Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիայում կալանավորվել է ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետը

Փետրվար 23,2010 00:00

Թուրքիայում ձերբակալվել է այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, Թուրքիայի առաջին բանակի հրամանատար, պահեստազորի գեներալ Էրգին Սայգունը (նկարում): Վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, «APA» գործակալությունը փոխանցում է, որ գեներալը ձերբակալվել է փետրվարի 22-ին, թուրքական ոստիկանության կողմից երկրում ծրագրված հեղաշրջման հետ կապված՝ Անկարայում, Ստամբուլում եւ Իզմիրում իրականացված գործողությունների ժամանակ: Բացի Սայգունից, ձերբակալվել են նաեւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, գեներալ Իբրահիմ Ֆիրտինը, ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալ Օզգեն Օմեկը, պաշտոնաթող գեներալ Էնգին Ալանը, Թուրքիայի առաջին ցամաքային ուժերի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանը ու եւս 10 գնդապետ:

news.am-ն, իր հերթին վկայակոչելով թուրքական «Taraf» թերթը, փոխանցում է, որ թուրքական ոստիկանության համաժամանակյա խուզարկություններն ու ձերբակալություններն իրականացվել են «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի բացահայտման շրջանակներում: Թերթի հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ «Մեծ մուրճ» գործողությունների ծրագիրն իր մեջ ներառել է չորս ծրագիր, որոնց արդյունքում Թուրքիայում պետք է ռազմական հեղաշրջում տեղի ունենար։ Նախատեսված է եղել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթեցնել մզկիթներ, Էգեյան ծովի վրա իջեցնել կործանիչներ՝ դրանով ցույց տալով երկրում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թուլությունը, եւ հեղաշրջում իրականացնել։

«APA»-ի մատուցմամբ, տեղի ունեցած այս ձերբակալությունները ստիպել են Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Իլկեր Բաշբուղին՝ հետաձգել փետրվարի 23-ին Եգիպտոս կատարելիք այցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել