Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 23,2010 00:00

Որը, անշուշտ, այս անգամ էլ կներվի

Հասմիկ Պողոսյանի իրականացրած մշակութային քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում կամ, ինչպես ինքն է սիրում անվանել՝ «ներքին դաշտում» վերջին ժամանակներում շոշափելի (իր սիրելի արտահայտությունն է) դառնալու համար միտված է ներկայանալ միջազգային կառույցների հռչակած ուղենիշներին համահունչ: Այդօրինակ կառույցներից առաջինն իր կողմից հաճախ հիշատակվողը ՅՈՒՆԵՍԿՕ-ն է: Օրինակ, նախարարության www.mincult.am կայքում փետրվարի 19-ին զետեղվել է հաղորդագրություն՝ «Փետրվարի 19-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է գիրք նվիրելու օր» վերտառությամբ: Ու քանի որ մեկ անգամ չէ, որ այս նախարարության պրոֆեսիոնալիզմը գերազանցել է միջազգային չափորոշիչները, որոշեցինք զննել նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքը՝ www.unesco.org-ը նույնպես: Փետրվար ամսվա ժամանակացույցում այդպես էլ չգտանք ամսի 19-ի վերաբերյալ որեւէ հայտարարություն: Փոխարենը կազմակերպության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2000 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը նշում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: Այս տարի այդ օրը անդամ-երկրները նշում են 2010-ը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Մշակույթների մերձեցման միջազգային տարի հռչակելու համատեքստում: Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ հանդես գալով օրվա խորհուրդը շեշտադրող ուղերձով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան էլ նշել է. «Լեզուներն ըստ էության հանդիսանում են միմյանց հասկանալու միջոց, հանդուրժողականության հաղորդիչներ: Առանց որեւէ բացառության, բոլոր լեզուների նկատմամբ հարգանքն է հանդիսանում խաղաղ գոյակցության բանալին…»:

Կարծում ենք, որ մշակույթի նախարարությանը հետաքրքիր կլինի նաեւ իմանալ, որ Մայրենի լեզվի միջազգային օրվա շրջանակում երեկ եւ այսօր Փարիզում ընթանում է «Թարգմանությունը եւ մշակութային միջնորդությունը» գիտաժողովը, որի շրջանակներում կներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունը՝ լեզվաբանության ուղղությամբ. մասնավորապես անհետացման սպառնալիքի տակ գտնվող Լեզուների նոր ատլասը, ինչպես նաեւ նոր մոտեցումներ՝ ուղղված բազմալեզվության խրախուսմանը: Սա Փարիզում, իսկ մեզ մնում է զարմանալ, որ թարգմանական բազմաթիվ միջոցառումներ ֆինանսավորած նախարարությունում չկա միջազգային պաշտոնական կայքերից գրագետ թարգմանություն իրականացնող որեւէ մեկը, ով կկարողանա ապահովել ճշգրիտ տեղեկատվություն: Մնում է մխիթարվել նրանով, որ մշակույթի նախարարության վեբ-կայքը չի խրախուսում բազմալեզվությունը՝ նրա միայն հայերեն տարբերակն է գործում լուրերի «մասով», հետեւաբար ՅՈՒՆԵՍԿՕ-ում իրազեկ չեն դառնա մշակույթի նախարարության «իմպրովիզներին»: Իսկ անգիտությունը, անշուշտ, կրկին կներվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել