Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեմկուսի նոր շարժումը

Փետրվար 24,2010 00:00

«ՀԴԿ-ն պատրաստակամ է սոցիալիստամետ բոլոր ուժերի հետ միասին վերսկսել պայքարը՝ հանուն երկրում արդարության հաստատման, սոցիալական բեւեռացումը վերացնելու եւ ժամանակի թելադրանքով համակարգային փոփոխություններ իրականացնելու»,- ասված է Հայաստանի դեմոկրատական կուսակցության երեկ տարածած հայտարարության մեջ: Իսկ հրավիրած ասուլիսում Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանն ի պատասխան լրագրողների դիտարկման, թե՝ սոցիալիստամետ ՀՅԴ-ն տակավին վերջերս դեռ իշխանական կոալիցիայի անդամ էր, իսկ մեկ այլ սոցիալիստամետ՝ ՍԴՀԿ-ն, ՀԱԿ անդամ է՝ նկատեց. «Ես խոսում եմ բոլոր սոցիալիստամետ ուժերի մասին՝ անկախ նրանց քաղաքական սիմպատիաներից: Կհամաձայնեն՝ լավ, չեն ուզի՝ խնդիր չկա, բայց մենք մեր սկզբունքներից ետ չենք կանգնելու»: «Ոչ ոք չզարմանա, որ այս մարտի 1-ին ժողովուրդը գնա հանրահավաքի: Դժգոհ ժողովրդի համար միեւնույն է՝ ով է հանրահավաքի հրավիրում»,- ասում է Գասպարիչը՝ փաստելով, որ ՀՀ-ում դրական որեւէ տեղաշարժ հնարավոր չէ, քանի դեռ չի փոխվել իշխանության գաղափարախոսությունը. «Նեոլիբերալիզմի վախճանին չեն հավատում միայն ՀՀ իշխանությունները»:

Վերջերս ռուսական «Վերսիա» ինտերնետային կայքում հրապարակվել էին Հայաստանում ստվերային տնտեսության մասին տեղեկություններ: Ասվել էր, թե ՀՀ-ում իրականանում է նարկոթրաֆիքինգ, ոսկեղենի եւ թանկարժեք քարերի մաքսանենգություն, եւ որ դա վերահսկվում է ՀՀ ներկա եւ նախկին նախագահների կողմից: Հրապարակվել է նաեւ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ու նրանց հարազատներին պատկանող ունեցվածքի ցանկը: Ըստ Արամ Գասպարիչի՝ մեր իշխանություններն այսօր զգալիորեն կախված են արտաքին ուժերից, եւ երբ փորձում են ինքնուրույն որեւէ քայլ անել՝ հայտնվում են բացահայտման փաստի առաջ. «Դա խայտառակություն է: ՀՀ իշխանությունները պարտավոր են հերքել կամ բացատրություն տալ: Եթե համոզեն, որ իրենք չունեն այդ միլիարդները, կփորձենք նրանց հավատալ, մինչդեռ առ այսօր լռում են: Դա նշանակում է, որ հրապարակվածն իրականություն է: Հայաստանում անհնար է օրինական ճանապարհով այդպիսի հարստություն ձեռք բերել: Դա կարելի է անել միայն պետությունից թաքցնելով, գողանալով, բյուջեն չհամալրելով»: «Մասնագիտական վերլուծությունը վկայում է, որ «ստվերի» տոկոսը, պաշտոնական տվյալներով, կազմում է 40%, փաստացի՝ մոտ 70%: Ունենալով բյուջեն համալրելու նման ահռելի ներքին ռեսուրս՝ ՀՀ կառավարությունը հույս է դրել միայն արտաքին վարկերի, մասնավոր տրանսֆերների եւ փոքր ու միջին բիզնեսը հարկման ծանր բեռի տակ դնելու վրա: Այնինչ միայն «ստվերը» գոնե 30%-ով կրճատելով՝ կարելի է հրաժարվել արտաքին վարկերի առնվազն 1/3-ից, որի բեռն արդեն իսկ հասել է ՀՆԱ-ի 46%-ի: Երկիրը սնանկ հայտարարելուց մեկ քայլ է բաժանում: Բավական է արձանագրվի տնտեսության եւս 5%-ի անկում, որպեսզի ՀՀ-ն կորցնի իր ինքնուրույնությունը, դառնա անվստահելի գործընկեր»,- ասված է Դեմկուսի հայտարարության մեջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել