Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննարկում են նախագիծ, որի կարիքը չկա

Փետրվար 24,2010 00:00

Ազգային ժողովը երեկ սկսեց քննարկել կառավարության ներկայացրած «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախաձեռնությունը: Այն ներկայացրեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը տեղեկացրեց, թե Հայաստանի Հանրապետությունը, ըստ «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի՝ ցանկացած ժամանակ՝ մինչեւ իր ստորագրած պայմանագրի ուժի մեջ մտնելը, իրավունք ունի չդառնալ այդ պայմանագրի մասնակից՝ դրա մասին հստակ կերպով հայտնելով իր մտադրությունը: Սակայն այդ իրավունքի իրականացման ընթացակարգերը մեր օրենսդրությունում մինչ այժմ նախատեսված չեն: Անհրաժեշտ ճկունություն ապահովելու տեսանկյունից՝ նպատակահարմար է համարվել նախատեսել ոչ միայն կնքման ընթացակարգերի դադարեցման, այլեւ կասեցման հնարավորություն:

Այս նախաձեռնությունն ուղղակիորեն առնչվում է հայ-թուրքական արձանագրությունների դադարեցման հնարավորությանը։ Սակայն որքան էլ զարմանալի է՝ քննարկման ընթացքում որեւէ դաշնակցական հարց չուղղեց ԱԳ նախարարին կամ հարակից զեկուցողին եւ ոչ էլ հերթագրվեց ելույթի համար:

Երեկ հնչած ելույթներից առավել ուշագրավ էին անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանի դիտարկումները: Նա անհրաժեշտություն չի տեսնում, որ հայ-թուրքական արձանագրությունների կասեցման կամ դադարեցման հետ կապված փոփոխություններ կատարվեն հիշյալ օրենքում: «Կարծում եմ, ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը լիարժեք է ցանկացած տիպի պայմանագրի հետ իրականացվող գործընթացի համար,- պնդեց պրն Թորոսյանը:- Կարող եմ ընդամենը մի օրինակ բերել: Նայեք այս քառօրյայի օրակարգը եւ այնտեղ կտեսնեք մի պայմանագիր, որը կոչվում է «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիա: Այդ փաստաթուղթը մեր խորհրդարան է եկել 2003 թվականին: Այսինքն՝ 7 տարի է, ինչ այն այստեղ է: Եվ ակնհայտ է, որ այդ փաստաթղթի վավերացումը՝ թեկուզ դրա մասին հայտարարություն չի արված, կասեցված է հայտնի պատճառներով»: Այսպես հիմնավորեց, թե ինչու չկա օրենքով կասեցման հնարավորություն սահմանելու անհրաժեշտություն. «Ինչ վերաբերում է կասեցման հետ կապված քաղաքական դրդապատճառներին կամ հիմնավորումներին, ապա դրանք հեշտ է անել հայտարարությունների միջոցով՝ այնպես, ինչպես արվում է տարբեր երկրներում: Վստահ եմ, որ մեր օրենսդրությունը որեւէ ձեւով չի սահմանափակում հանրապետության նախագահի լիազորությունները, նաեւ որեւէ պայմանագրի գործընթացը դադարեցնելու հետ կապված»:

Տիգրան Թորոսյանի կարծիքով՝ ընդամենը մի նպատակ ունի այս նախագիծը. «Երկրի նախագահն ասել է, որ հատուկ մեխանիզմ պետք է դրվի այս օրենքի մեջ: Դա արվում է»: Սակայն եւս մեկ անգամ ընդգծեց. «Ես ավելի քան համոզված եմ, որ այս նախագծի կարիքը բացարձակապես չկա»:

Քննարկումը կշարունակվի այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել