Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՐԳՈՐԾՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՉ ՄԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԿԱ

Փետրվար 24,2010 00:00

Հավաստիացնում են «Սիլ կոնցեռնի» համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյանի պաշտպանները

«Սիլ կոնցեռն» ՓԲԸ համասեփականատեր եւ «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը երեկ հրավիրած ասուլիսում եւս մեկ անգամ փաստեցին, որ փետրվարի 12-ին Սարիբեկ Սուքիասյանին եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշես Ստեփանյանին բերման ենթարկելու, ձերբակալելու, հետո նաեւ նրանց մեղադրանք առաջադրելու նպատակը Սուքիասյանների ընտանիքի ունեզրկումն է. «Բջնիից» հետո նաեւ «Սիլ» ապրանքանիշի հանքային ջուր արտադրող «Բյուրեղ» ՓԲԸ-ն Սուքիասյաններից խլելը: Նրանք ներկայացրին այն օրինախախտումները, որոնք տեղի են ունեցել Սուքիասյանին եւ Ստեփանյանին բերման ենթարկելու պահից սկսած մինչեւ նրանց ձերբակալությունն ու մեղադրանք առաջադրելը, չնայած Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը օրերս հայտարարել էր, թե այդ ընթացքում որեւէ օրինախախտում տեղի չի ունեցել:

Նախ՝ Լուսինե Սահակյանը հերքեց Նազարյանի հայտարարությունը, թե ահազանգը ստանալուն պես ոստիկանությունն անմիջապես մեկնել է «Սիլ»-ի գրասենյակ եւ պարզել է, որ Գ. Դավթյանն իսկապես այնտեղ է գտնվում, որ «նրանք փակված են նույն սենյակում, եւ միջոցներ են ձեռնարկել նրան այնտեղից դուրս բերելու, եւ այդ նույն սենյակում եղել են Սարիբեկը, Արտաշեսը եւ Գոռը», որ գրասենյակից առգրավվել են թղթեր, որոնք, Նազարյանի ասելով, Դավթյանին ստիպել էին ստորագրել: «Նախ, փետրվարի 12-ին գրասենյակից ոչ մի փաստաթուղթ չի առգրավվել: Ինչ վերաբերում է Գ. Դավթյանին, ապա մենք նախաքննական մարմնին ասել ենք, որ կա տեսաձայնագրություն, որտեղ երեւում է, թե ինչ է կատարվել Գոռ Դավթյանի գրասենյակ մտնելու առաջին պահից մինչեւ դուրս գալու պահը»,- ասաց պաշտպանը: Մատնանշված կադրերը լուսանկարների տեսքով փոխանցվեց նաեւ լրագրողներին, որտեղ, րոպե առ րոպե արձանագրվածի համաձայն, Գ. Դավթյանը մինչեւ ոստիկանների ժամանումը «Սիլ»-ի գրասենյակից դուրս էր գալիս միայնակ եւ շատ հանգիստ: «Ն. Նազարյանը հասարակությանը հրամցրել է տեղեկություններ, որոնք այլ կերպ, քան կեղծ, որակել հնարավոր չէ»,- արձանագրեց Լ. Սահակյանը: Նրա ասելով, կան բազմաթիվ անհերքելի ապացույցներ, որ Գ. Դավթյանը երբեք ազատությունից զրկված չի եղել, նրա նկատմամբ ճնշումներ չեն եղել: Ըստ պաշտպանների՝ հարց է, թե իրականում Դավթյանը ե՞րբ է ազատությունից ապօրինաբար զրկված եղել՝ «Սիլ»-ի գրասենյակո՞ւմ, թե՞ ոստիկանության Էրեբունու բաժնում եղած ժամանակ: Ի դեպ, Գ. Դավթյանը եւս կոնցեռնի գրասենյակի բակից փետրվարի 12-ին կալանավորի նման բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին եւ այնտեղ ապօրինաբար պահվել էր մինչեւ փետրվարի 13-ի առավոտյան ժ. 5-ը: «Մենք Գ. Դավթյանին համարում ենք այդ գործով տուժողներից մեկը, որովհետեւ նա ամենավատ վիճակում գտնվողն էր»,- հավելեց Լ. Սահակյանը:

Ինչ վերաբերում է մյուս օրինախ ախտումներին, ապա փաստաբանի մատուցմամբ, նախ՝ «փետրվարի 12-ին, ժ. 16-ի սահմաններում, գրասենյակ են ներխուժել շուրջ 60 ոստիկաններ՝ քաղաքացիական, ոստիկանական, ինչպես նաեւ՝ առանց տարբերանշանների մոխրագույն քողարկող համազգեստներով: Ներխուժումն ուղեկցվել է ոչնչով չարդարացված՝ գույքը ջարդելով, նույնիսկ երբ գրասենյակ ներխուժած ոստիկաններին տեսնելով՝ ընդառաջ դուրս եկած Ս. Սուքիասյանը նրանց անգամ իր աշխատասենյակ է հրավիրել: Սուքիասյանն ու Ստեփանյանը ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել ժ. 16.15-ից մինչեւ 16.20-ը ընկած ժամանակահատվածում, սակայն ոստիկանությունում կազմվել են «անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելու» մասին արձանագրություններ ժ. 18.15-ի եւ 18.45-ի մատնանշմամբ: Ժ. 16.30-ից ոստիկանության Էրեբունու բաժնի մուտքի մոտ կանգնած են եղել Ս. Սուքիասյանի եւ Ա. Ստեփանյանի փաստաբանները, որոնց մինչ ժամը 20.20 րոպեն արգելվել է մուտք գործել բաժին եւ տեսակցել Ս. Սուքիասյանին ու Ա. Ստեփանյանին, ինչը ոչ միայն Սուքիասյանի պաշտպանական իրավունքի, այլեւ ՀՀ Քր. դատ. օր.-ի 1311-րդ հոդվածի 1-ին մասի խախտում է: Գործնականում նրանք ոստիկանությունում պահվել են անգամ բերման ենթարկելու արձանագրություններում նշված, իրականությանը չհամապատասխանող ժամերից հաշված 3 ժամը լրանալուց հետո: Ս. Սուքիասյանն ու Ա. Ստեփանյանը շարունակել են ապօրինի անազատության մեջ պահվել անգամ, երբ ժամը 22-ի սահմաններում, հրաժարվելով բացատրություններ տալ, արձանագրության մեջ զետեղել են իրենց ապօրինի անազատության մեջ գտնվելու մասին հայտարարությունն ու անհապաղ ազատ արձակելու պահանջը»: «Մարդուն ապօրինաբար ազատությունից զրկելը քրեորեն հետապնդելի արարք է, մինչդեռ ոչ ոք չի էլ պատրաստվում այդ փաստի առնչությամբ քրգործ հարուցել: Մենք այդ կապակցությամբ գործողություններ ենք ձեռնարկելու»,- երեկ հայտարարեց տիկին Սահակյանը:

Լ. Սահակյանն արտառոց համարեց նաեւ փետրվարի 13-ին Ս. Սուքիասյանի աշխատասենյակում կատարված «ակնհայտ ապօրինի» խուզարկությունը, որի առնչությամբ պաշտպանական կողմը պատրաստվում է բողոք ներկայացնել: Քննիչ Ա. Պետրոսյանը ներկայացրել է խուզարկություն կատարելու թույլտվության մասին դատարանի որոշումը, որից պարզվել է, որ դատարանը թույլ է տվել խուզարկություն անել միանգամայն այլ հասցեում, բայց քննիչը իր ձեռքով ջնջել է դատարանի որոշման ներածական մասում «Մ. Խորենացու» բառը եւ ձեռագիր գրել է «Տ. Մեծ», որը եւս չի համապատասխանել ճիշտ հասցեին, ստորագրել, ապա իրականացրել է ապօրինի խուզարկությունը, հետո էլ առգրավել էր գրասենյակում գտած պաշտպանների՝ մամուլի համար պատրաստված հայտարարությունը, որը հանդիսանում է փաստաբանական գաղտնիք, եւ որը լրամշակվելուց հետո պետք է տրամադրվեր ԶԼՄ-ներին, նաեւ այն համակարգիչը, որով հավաքվել էր այդ հայտարարության տեքստը: Սրանք երեկ պաշտպանների կողմից ներկայացված օրինախախտումների միայն չնչին հատվածն էին: Իսկ գործնականում, Լ. Սահակյանի ձեւակերպմամբ, այս քրգործով չկա մի փաստաթուղթ, որը կազմված լինի օրենքի պահանջներին համապատասխան, թեեւ Երեւանի ոստիկանապետը պնդում է, թե նախաքննությունն ընթանում է օրենքի պահպանմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել