Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏՏՈՒՐՔ՝ ՇԱՆ, ԿԱՏՎԻ, ՃԱՆՃԻ ՈՒ ՄԿԱՆ ՀԱՄԱՐ

Փետրվար 24,2010 00:00

Երեւանի ավագանին նոր դրամահավաք է սկսել, այս անգամ՝ ընտանի կենդանիներ պահելու համար

Երեւանի քաղաքապետարանը որոշել է նեղել մայրաքաղաքի կենդանասեր հասարակությանը: Նրանք, ովքեր սիրում են իրենց տանը շուն, կատու պահել, մատաղի համար գառ մեծացնել կամ ցանկացած ընտանի կենդանի ունենալ, պետք է պետությանը տուրք վճարեն՝ 5000 դրամ: Այդպիսի որոշում է կայացրել Երեւանի ավագանին՝ 2010թ. տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը սահմանելիս: Այն, որ Սարի թաղի իր սեփական տան բակում հավ պահող կամ Չարբախում մի քանի կով ունեցող քաղաքացիներից պահանջում են պետտուրք՝ ինչ-որ տեղ կարելի է հասկանալ. այդ կենդանիները գուցե աղտոտում են միջավայրը կամ արածում ու քուջուջ են անում մայրաքաղաքի զուլալ, մաքրությունից փայլող փողոցներում, բայց ոչ մի կերպ չի բացատրվում, թե մայրաքաղաքին ինչ վնաս են տալիս տանը պահվող, շատ մարդկանցից ավելի հաճախ լողացող մեր հավատարիմ փափկամազիկ բարեկամները: Շատ թոշակառուներ արյան ճնշման խնդիրները կարգավորելու համար իրենց տանը կատու են պահում, ուրեմն ի՞նչ, քաղաքապետարանը որոշել է այդ թոշակառուների ճնշումը բարձրացնել ու կատուներին տներից հանե՞լ: Ի վերջո, չկա որեւէ լծակ՝ մարդուն պարտադրելու, որ հանի ու դուրս շպրտի իր պահած-մեծացրած շանը, նա արդեն տան անդամի պես է: Հարցը նույնիսկ 5000 դրամը չէ, տարօրինակ է մեր պետության մտածելակերպը, թե որտեղից ու ինչի համար կարելի է պետտուրք գանձել, ինչի համար՝ ոչ: Եթե ընտանի կենդանիների համար 5000 դրամ են ուզում, ապա որքա՞ն գումար պետք է վճարեն առյուծ պահողները: Եվ հետո, եթե ես իմ տանը սուսուփուս շուն պահեմ ու ոչ պետտուրք վճարեմ, ոչ էլ պատկան մարմիններին հայտնեմ շանս մասին, ի՞նչ պետք է իմանան, որ ես շուն ունեմ ու ո՞վ պետք է ինձ կախի, եթե չվճարեմ: Պարզ է, որ ավագանու այդ որոշումը լուրջ չէ եւ անկապ տեղից գումար պոկելու հերթական խնդիրն է լուծում. ով կտա՝ կտա, ով ոչ՝ «ջանը սաղ լինի»: Հայտնի է, որ ապրիլից գազը թանկանում է, ինչի հետեւանքով թանկանալու են մի շարք պարենային ու ոչ պարենային ապրանքներ, մարդիկ այս տարի մի կերպ գոյատեւելու են ու այս նեղ պահին քաղաքապետարանի՝ շուն ու կատվի համար փող ուզելը, մեղմ ասած՝ զավեշտի է նման: Նույն սկզբունքով հարկայինը շուտով ՀԴՄ կտեղադրի գյուղերից կաթ-մածուն բերող ու քաղաքում իրացնող կանանց վրա, կպահանջի մայրաքաղաքի օդը շնչելու համար հարկ վճարել, քաղաքապետարանը կպահանջի կենտրոնական փողոցներով քայլելու համար տուրք վճարել, տանը հայտնված առանց պետհամարանիշների ճանճի համար տուգանք մուծել եւ այսպես շարունակ:

Ավագանու այդ որոշումը եթե իրականացվի էլ, չի կարող արդարացի լինել, որովհետեւ ոչինչ հստակեցված չէ: Օրինակ, տուզիկ պահողը եւ «բուլդոգ» պահողը նո՞ւյն գումարը պետք է վճարեն, կամ արդարացի՞ է, որ գառ կամ ոչխար պահողն էլ 5000 դրամ վճարի, էշ պահողն էլ:

Բնապահպանության նախարարությունը հաստատում է, որ ձուկը ընտանի կենդանի չէ, սակայն այսօր շատերի բնակարաններում ակվարիումներ կան, եւ մարդիկ իրենց հանգստության ու հաճույքի համար ձուկ են պահում: Քաղաքապետարանը գտնում է, որ մարդիկ իրավունք չունեն Երեւան քաղաքում այդ հաճույքն ունենալ եւ դրա համար պետք է կա՛մ պետտուրք վճարեն, կա՛մ ընդհանրապես ձուկ չպահեն: Հակառակ դեպքում պատկան մարմինները տուն առ տուն կմտնեն ու ակվարիումը հայտնաբերելու դեպքում մի կլորիկ գումարով կտուգանեն քաղաքացուն՝ ըստ ակվարիումի ձկների քանակի, որակի ու գույնի:

Առանց այդ էլ հայերն առանձնապես կենդանասեր չեն, եւ եթե մեր հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր խղճում են ու փողոցներից տուն են տանում շների, կատուների, ավագանու որոշումից հետո փողոցներում իսկական շնանոց կլինի: Իբր քաղաքապետարանը կարողանում էր պայքարել թափառող շների դեմ, հիմա է՛լ ավելի է նպաստելու նրանց բազմացմանն ու տարածմանը: Մեր շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ իրենց իմիջի համար շունիկներ ու այլ ընտանի կենդանիներ են պահում: Նրանք հաճախ են հեռուստաեթերներում եւ հասարակության մեջ իրենց «տան անդամներին» գովազդում, ուստի քաղաքապետարանը «փող հավաքելու» գործընթացը կարող է սկսել հենց նրանցից: Նրանք հաստատ չեն կարող խաբել քաղաքապետարանին ու տուրքը չտալ: Հետաքրքիր է իմանալ, թե որքան պետտուրք պետք է վճարի երգչուհի Սիլվա Հակոբյանը՝ իր դաշտամկան համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել