Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՄԱՆԿԱՏՈՒՆ ԳՆԱԼ»

Փետրվար 24,2010 00:00

Հորաքույրը՝ ընդդեմ զարմիկների, հանուն բնակարանի

\"\"
9-ամյա Նունեն եւ 2-ամյա Գոռը:

Երկկողմանի ծնողազուրկ 9-ամյա Նունե Թոմոյանի խնամակալության՝ հորեղբոր ընտանիքին խնամակալ նշանակելու հարցը արդեն որերորդ անգամ Վանաձորի անչափահասների խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը հետաձգում է փաստաթղթերի բացակայության պատճառով: Թերի թղթաբանությունը մի քանի պատճառ ունի, Վանաձորի թիվ 2 պոլիկլինիկան հորեղբորը չի տրամադրում առողջության մասին տեղեկանք, Նունեի հորաքույրը՝ Աիդա Ղազախեցյանն է անընդհատ հանձնաժողովում աղմուկ-աղաղակ բարձրացնում, թե Նունեն ապահով կլինի միայն մանկատանը: Հանձնաժողովը, հաշվի առնելով, որ Նունեի խնամքով, մինչեւ մոր մահանալը, զբաղվել է հորեղբոր կինը՝ Ալինա Բաղրամյանը, եւ աղջիկը կապված է ընտանիքին, հատկապես հորեղբոր երկամյա փոքրիկ Գոռին, խնամքը ժամանակավորապես հանձնել է նրանց:

Նունեի հորեղբայր Տիգրան Թոմոյանը արցախյան ազատամարտի նվիրյալներից է, Արցախը իր հայրենիքն է համարում, երկար տարիներ հենց այնտեղ էլ ապրել է: Պատերազմը վնասել է առողջությունը, այսօր նա 2-րդ կարգի հաշմանդամ է՝ կոնտուզիա է ստացել, վթարի ենթարկվելով՝ գանգոսկրի վնասվածք է ստացել, որից էլ օգտվելով, նրա քույրը՝ Աիդա Ղազախեցյանը փոքրիկ Նունեին ամեն գնով փորձում է մանկատուն գցել, պատճառաբանելով, թե Նունեի կյանքն ու առողջությունը հորեղբոր ընտանիքում վտանգված են: Բայց Տիգրանը այժմ առողջ է, ՀՀ կառավարության թիվ 517 որոշումով ընդունված վտանգավոր հիվանդությունների շարքում՝ նրա նախկին հիվանդություններն էլ գրանցված չեն: Ու զարմանալի եւ տարակուսելի է թիվ 2 պոլիկլինիկայի կեցվածքը՝ փաստաթուղթ չտրամադրելը. «Երբ ընդամենը կարելի է գրել. ընտանիքը համապատասխանում կամ չի համապատասխանում երեխայի խնամքի համար, այս անիմաստ քաշքշուկի պատճառն անհասկանալի է, հոգեբանական ծանր վիճակի մեջ է դնում բոլոր կողմերին»,- իր զարմանքը չի կարողանում թաքցնել Վանաձորի անչափահասների, խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը:

Երեխայի շահերի պաշտպան «Օրրան» կազմակերպությանը՝ ոչ այնքան պետական մարմինների սառնասրտությունն է զարմացնում, որքան աղջկա հարազատ հորաքրոջ պահվածքը: Կազմակերպությունը այժմ փորձում է Նունեի հորեղբոր առողջության մասին վկայական ձեռք բերել պոլիկլինիկայից, բայց համոզված չէ, թե Նունեի հորաքույրը նոր սկանդալներ չի սարքի: Կազմակերպության անդամները ամեն անգամ զարմանում են, թե ինչպես է Աիդա Ղազախեցյանը հասցնում իրենցից մի քայլ առաջ վեճեր սարքել այս կամ այն օղակում: Վեճերը, եղբոր առողջությամբ ու երեխայի ճակատագրով իբր մտահոգվելը ու Նունեին մանկատուն ուղարկելու անզուսպ ցանկությունը Աիդա Ղազախեցյանի համար մի նպատակ ունեն՝ քաղաքի կենտրոնում, Գրիգոր Լուսավորչի 6/7 հասցեում գտնվող Նունեի հայրական տունը տնօրինելը:

9-ամյա աղջկա հայրը տարիներ առաջ սպանել է իր հորը, եւ արդեն բանտում հասկանալով արածը՝ ինքնասպան է եղել: Մայրը մահացել է այս տարվա հունվարի 4-ին, լյարդի հեպատիտից եւ խախտվել է նախնական պայմանավորվածությունը, ըստ որի՝ քաղաքի կենտրոնում գտնվող տունը պետք է վաճառվեր եւ գումարը բաժանվեր երեք մասի՝ Նունեի մոր, հորաքրոջ եւ հորեղբոր միջեւ: Այժմ հորաքույրը, որ ապրում է Վանաձորի ոչ երկրաշարժի պատճառով անօթեւան մնացած քաղաքացիներին տրված Երեւանյան խճուղու 90 հասցեում գտնվող հանրակացարանում՝ քաղաքի ծայրամասում, ամեն գնով փորձում է խոչընդոտել երեխայի խնամակալությունը հորեղբորը հանձնելու գործը: Բնակարանը ձեռք բերելով՝ նա կազատվի մի մեծ խնդրից, իր ընտանիքը, միակ աղջիկն ու փեսան հիմնական տանիք կունենան՝ 9-ամյա աղջկան անմարդկային տառապանքներ պատճառելու գնով: Սա այն դեպքում, երբ Վանաձորի քաղաքապետարանը նախաձեռնել եւ իրականացնում է անօթեւաններին բնակարանով ապահովելու ծրագիր՝ Տարոն թաղամասի կիսակառույցները տեսքի են բերվում եւ բնակարան դառնում: Բայց Տարոն թաղամասն էլ ծայրամաս է, իսկ հորաքույր Աիդային, ըստ երեւույթին, միայն կենտրոնն է գրավում:

Նունեի շահերի պաշտպանները՝ «Օրրան» հ/կ-ն եւ Վանաձորի անչափահասների խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը փորձում են կանխել երեխայի մուտքը մանկատուն: Նունեն ինքն էլ չի պատկերացնում իրեն այլ ընտանիքում եւ առանց «Օրրանում» ձեռք բերած ընկերների: Նա շատ է սիրում ու շատ կապված է հորեղբոր երկամյա որդու հետ: Այդ սերը փոխադարձ է, նույնիսկ հանձնաժողովի նիստի ժամանակ փոքրիկ Գոռը առանց Նունեի ոչ մեկի մոտ չի մնում: Նունեի՝ հորեղբոր ընտանիքում ապրելը ավելի շատ ուրախացնում է հորեղբոր կնոջը՝ Ալինային. «Ես արդեն տարիքով մեծ եմ, էլ երեխա չեմ կարող ունենալ, Նունեին կպահեմ իմ հարազատ աղջկա պես, երկու երեխա կունենամ, լավ ընտանիք կդառնամ»:

Ու մինչ փաստաթղթային անհարթությունները ու շիլաշփոթը քրիստոնեական տեսքի կգան, Աիդա հորաքույրը հասցրել է սեփականաշնորհել Նունեի բնակարանը, նաեւ մի մեծ «լավություն է արել»՝ եղբոր ընտանիքին ժամանակավորապես թույլատրել է բնակվել այնտեղ՝ մինչեւ բնակվելու հարմար տեղ գտնելը: Քանի որ բնակարանի վրա արգելանք է եղել՝ Վանաձորի քաղաքապետարանը սեփականաշնորհման գործընթաց չի իրականացրել: Ավելին, հորաքույրն այդ բնակարանում գրանցված չի եղել, արգելանքը հանվել եւ բնակարանը սեփականաշնորհվել է դատարանի վճռով:

Թե ինչ խղճով է Աիդա հորաքույրը ապրելու այդ տանը եւ ինչպես է փողոցում թողնելու երկու եղբայրների երկու անչափահաս երեխաներին, միայն ինքը գիտի: Իսկ 9-ամյա Նունեն, որ այս ամենից բան չի հասկանում, միայն մի բանում է համոզված, որ մանկատուն չի գնալու եւ ապրելու է այնտեղ, որտեղ հորեղբոր ընտանիքը կապրի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել