Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՍԵՆՔ ԵՎՍ ՏԱՍ-ՔՍԱՆ ՏԱՐԻ

Փետրվար 23,2010 00:00

Ըստ աստղագետ Արեգ Միքայելյանի՝ գուցե այդ ժամանակ մեր գիտնականները սկսեն գնահատվել ըստ արժանվույն

\"\"
Արեգ Միքայելյանը (ձախից) JENAM-2009 հեղինակավոր աստղագիտական համաժողովի ժամանակ:

«Հայաստանը չի ցանկանում աշխարհից հետ մնալ, այն ամենը, ինչ տեղի է ունենում Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, տասը կամ քսան տարի հետո մեզ մոտ էլ աստիճանաբար կրկնելով առաջ ենք գնում: Եթե կիրթ մարդը, գիտնականը արտասահմանում հարգված է, նրա աշխատանքը՝ գնահատված, ուրեմն հուսանք, որ մեզ մոտ էլ գոնե 10 տարի հետո կհարգեն ու կգնահատեն գիտնականին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայկական աստղագիտական միավորման համանախագահ Արեգ Միքայելյանը: Նրա կարծիքով՝ այն, ինչ ուներ Հայաստանը տարիներ առաջ, տարեցտարի կորցնում է. «Ինչքան ուզում են թող բիզնես անեն, երկիրը դրանով չի զարգանա: Հիմա մենք ավելի քիչ խաղաքարտեր ունենք. քաղաքական դաշտում առայժմ պլյուսներ չունենք, Ադրբեջանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով մենք կարող ենք լուրջ խնդիրներ ունենալ, միջազգային հանրությունը չի սիրում այն երկրներին, որտեղ կա պայքար, կոնֆլիկտ կամ որեւէ լարվածություն: Ով է սխալ, ով է ճիշտ՝ նույնիսկ էական չէ, բոլոր բնագավառներում՝ անգամ ներդրումներ անելու, մեզ հետ համագործակցելու հարցերում խիստ զգուշավոր են, եւ մենք էականորեն տուժում ենք»:

Պարոն Միքայելյանի խոսքով, հայ գիտնականները արտասահման մեկնելու եւ օտարերկրյա գործընկերների հետ հանդիպելու, համագործակցելու հնարավորություններ չունեն, նա դժվարացավ մտաբերել դեպքեր, երբ պետությունը որեւէ գիտաշխատողի արտասահման մեկնելու ծախսերը գոնե մասամբ իր վրա վերցնի. «Շատ քիչ դեպքեր են լինում, երբ պետական աջակցություն է սահմանվում որեւէ գիտնականի՝ արտասահման մեկնելու եւ գիտաժողովի մասնակցելու համար, գիտաժողովի ընթացքում հավաքվում են ոլորտի լավագույն, արհեստավարժ մասնագետները ողջ աշխարհից եւ ներկայացնում իրենց աշխատանքի արդյունքները, կազմակերպվում են հետաքրքիր քննարկումներ, եւ ամեն հնարավոր համագործակցություն հենց այդտեղից է սկսվում, իսկ մեր գիտնականները զրկված են նման առիթներից: Պետք է նկատեմ, որ վերջին շրջանում 10 անգամ պակասել է հայ գիտնականների՝ օտարերկրյա գործուղումների մասնակցության ակտիվությունը, որովհետեւ չկա որեւէ կառույց, որն ունենա գործուղման ֆոնդեր»:

Պարոն Միքայելյանի խոսքով, երբեմն լինում են դեպքեր, երբ արտասահմանյան գիտական կազմակերպությունները կամ գիտնականներն են հոգում հայ գործընկերների՝ արտասահմանյան ճանապարհորդության ծախսերը, երբ նկատում են, որ նման կարեւոր գիտաժողովին հայ գիտնականն ի վիճակի չէ մասնակցել. «Իհարկե, սա պատիվ չի բերում մեզ, որովհետեւ հերիք չէ, որ իրենց ծախսերն են հոգում, մի հատ էլ դրսի գիտնականների ծախսերն են ավելանում, սովորաբար կա գործուղումների դրամաշնորհ, որը տրամադրում են երիտասարդ գիտնականներին, այդ ֆոնդերից կարողանում են երբեմն մեզ աջակցել»:

Պարոն Միքայելյանի խոսքով, գիտաշխատողների միջին աշխատավարձը մոտ 35 հազար դրամ է, իսկ լավագույն գիտնականներինը հասնում է 50 հազար դրամի. «Սա միակ պետական ֆինանսավորումն է, կամ եթե ուզում եք՝ «պետական աջակցություն» բնութագրեմ… ահա այդ է, ուրիշ ոչինչ, բայց միայն աշխատավարձով գիտությունը չես պահի, աշխատավարձը տվյալ անձի համար է, բայց գիտությունը տեխնոլոգիաների հիման վրա է զարգանում, հնարավոր չէ միայն թուղթ ու գրիչ վերցնել եւ հանճարեղ մտքերը թղթին հանձնել ու ներկայացնել, դիտումներ ենք անում, հետո՝ դիտումների մշակումներ, դիտակից բացի, դրա վրա տեղադրվող հատուկ, բայց եւ թանկարժեք սարքավորում կա հիմա, որի համար անհրաժեշտ է $150 հազար, իսկ այդ գումարը Բյուրականի աստղադիտարանի ամբողջ տարվա ֆինանսավորումն է»:

Պարոն Միքայելյանը նաեւ ասաց, որ ավագ սերնդի գիտնականների գործն էլ ավելի է բարդանում, որովհետեւ իրենք նաեւ որոշ առումով ճանապարհ են հարթում երիտասարդ գիտնականների համար. «Երիտասարդների համար էլ մեծերն են հոգում, ճիշտ է, բավականին դժվար է, որովհետեւ ցանկացած գիտնական, որ կարողանում է իր հարցերը լուծել, դա արդեն մեծ հաջողություն է համարվում, բայց որոշ գիտնականներ կարողանում են երիտասարդներին օգնելու միջոցներ գտնել՝ ներգրավելով նրանց միջազգային ծրագրերում, գործուղումներում՝ կրկին անձնական կապերի եւ մեր արտասահմանյան գործընկերների տրամադրած դրամաշնորհներով»:

Պարոն Միքայելյանը նաեւ ասաց, որ Աստղադիտարանում հիմա 40 գիտնական է մնացել, վերջին տարիներին կրճատումները պարզապես անխուսափելի էին. «Նախորդ 2 տարիներին ճգնաժամի հետեւանքով 10 գիտնական է աշխատանքից ազատվել, այս տարի Աստղադիտարանի բյուջեն չփոխվեց, այնուամենայնիվ աշխատավարձերի բարձրացում էլի չի նախատեսվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել