Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵ՛Ր, ՊԱՏՐԱՍՏՎԵՔ ՑՈՒՅՑԵՐԻ

Փետրվար 24,2010 00:00

\"\"Կառավարությունը որոշել է սոցքարտերը հանել եւ նոր քարտեր բաժանել ժողովրդին, այս անգամ՝ առանց «666» թվերի:

«Սոցքարտերը շմոլ գազի նման մի բան են: Այն չունի գույն, չունի հոտ, բայց դրա ազդեցությունը կործանարար է լինում մարդկանց համար». տարիներ առաջ, երբ Հայաստանում կատարվում էր սոցիալական քարտերի պարտադիր ներդրման ցավոտ գործընթացը, այսպիսի սենսացիոն հայտարարություն արեց Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը՝ ասելով, որ «Դրա մեջ ոչ մի անհարմար բան չկա, եթե սխալ ենք կիրառում, պետք է ընդունենք այն ու ետ կանգնենք այդ ճանապարհից»: Վ. Խաչիկյանի ասածը սենսացիոն էր այն առումով, որ նա ինքն էլ սոցիալական քարտերի անհրաժեշտությունը քարոզողների շարքում լինելով՝ հասկացել էր, որ այդ քարտերը լրիվ անիմաստ բաներ են՝ թյուրիմացություն են եւ չարժե այն պարտադրել մեր քաղաքացիներին, խախտելով Սահմանադրությունը՝ զրկել թոշակառուներին իրենց հասանելիք կենսաթոշակից:

Այնուամենայնիվ, մեր կառավարությունը շատ հավատացյալների դռնեդուռ գցելով, թոշակառուներին՝ թոշակ, աշխատողներին՝ աշխատավարձ չտալու միջոցով, մեր քաղաքացիներին ստիպեց վերցնել այդ, այսպես ասած՝ «չիպերը», հավատացնելով, որ դրանք կծառայեն որպես էլեկտրոնային դրամապանակ՝ դժբախտ պատահարների, ապահովագրական ռիսկ առաջանալու դեպքերում, ինչպես նաեւ քաղաքացուն կազատեն փաստաթղթային տարատեսակ քաշքշուկներից: Հաշվի առնելով, որ 2004-ից արդեն մեր երկրում լիարժեք ներդրվել էր սոցքարտերի համակարգը, կարելի է փաստել, որ վերջին 6 տարիների ընթացքում այդ քարտերը մեզ՝ քաղաքացիներիս համար ոչ մի բանի էլ չեն ծառայել: Ես, օրինակ, երեխա եմ ունեցել եւ նրա համար ծննդական եմ հանել, այնուհետեւ ստացել եմ երեխայի միանվագ նպաստ եւ որպես աշխատող մայրիկ՝ նաեւ ամսական նպաստ, սակայն այդ ամբողջ փաստաթղթային քաշքշուկների մեջ մտնելիս երբեւէ սոցքարտը ոչ մի բանի պետք չի եկել, ավելին՝ այն ծառայել է որպես եւս մեկ ավելորդ փաստաթուղթ, որը պահանջել են ներկայացնել անձնագրի, ամուսնության վկայականի եւ այլ փաստաթղթերի հետ:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ սոցքարտերի ներդրման ծրագրի սկզբնական փուլում միայն մեր կառավարությունը պետբյուջեից արդեն ծախսել էր 450 հազար դոլար: Ուստի այն հանգամանքը, որ անգամ իշխանության ներկայացուցիչներն են ընդունում, որ սոցքարտերը եղել են թյուրիմացություն, պարզ է դառնում, որ բյուջեի գումարները մսխվել են ինչ-որ անհեթեթ «չիպերի» համար, որոնք ոչ մեկին ոչինչ չեն տվել: Հիշենք, թե ինչպես էին սոցքարտերի ներդրման դեմ պայքարող թոշակառուներն ու հավատացյալները օրերով ձմռան ցրտին ԱԺ-ի ու կառավարության շենքի մոտ ցույցեր, գործադուլ ու հացադուլ անում՝ խնդրելով, որ գոնե «շտրիխ կոդը հանեն, 666 թվերը ջնջեն, որպեսզի իրենք չդառնան ռոբոտ ու ինքնակառավարումից դուրս գան, կարողանան վերցնել այդ չիպերն ու թոշակ-աշխատավարձ ստանան»: Այդ հիշողությունները շուտով թարմանալու են, այս անգամ՝ «Հանրային ծառայությունների համարանիշ» կոչվող նորամուծության համար, որը մեր կառավարությունն առաջարկում է ներդնել՝ որպես սոցքարտերի փոխարինող: Կառավարությունն այդ նախագիծն արդեն մտցրել է ԱԺ օրակարգ: Ըստ այդ նոր օրինագծի, ՀՀ քաղաքացիների վրա 10 նիշից բաղկացած եւս մի համարանիշ պետք է «փակցնեն»՝ իրենց անհատական տվյալների՝ սեռի, ծննդյան oրվա, ամuվա, տարեթվի հիման վրա, որը պետք է պարունակի նաեւ եռանիշ համար եւ ճշգրտող մեկ նիշ: Հանրային ծառայությունների համարանիշը եզակի պետք է լինի եւ փոփոխման ոչ ենթակա: Կառավարությունը գտնում է, որ այդ համարանիշը մեր ծննդյան վկայականում, նույնականացման քարտում, օտարերկրյա քաղաքացու կացության քարտում ամրագրվելուց հետո կօգնի, որ պետական մարմինների, պաշտոնատար անձանց հետ գործ ունենալիս՝ փաստաթղթային քաշքշուկներ չլինեն: Այդ օրենքն ուժի մեջ մտնելու պահից կառավարությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքը՝ հիմնավորելով, որ «Մինչ օրս սոցիալական քարտի համարն օգտագործվում է քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի իրականացումն ապահովելու նկատառումներով: Սակայն առանց ձեւական պահանջների չարաշահման (օրինակ, երբ քաղաքացուց պահանջվում է ներկայացնել զանազան բնույթի տեղեկանքներ) անձին հանրային ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունն առկա է ոչ միայն սոցիալական ապահովության, այլեւ՝ պետական եւ համայնքային կառավարման այլ ոլորտներում»: Կառավարությունը հիմա էլ փորձում է համոզել, որ հանրային ծառայությունների համարանիշը ՀՀ քաղաքացու ինքնությունը հավաստող հիմնական փաստաթղթում՝ նույնականացման քարտում ամրագրելով, ծառայելու է որպես անհատական տվյալների իդենտիֆիկատոր: Իհարկե, ոչ մի կասկած չկա, որ ինչքան սոցքարտերը մեզ համար ծառայեցին որպես էլեկտրոնային դրամապանակ, այնքան էլ այդ նոր համարանիշը կդառնա անհատական տվյալների իդենտիֆիկատոր: Սակայն հատկապես հավատացյալների անհանգստությունը մեղմելու համար նշենք, որ օրինագծում կառավարությունն արձանագրել է, որ հանրային ծառայությունների համարանիշը ձեւավորելիu «6» թիվը չի կարող հաջորդաբար երեք անգամ կրկնվել, այսինքն՝ այս օրենքով բացառվում է սատանայական «666» թվերի առկայությունը անհատական տվյալների բազայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել