Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՊԷՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆԸ

Փետրվար 23,2010 00:00

Հայերէնի գրահամակարգը կարիք չունէր «բարեփոխումների»

սկիզբը՝ «Առավոտ», 09.02.10, 11.02.10

\"\"

 Մեսրոպեան հիմքի վրայ կառուցուած դասական գրահամակարգը 1600 տարիներ անթերի ծառայելով թէ՛ մեր առաջին գրական լեզու գրաբարին, թէ՛ միջին հայերէնին, թէ՛ աշխարհաբար երկու գրական լեզուներին, ամբողջովին արդարացրել է իրեն: Մեսրոպեան այբուբենի միակ (արդարացուած) փոփոխութիւնը եղել է միջնադարում՝ Օ-Ֆ գրանշանների աւելացումը՝ առանց մի ուրիշը կրճատելու: Մեսրոպեան դարաշրջանում օ հնչիւնի փոխարէն ունեցել ենք աւ երկհնչիւնը, որտեղ ւ (վիւն) գրանշանի հնչումը միջնադարում արդէն նմանուել է վ (վեւ) հնչիւնին: Այսօր էլ ասում ենք՝ օրաւուր, յաւուր պատշաճի, քառսուն աւուր մանուկ եւ այլն: Յետագայ դարերում այդ աւ-ը սկսել է արտասանուել յունարէն օմեգայի հնչումով՝ բաց օ (օր, օրական): Գրաբարում չենք ունեցել նաեւ ֆ (ֆէ) հնչոյթը. հայերը միշտ արտասանել են՝ Փ (փիւր): Այսօր էլ դեռ ասում ենք՝ Քրիստոփոր Կոլումբոս (Քրիստոֆոր), փաղանգ (ֆալանգա), իսկ Սիւնիքում այսօր էլ ասում են փայտոն (ֆայտոն) (գրել ենք հայաստանեան ուղղագրութեամբ), փնտղ (ֆնտղ-պնդուկ), Ռափայել Պատկանեան (Ռաֆայել), փաստ (այլ լեզուներում՝ fact-ֆակտ), Փիւնիկ (Phenix–Ֆենիքս) եւայլն: Այսպիսով, հնչիւնային համակարգին համապատասխան կատարելագործուած այբուբենը այլեւս կարիք չունէր «բարեփոխուելու», առաւել եւս՝ նրանից գրանշաններ դուրս նետելու: Մխիթարեան հայագէտ Գաբր. Մէնէվիշեանը ընդվզելով այբուբենից երեք տառերի աբեղեանական «արտաքսումի» եւ այդպիսով միանգամից ջնջուած ու արմատների նոյնացմամբ հազարաւոր բառերի չքացման առթիւ, գրում է. «Գրանշան մը իսկ պակսեցուցէք լեզուին մէջէն, պիտի ստիպուիք պակսեցնել շատ մը բառեր, բառերու ձեւեր, ձեւերու երանգներ, երանգներու նրբութիւններ, միով բանիւ փոխանակ զարգացնելու լեզուն, պիտի սպաննէք զայն»: Հարկ կայ՞, օրինակ, ապացուցելու, որ գետ (գետափ) եւ գէտ (գիտուն, տգէտ) բառերը նոյնացնելով եւ միայն գետ ձեւով գրելով՝ պակասում են մեր բառարմատները: Կամ. վերացնելով այբուբենից «է» տառը, մեր բառարանից չքացաւ այդ մէկ տառանոց, բայց նաեւ սուրբ՝ «է» բառը՝ է-ակ, է-ութիւն, է-ական, ան-է-անալ, մանր-է (մանր էակ, միկրոբ), որոնց փոխարէն 1922-1940 թ.թ. գրւում էր աբեղեանական եյակ, եյական եւայլն: Իսկ թէ ինչ արժէք ունի մէկ բառարմատը, կարելի է եզրակացնել Գուրգէն Սեւակի հեղինակած եւ 40-ականների վերջերում լոյս տեսած «Ժամանակակից հայոց լեզուի պատմութիւն» գրքում բերուած փաստերից, ըստ որոնց օրինակի՝ «ձայն» արմատով ունենք 90 բառ, կամ «մարդ» արմատով՝ 180 բառ:

– Աբեղեանական «բարեփոխումներին» լեզուագէտ Մէնէվիշեանը մօտենում է հետեւեալ հարցադրումով. «Ուղղագրական խնդիր կայ՞ հայերուն համար… ես պիտի չքաշուէի «ոչ» մը պատասխանել»: Նրա կարծիքով, արեւելահայերէնը ամենեւին ուղղագրութեան խնդիր չունի՝ «Բացի յարուցողների չարդարացուած ցանկութիւնից, ու մանաւանդ, գրաբանակման իրազեկային անտեղեակութիւնից»: Ըստ նրա՝ «Խնդիրը ոչ թէ վաղեմի մատենագրութեան աւանդութեամբ նուիրականացուած գրապատկերների ճշդագրութեանն է վերաբերում, այլ՝ արտասանական-հնչոյթային հարցին», ինչն արդարացւում եւ ներկայացւում է, որպէս «բերնի հնչման համապատասխան նշանագիր գտնել»: Խօսքը Աբեղեանի «տեսութեան» մասին է՝ որ ամէն հնչիւն պէտք է ունենայ իր նշանագիրը: Մինչդեռ, հենց Մաշտոցն է իր այբուբենը ստեղծել «հնչիւն-գիր» համապատասխանութեան սկզբունքով: Բնականաբար՝ հասկանալի է Մէնէվիշեանի զարմանքը՝ նման խնդիր յարուցելու առթիւ. «Վասն զի բնիկ հայաստանցին իւր ծծած օդին հետ, խմած ջրոյն հետ, կը ծծէ, կարծես, հայ հնչումներն ալ. թերեւս չճանչնայ անոնց համապատասխան նշանագրերը, բայց հնարաւոր չէ, որ հնչումները շփոթէ իրարու հետ»: «Բնիկ հայաստանցու այս առաւելութիւնը կարող է զարմացնել անգամ «ուղղագրութեան բարեփոխումներով համակուած լեզուաբան-հնչիւնաբաններին»,- աւելացնում է Լ. Խաչերեանը: Հետագայ շարադրանքում մենք կը տեսնենք հնչականի հիման վրայ ուղղագրութիւն փոխելու աբեղեանական տեսութեան արդիւնքը, երբ, օրինակ, դասական «մէզ» (միզել) բառի գրելաձեւը փոխելով «մեզ»-ի, նոյնանում է «մեզ» դերանուան հետ: Սա Աբեղեանի քարոզած՝ լեզուի գրութեան հիմքը հնչական դրութիւնը համարելու տեսութեան արդիւնքն է, ինչին, ցաւօք, հետեւում են նաեւ այսօր որոշ լեզուաբաններ: Սակայն նրանք անտեսում են, որ բանաւոր խօսքը ժամանակի ընթացքում միշտ փոփոխւում է, ինչը բնական է եւ յատուկ է բոլոր լեզուներին, հետեւաբար, ըստ այդ տեսութեան, ուղղագրութիւնն էլ պէտք է փոփոխել՝ հնչականին համեմատ: Այդ դէպքում մէկ- երկու սերունդ յետոյ՝ յաջորդները չպիտի կարողանան կարդալ նախորդ սերունդի գրածը:

– Խախտելով հայերէնի ստուգաբանական հիմքի վրայ կառուցուած համակարգը, ինչը յատուկ է հնագոյն մատենագիտութիւն ունեցող ազգերին, Աբեղեանը առաջարկում է նոր զարգացող, նոր-նոր միայն գրահամակարգ ու գրականութիւն ստեղծող ազգերին յատուկ հնչական գրահամակարգին անցնել: Գիտականօրէն դա բացառւում է:

– Համոզուելու համար, թէ հայոց գրահամակարգը՝ այբուբենը, ուղղագրութիւնը կամ քերականական այլ կանոնարկումները «բարեփոխումների» կարիքը չունէին, ծանօթանանք մի քանի հեղինակաւոր գիտնականների կարծիքներին.

Մակուարտը՝ գերմանացի հայագէտ եւ հնդեւրոպական լեզուների մասնագէտը, համեմատելով մաշտոցեան գրահամակարգը այլ ազգերի համակարգերի հետ, գրում է. «Եթէ նրա (Մաշտոցի) գործը համեմատենք Պիպինի ու նրա զինակից Վիլֆրիդի գործունէութեան հետ, այս վերջինները թզուկներ կ՝երեւան համեմատութեամբ այդ մտքի հսկայի»:

Մեյէն, ֆրանսիացի բազմալեզուագէտ հայագէտը, «ինչո՞ւմն է այս տագնապը» հարցումին ի պատասխան, զգուշացնում է Աբեղեանին, գրելով, թէ «Բարեփոխման մէջ ես աւելի վտանգ եմ տեսնում, քան օգտակարութիւն» եւ աւելացնում է. «…Ազգը պիտի հաշուի առնի, որ 1500 տարուց աւելի է, ինչ հայերէնը գրւում է: Հաշուի պիտի առնել աւանդականը…» եւ գտնելով, որ բարեփոխումի կարիք չկայ, շարունակում է. «Յայտնի է, որ այբուբենը գլուխ-գործոց մըն է, հայ հնչիւնաբանօրէն նշանով մը նոթագրուած է եւ դրոյթը այնքան լաւ հաստատուած է, որ հայ ազգին հայթայթած է հնչիւնաբանօրէն վերջնական արտայայտութիւն մը, արտայայտութիւն՝ որ պահպանուած է մինչեւ այսօր, առանց փոփոխութիւն մը կրելու, առանց բարելաւում մը ստանալու կամ պէտք ունենալու, վասնզի սկիզբէն իսկ անիկա կատարեալ է…»:

Ն. Մառը իրեն ներկայացուած 11 փոփոխութիւնների մասին կարծիք յայտնելով, գրում է. «Եթէ արեւելահայ գրական լեզուի աւանդական ուղղագրութիւնը հնչականի վերածելու լինեն՝ ընդառաջ գնալով Աբեղեանին… այդ դէպքում ոչ թէ առաջարկուած 11 փոփոխութիւններով, այլեւ 111 փոփոխութիւններով էլ հնարաւոր չի լինի սահմանափակուել… կը քանդուի կը գնայ աւանդական ուղղագրութիւնը: Իսկ եթէ… պիտի շարունակել նրա մինչեւ այժմ յաջող կիրառութիւնը եւ ծառայութիւնը նաեւ արեւելահայերէն գրական լեզուին, ապա թողնելու է նոյնութեամբ, ոչ մի փոփոխութիւն պէտք չէ կատարել»:

Ն. Ադոնցը գտնում է, որ հայոց համակարգուած միասնական եւ միակերպ ուղղագրութիւնը «իր հասակակիցների մէջ սակաւաթիւ գրական լեզուներից է, որ արմատական փոփոխութիւնների կարիք չունենայ»: Յիշեցնենք, որ, ըստ վկայութիւնների, առաջին անգամ գրի առնուող հայոց կենդանի լեզուն իր ուղղագրութեամբ եւ ուղղախօսութեամբ միանգամայն ներդաշնակ էր՝ բացարձակ համապատասխանութեամբ: Այստեղ արժէ նշել, թէ նոյնիսկ միջնադարում, երբ գրաբարը դադարեց խօսակցական լեզու լինելուց եւ ուղղախօսութիւնն ու ուղղագրութիւնը արդէն չէին համապատասխանում իրար, մեր մշակոյթի յետագայ ներկայացուցիչները «չբարեփոխեցին» հայոց ուղղագրութիւնը: Նոյնիսկ ինքը՝ Աբեղեանը իր «բարեփոխումից» մի քանի տարի առաջ իր յոբելենական զեկոյցի մէջ շեշտել է, որ «միանգամայն ընդմիշտ պիտի հրաժարուել ուղղագրութեան մէջ հիմնական փոփոխութիւններ անցկացնելու ծայրայեղ մտքից»: Եւ դա ճիշտ էր, որովհետեւ Մաշտոցը այբուբենի հետ մեզ ժառանգեց նաեւ իր իսկ սահմանած կանոնները՝ որպէս հիմք՝ հայագիր մատենագիտութեան: Եւ մատեանները գրուել են այդ կանոնների համաձայն, չհաշուած որոշ թերուս գրիչների վրիպակները: Եւ որպէս պատասխան բանասիրական գիտ. դոկտ. Բեդիրեանի այն պնդմանը, թէ՝ Մաշտոցը միայն այբուբենն է ստեղծել, ոչ ուղղագրութիւնը, նաեւ ի ամփոփումն հայերէնի համար բարեփոխումների կարիքը չլինելու մասին այս թեմայի, ներկայացնում ենք ակադ. Արարատ Ղարիբեանի եզրակացութիւնը. «Մեսրոպը բազմակողմանիօրէն նկատի է ունեցել մեր լեզուի արտասանական առանձնայատկութիւնները եւ բացառիկ ճշդութեամբ կարողացել է որոշել տառերից իւրաքանչիւրի գործածութեան կանոնները՝ հասնելով…գիտութեան արդի մակարդակի… բայց Մաշտոցը միայն հնչիւնաբան չի եղել, նա եղել է իր ժամանակի մեծագոյն լեզուաբանը… որ խորապէս ուսումնասիրել է մեր լեզուի քերականական կառուցուածքը եւ ուղղագրական կանոնները որոշելիս հիմնուել է քերականական տուեալների վրայ»:

Կարծում ենք, որ վերոյիշեալ հռչակաւոր գիտնականների կողմից մերժուած աբեղեանասեւակեան «բարեփոխումներից» կառչելը անհիմն է գիտական տեսակէտից եւ ապազգային՝ սեփական արմատներից կտրուելու հեռանկարով:

(շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել