Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպատառերը՝ քարի մեջ

Փետրվար 23,2010 00:00

Հայի բառապաշարում «խաչտառ»-ը նորամուծություն է: Դա խաչքարի եւ տառի համակցումից ծնունդ առած քարե նոր տիպի ստեղծագործություն է, որը ինքնուս քանդակագործ Ոուբեն Նալբանդյանի մտահղացումն է: Շնորհիվ այդ նորամուծության, նրան նաեւ խաչտառ Ռուբո են ասում:

\"\"Խաչտառեր կերտելու գաղափարն ինքնին ու հանկարծակի չի ծնվել քանդակագործի մեջ: Ասում է՝ այն ի վերուստ է տրվել՝ ի չիք դարձնելու այն սխալ կարծիքը, թե խաչքարը ցավի ու տառապանքի խորհուրդ ունի: «Պարզապես, մեր հալածական վիճակը թույլ չի տվել ուրախ առիթների համար խաչքարեր կանգնեցնել: Բնաջնջվելուց փախչելու ճանապարհին մի կերպ հասցրել ենք մեր ետեւից միայն խաչքարեր թողնել, որպես մեր հավատի արտահայտություն: Եվ որ հիմնականում դրանք գաղթի ճամփեքին ենք արարել, տպավորություն է ստեղծվել, թե մեջը ցավ ու տառապանք կա: Բայց եթե թերթենք պատմությունը, կհանդիպենք նաեւ իշխանական պսակադրությունների եւ օծումների պատվին կանգնեցված խաչքարերի»,- ասաց Ռուբեն Նալբանդյանը: Եթե պյութագորականները Տիեզերքի արարման հիմքում թիվն էին տեսնում եւ կապում դրանք որեւէ արարչագործության հետ, Ռուբենը տեսնում է մեսրոպատառը: Ասում է՝ «Ա»-ն Արարչի տառն է եւ Առաջինը, ինչպես 1-ը՝ պյութագորականների մոտ, որը Աստծո թիվն է ու Միակը: «Բ»-ն՝ Բարձրյալն է, «Է»-ն՝ միածնի էջքն իր խորհրդով, «Թ»-ն՝ թողությունը, «Ք»-ն՝ Քրիստոսը, «Տ»-ն՝ Տիրամայրը, եւ այսպես՝ 36 քար տառեր, որոնք, Ռուբենի կարծիքով՝ սոսկ գրեր լինելուց բացի, նաեւ Աստծո հետ հաղորդակցվելու միջոց են:

Մեսրոպյան գրերի տեսքով խաչտառերի գաղափարը քանդակագործը մտահղացել է հայոց գրերի գյուտի ստեղծման 1600-ամյակին նախապատրաստվելիս: Արդեն բավականին թվով խաչտառեր ուներ, երբ հանդիպեց Գարերգին Բ կաթողիկոսին՝ խաչքարակերտման գործում իր խոսքը Վեհափառին ներկայացնելու համար: Ասում է, կաթողիկոսն այնքան է հավանել աշխատանքները, որ խոստացել է հատուկ դրանց համար մի վայր առանձնացնել՝ հետագայում քարե գրերի թանգարան հիմնելու նպատակով: «Երբ Ապարանի ճանապարհի մատույցներում տեղադրվում էին լոռեցի քանդակագործի քար-տառերը, Վեհափառը փոքր-ինչ վիրավորված դիմել էր Աղվան Հովսեփյանին: Ասել էր՝ սպասեք, մենք հետաքրքիր մտահղացում ունենք. խաչքար-տառեր ենք տեղադրելու… Մարդը 15 տարի աշխատել է դրանց վրա, դուք մի 15 օր չեք համբերո՞ւմ»,- հիշեց ինքնուս քանդակագործը: Իսկ երբ այդ վայրում այլ հեղինակի աշխատանքներ են հանգրվանել, Ռուբենի տառերի համար կաթողիկոսն այլ տեղ է ընտրել. 2,5 մետր բարձրությամբ տուֆակերտ խաչտառերը ժամանակավորապես տեղադրվել են Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հարակից տարածքում:

Կաթողիկոսի՝ թանգարանի համար տարածք հատկացնելու խոստումը դեռ ուժի մեջ է: Ռուբենի ասելով՝ նույնիսկ տեղն է հայտնի. Էջմիածին-Աշտարակ մայրուղու աջակողմյան հատվածն է, որի տրամադրումը, սակայն, ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է: Խաչտառագործի ասելով՝ մի խնդիր էլ կա, որը անելանելի դրություն է ստեղծել. հնարավոր տեղափոխման մասին իմանալով՝ քաղաքացիները նամակներով խնդրել են վեհափառին՝ խաչտառերը Օշականից չտեղափոխել: «Ճիշտ է՝ հիմա դրանք եկեղեցու մոտ են, բայց պահպանման համար պայմաններ ստեղծված չեն: Համապատասխան պատվանդան չունենալով, խաչտառերը գրեթե կանգնեցված են հողի վրա, ինչի հետեւանքով քարերը խոնավացել ու ավելի փխրուն են դարձել: Տառերից մեկն էլ արդեն վնասվել է»,- տեղեկացրեց Ռուբեն Նալբանդյանը:

Հայոց գիրն ու հավատը ամփոփելով քարի մեջ՝ Ռուբեն Նալբանդյանը դրանք սփռել է ողջ աշխարհով: Հայոց թեմերը, համայնքներն ու անհատ անձինք դրանք այցեքարտ են դարձրել՝ հիանալով եւ հայի նման հավասարապես հիացմունք պատճառելով նաեւ այլազգիներին: Հռոմում եւ Միլանում տեղադրված Ռուբոյի խաչքարերի մասին ֆիլմ պատրաստող իտալական հեռուստաընկերություններից մեկի նկարահանող մի խումբ Հայաստան էր եկել խաչտառագործին հանդիպելու եւ ֆիլմի պրեմիերային հրավիրելու: «Շատ երկրներից հրավերներ ունեմ, բայց չեմ կարողանում ամեն տեղ լինել. եթե ողջ ժամանակս տրամադրեմ ժապավեններ կտրելուն՝ գործ անելու ժամանակ չի մնա: Իսկ ես դեռ շատ ծրագրեր ունեմ»,- պատմում է վարպետ Ռուբենը:

Ստեղծագործությունների նախշերը հեղինակը որեւէ մեկից չի ընդօրինակում, ոչ էլ նույնիսկ կրկնում ինքն իրեն: Նախշազարդերը Ռուբենի երեւակայության արդյունքն են՝ այսօր արդեն 100-ի սահմանը հատած:

Քարի հետ հեշտ է լեզու գտնում: Ասում է, որ քարն ինքն է հուշում, թե որ բեկորից ինչ կարելի է կերտել: Ցավ է ապրում, երբ ամեն քայլափոխի ոչինչ չասող ու անճաշակ հուշարձաններ է տեսնում: «Պետական վերահսկողություն չկա, դրա համար էլ թելադրող է դարձել ցածրաճաշակ փողատերն ու թաղային հեղինակությունը»,- նկատում է Ռուբեն Նալբանդյանը:

Հիմա որոշել է մեծանուն հայերի դիմաքանդակների թանգարան ստեղծել: Որոշ անվանիների դիմաքանդակներ արդեն պատրաստ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել