանեկան նպաստ: 2007-2008 թթ. փաստագրման համար սոցիալական ծառայությունների Մասիսի տարածքային գործակալություն ներկայացրած դիմում-հայտարարագրերում եւ ՏԻՄ-ի կողմից տրված ընտանիքի կազմի մասին տեղեկանքներում՝ զբաղվածության սյունակում, ամուսինների տվյալների դիմաց նշված է՝ «չի աշխատում»:

2009թ. մարտին նախարարությունը սոցիալական ծառայությունների Մասիսի տարածքային գործակալությանն է տրամադրել ընտանիքների անապահովության գնահատման եւ սոցիալական ապահովության պետական ծառայության անհատական հաշվառման տեղեկատվական համակարգերում հաշվառված անձանց տվյալների համադրման արդյունքները: Համաձայն տեղեկության, Դ. Հովհաննիսյանի ամուսինը՝ Արմեն Պետրոսյանն աշխատել է «Նիկման» ձեռնարկությունում եւ ստացել է եկամուտ, որի մասին չի տեղեկացրել: Մասիսի տարածքային գործակալության կողմից 2009թ. մարտին դադարեցվել է Դ. Հովհաննիսյանի ընտանիքի ընտանեկան նպաստի վճարումը՝ փաստաթղթերում նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու պատճառով:

Ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու արդյունքում ընտանիքը 2007-2009 թթ. ստացել է 645.500 դրամ ընտանեկան նպաստի գումար: Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի՝ ավել վճարված գումարներն ամբողջությամբ ենթակա են վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման, սակայն ավել գումարների վճարման հանգամանքի հայտնաբերման ամսվան նախորդած 1 տարվա ընթացքում ստացած ավել գումարի չափից ոչ ավելի: Հաշվարկի արդյունքում Դ. Հովհաննիսյանի ընտանիքը պետք է վերականգներ 351.500 դրամ գումար: Դ. Հովհաննիսյանի ընտանիքի նպաստի իրավունքի դադարեցման ժամկետի լրանալուց հետո՝ 2010 թ. քաղաքացին գրավոր դիմել է սոցիալական ծառայությունների Մասիսի տարածքային գործակալություն՝ իր ընտանիքի անապահովության միավորի վերականգնման խնդրանքով:

2010թ. փետրվարի 5-ին սոցիալական ծառայությունների Մասիսի տարածքային գործակալությունը սոցիալական աջակցության խորհրդի քննարկմանն է ներկայացրել Դ. Հովհաննիսյանի ընտանիքի անապահովության միավորը վերականգնելու հարցը: Սոցիալական աջակցության խորհրդի կողմից ընտանիքի անապահովության միավորը վերականգնելու խնդրանքը մերժվել է, քանի որ ընտանիքի անապահովության միավորը զրոյացվել էր կեղծ տեղեկություններ ներկայացնելու հիմքով, իսկ միավորի վերականգնման խնդրանքով դիմելու պահին ընտանիքը եւս տեղեկություններ է թաքցրել աշխատելու փաստի վերաբերյալ:

Հոդվածում նշված մյուս քաղաքացին՝ Սուսաննա Ջհանգիրյանը, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում Մասիսի տարածքային գործակալությունում 2007-2008թթ. հաշվառվել է որպես միայնակ մայր՝ իր անչափահաս, մանկուց հաշմանդամ երեխայի հետ: Ընտանիքի անապահովության գնահատման միավորը կազմել է 45.29, ընտանիքը ձեռք է բերել ընտանեկան նպաստ ստանալու իրավունք եւ 2009-ի հոկտեմբերը ներառյալ ստացել է ընտանեկան նպաստ:

Ստուգմամբ պարզվել է, որ ՏԻՄ-ի կողմից ընտանիքի կազմի մասին տրված 2007-2008թթ. տեղեկանքներում եւ քաղաքացու կողմից լրացրած դիմում-հայտարարագրերում նշված տվյալները չեն համապատասխանում ընտանիքի աղքատությունը բնութագրող իրական ցուցանիշներին:

Ս. Ջհանգիրյանի որդին՝ Արաբո Ջհանգիրյանը, փաստացի բնակվում է Աբովյան քաղաքի Էլարի փողոցի 1 նրբանցքի 5-րդ տանը՝ Ս. Ջհանգիրյանի ծնողների հետ (առկա են թիվ 1 միջն. դպրոցի, պոլիկլինիկայի, թիվ 1 թաղ. լիազորի տեղեկանքները):

Ս. Ջհանգիրյանը՝ ըստ իր գրավոր հայտարարության, շուրջ 10 տարի համատեղ բնակվում է Յուրա Հովհաննիսյանի հետ: Վերջինս 2007-2008թթ. աշխատել է «Կարեն Սարգսյան» Ա/Ձ –ում՝ տաքսու վարորդ: Իր կողմից ներկայացրած դիմում-հայտարարագրերում եւ ՏԻՄ-ի տրամադրված տեղեկանքներում նշված չեն Յ. Հովհաննիսյանի մասին տվյալները: Այսինքն՝ եթե Ս. Ջհանգիրյանը ընտանիքի կազմի, եկամուտների եւ ընտանիքի աղքատությունը բնութագրող այլ ցուցանիշների վերաբերյալ ներկայացներ հավաստի տեղեկություններ, ընտանիքը ձեռք չէր բերի ընտանեկան նպաստ ստանալու իրավունք:

Ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու արդյունքում ընտանիքը 2007-2009 թվականներին ստացել է 349.000 դրամ ընտանեկան նպաստի գումար: Գումարներն ամբողջությամբ ենթակա են վերադարձման, սակայն ավել գումարների վճարման հանգամանքի հայտնաբերման ամսվան նախորդած 1 տարվա ընթացքում ստացած ավել գումարի չափից ոչ ավելի, հաշվարկվել է վերականգնման 139.500 դրամ գումար:

Թերթում նշված՝ Ս. Ջհանգիրյանի այն հայտարարությունը, որ 6 ամիս դադարեցրել են նրա ընտանեկան նպաստի վճարումը՝ չի համապատասխանում իրականությանը, նրան վճարվել է ընտանեկան նպաստ նշանակված բոլոր ամիսների համար:

2009թ. նոյեմբեր ամսին դադարեցվել է Ս. Ջհանգիրյանի ընտանիքի ընտանեկան նպաստի վճարումը՝ փաստագրման ժամկետի լրանալու պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել