Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՂ-Ն ՉԻ ԼԻՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

Փետրվար 24,2010 00:00

«Հայաստան-Թուրքիա հարաբերություններում Հանրապետականի կարծիքն անփոփոխ է. մենք պատրաստ ենք վավերացնել արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո: Այսօր անհիմն հայտարարություններով հանդես եկավ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերկանը: Նա նշել է, որ միջազգային փորձագետները պետք է գնահատեն Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, եւ պետք է լուծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրը: Թուրք խորհրդարանականին տեղեկացնեմ, որ միջազգային բազմաթիվ փորձագետներ, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, բազմիցս նշել են, որ ՍԴ վճիռը կանաչ լույս է սփռում վավերացման համար, եւ որեւէ նախապայման չկա այնտեղ։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա այստեղ պետք է վկայակոչեմ 1993թ. ՄԱԿ-ի 4 բանաձեւերը, որտեղ պարզ գրված է, որ կոնֆլիկտի կողմերը ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանն են, այլ Ադրբեջանն ու ԼՂՀ-ն: Ուստի՝ միջազգային հանրության առջեւ ծիծաղելի վիճակում չհայտնվելու համար կհորդորեի խոսելուց առաջ ուսումնասիրել գոյություն ունեցող փաստերը: Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ նախագահը նշեց, որ ԼՂՀ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, իսկ ԼՂ խնդրի կարգավորումը պետք է լուծվի Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության միջոցով: Դրան հաջորդեց Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական արձագանքը, որն այնքան անհեթեթ էր, որ ավելի շատ հիշեցնում էր արտգործնախարարության պահակի զեկույց: Կարծում եմ՝ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է դուրս գա նավթային կոմայից եւ մեկընդմիշտ հասկանա, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում երբեք չի լինի: Ավելի շուտ երկինքը կիջնի գետնին, քան ԼՂՀ-ն կմտնի Ադրբեջանի կազմի մեջ»,- երեկ ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել