Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փետրվար 23,2010 00:00

Երկուշաբթի օրը «Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսն» ու «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցությունը Ադրբեջանում Իրանի դեսպանատան առաջ Բաքվի քաղաքային իշխանությունների կողմից թույլատրված բողոքի ցույց են կազմակերպել: Ադրբեջանական «APA»-ի մատուցմամբ, ցուցարարները, որոնք ձեռքներին ունեցել են Հայաստանի եւ Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Մահմուդ Ահմադինեջադի նկարները եւ «Հայաստանի հետ եղբայրությունը հակասում է իսլամի արժեքներին» գրությամբ պաստառներ, պահանջել են «Ադրբեջանն ու Թավրիզը միավորել»:

Բողոքի ակցիայի ընթացքում հնչել են նաեւ այսպիսի կարգախոսներ՝ «Ռուսները, պարսիկներն ու հայերը թուրքերի թշնամիներն են»: «Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի» մշտական խորհրդի նախագահ Աջար Թաղիաձեն, ելույթ ունենալով, դատապարտել է Իրանի՝ Հայաստանի հետ հարաբերությունները, Իրանի կողմից ադրբեջանցիների դեմ կիրառվող ճնշումներն ու ձերբակալությունները: Ակցիայի մասնակիցները Իրանի դեսպանատանը հայտարարություն են հանձնել, որում պահանջել են ազատ արձակել Իրանում ձերբակալված ադրբեջանցիներին, դադարեցնել Հայաստանի հետ կապերը, վերջ դնել իրանական լրատվամիջոցներում ծավալված հակաադրբեջանական արշավին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 18-19-ը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա էր տեղի ունեցել, եւ news.am-ի մատուցմամբ, ցույցի մասնակիցներն այրել էին Ադրբեջանի դրոշը, դեսպանատան ուղղությամբ ձվեր էին նետել։

Ըստ աղբյուրի, սա միակ միջադեպը չէ, որ գրանցվել է երկու երկրների միջեւ։ Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի՝ Բաքու կատարելիք այցի նախօրեին իրանական «Sahar» հեռուստաալիքը եթեր էր հեռարձակել ադրբեջանական մի տեսահոլովակ, որտեղ պաղեստինցի երեխաների դիակների ֆոնին ցուցադրվել էին կադրեր Իսրայելի եւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հանդիպումներից։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը երկօրյա այցով գտնվում է Իրանում, որտեղ նա հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի եւ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել