Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիփ մերժում ին ու մերժում…

Փետրվար 23,2010 00:00

Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի 11 նախկին ուսուցիչների հայցի վճիռը՝ ընդդեմ դպրոց ՊՈԱԿ-ի: Այս գործի մասին «Առավոտը» բազմիցս գրել է (21.08.2009թ., 02.09.2009թ., 22.12.2009թ., 24.12.

2009թ., 26.12.2009թ., 28.01.2010թ., 02.02.2010թ.): Հիշեցնենք, որ տնօրենը օգոստոսի վերջին աշխատանքից ազատել կամ, իր մեկնաբանմամբ՝ թիվ 162 դպրոցը հիմնական դպրոց դառնալու կապակցությամբ դասաժամերի կրճատման արդյունքում կրճատել էր ավելի քան երկու տասնյակ ուսուցիչների, որոնցից 11-ը դիմել էր դատարան:

Ուսուցիչների հայցը չբավարարվեց: «Առավոտի» հետ զրույցում ուսուցչուհիներից Անահիտ Մնացականյանն ասաց. «Դա խայտառակություն էր. նախապես հայտարարված ժամը խախտելով, առանց մեր ներկայության են կարդացել վճիռը: Մեզ ասել էին, որ վճիռը հայտարարվելու է ժամը 10:30-ին, բայց արդեն ժամը 10-ին դատավորը կարդացել էր վճիռը»:

Մեկնաբանելով կատարվածը՝ տիկին Մնացականյանը վրդովված ասաց. «5 օր առաջ տնօրենը ոգեւորված մտել է դպրոց, ասել, թե ինքն արդեն դատը շահել է: Բացի այդ, տնօրենը մեր ուսուցիչներից մեկին կանչել, տարել է դպրոց եւ սկսել է հարցախույզ անել, թե ուսուցիչների գործողություններն ո՞վ է ղեկավարում, հոդվածներն ո՞վ է իր վրա գրում, սկսել է համոզել, թե՝ քեզ կուղարկեմ գյուղակադեմիա աշխատելու… Այդ ժամանակ երեւի հույս չուներ, որ դատը կշահի: Իսկ այս պահի դրությամբ դատը տնօրենն առել է, մենք դա հաստատ գիտենք, մենք չենք կանգնելու, առաջ ենք գնալու, արդեն պատրաստվում ենք վճիռը բողոքարկել: Այս անգամ դատավորի դեմ էլ ենք բողոք ներկայացնելու, քանի որ առանց մեզ, նշանակված ժամը խախտելով, կարդացել է վճիռը»:

Հարցի առնչությամբ պարզաբանում ստացանք նաեւ թիվ 162-ի տնօրեն Աննա Ստեփանյանից: Ուսուցիչների հայտարարությունների մասին նա ասաց. «Երբ գործը քննվում է դատական ատյանում, արդյո՞ք ես ինձ թույլ կտամ՝ հայտարարելու, թե դատն արդեն շահել եմ: Ինչ վերաբերում է վճռի հրապարակմանը, ապա նախօրոք ժամ էր ասված, թող բարի լինեին ասված ժամին ներս մտնել: Այդ հարցերով դատավորն է զբաղվում, ես ի՞նչ իրավունք ունեմ դատավորին ասել՝ վճիռը կարդա ժամը 10-ին կամ 11-ին: Ուղղակի ծիծաղելի է, երբ ասում են, թե դատավորին իբր ես կաշառել եմ: Ինչի՞ համար կաշառեմ, ի՞նչ կաշառելու մասին է խոսքը»: Իսկ 11 նախկին ուսուցիչների այն կարծիքին, թե տնօրենը դպրոցում աշխատող ուսուցիչներին իրենց դեմ է լարում, Ա. Ստեփանյանը հակադարձեց. «Նրանք 30 տարի իրար հետ աշխատել են, եթե իրար հանդեպ լարվել են, ես ի՞նչ կապ ունեմ: Ի՞նչ իրավունք ունեմ մարդուն ասելու՝ լարվիր սրա կամ նրա դեմ: Հետո նրանք լարված էլ չեն, նորմալ են իրար հետ, տեղեկացված եմ, որ ինֆորմացիայով էլ են փոխանակվում»:

Երեկ տեղեկացանք նաեւ «Առավոտի» ուշադրության ներքո գտնվող մեկ այլ դատավարության մասին, որը կրկին ավարտվել է հայցի մերժմամբ: «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի նախկին ուսանողուհի Անահիտ Մանասյանը, որը համալսարանի դեմ հայց էր ներկայացրել համալսարանի կողմից լիսանզի եւ բակալավրի դիպլոմ ստանալու պահանջով, մեզ տեղեկացրեց, որ վերաքննիչ դատարանն իր հայցը մերժել է: Ա. Մանասյանը վստահեցրեց, որ ինքը վճիռը բողոքարկելու է վճռաբեկ դատարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել