Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել էր մի հաղորդագրություն՝ կապված Աշոցքի զինկոմիսարիատից զորակոչված շարքային Գրիգոր Սահակի Հակոբյանի հետ:
Ինչպես վկայակոչել էր մեր աղբյուրը՝ Վանաձորի հելսինկյան իրավապաշտպան գրասենյակը, զորակոչիկը հավաքակայանում գանգատվել էր ձախ ուսահոդի եւ թիակի շրջանի ցավերից:
«Ըստ զորակոչիկի անձնական գործի՝ Գրիգոր Հակոբյանը որեւէ այլ գանգատ չի ունեցել (հիմք՝ նրա ստորագրությունները ուսումնասիրման թերթիկում):
2009թ. օգոստոսի 26-ին զինծառայողի ծնողի՝ ՀՀ զինդատախազությանն ուղղված դիմումի քննարկման նպատակով Գրիգոր Հակոբյանը ԿՌԲՀ գրությամբ մասնագիտացված հետազոտության եւ փորձաքննության նպատակով հոսպիտալացվել է Սիսիանի կայազորային հոսպիտալ, ապա տեղափոխվել ԿԿԶՀ: Հետազոտության ընթացքում հաստատվել է ախտորոշում՝ «Ձախ ուսահոդի աննշան արտահայտված հետտրավմատիկ գերշարժունություն, քայլքի չափավոր խանգարում՝ երկկողմանի սնամեջ ոտնաթաթեր: Քթի միջնապատի թեքում՝ առանց քթային շնչառության խանգարման: Չափավոր արտահայտված ՆՑԴ՝ սրտային տիպի: Միտրալ փականի պրոլապս 1-ին աստիճանի, 1-ին աստիճանի ռեգուրգիտացիայով: Սոմատոգեն պայմանավորված ասթենո-նեւրոտիկ համախտանիշ», եւ ներկայացվել է ԿՌԲՀ նիստին՝ մասնագիտացված հետազոտման նպատակով Երեւանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխման որոշումով»,- ասվում է ՊՆ պատասխանում:
Ինչ վերաբերում է զինվորին հոգեբուժական բաժանմունք տեղափոխելու հիմքին եւ պատճառին, ՊՆ-ն տեղեկացնում է. «Հոգեբուժարան տեղափոխելու հիմք է հանդիսացել ԿԿԶՀ-ի առաջատար մասնագետների եզրակացությունը, որի մեջ հատկապես նշված էր նյարդաբանների եզրակացությունը, այն է՝ «Սոմատոգեն պայմանավորված ասթենո-նեւրոտիկ համախտանիշ», ինչի կապակցությամբ փորձագիտական եզրակացություն կարող են տալ հոգեբուժական բաժանմունքում:
Հոգեբուժական բաժանմունքում հսկողության, զննման, պրոֆեսորական կրկնակի կոն֊սուլտացիաների արդյունքում ժխտվել է «Սոմատոգեն պայմանավորված ասթենո-նեւրոտիկ համախտանիշ» ախտորոշումը, եւ Գ. Հակոբյանը ճանաչվել է «հոգեպես առողջ»:
Դուրս գրվելուց հետո, զորամասում գտնվելով ընդամենը 20 օր, շարքային Գ. Հակոբյանը իրեն ածելիով ինքնավնասումներ է հասցրել, ինչի պատճառով նրան 19.12.09թ. տեղափոխել են հոգեբուժական բաժանմունք: «19.12.09թ. մինչեւ 13.01.10թ. կրկնակի մանրամասն հետազոտություններից հետո հիվանդի ինքնախեղումը գնահատվել է որպես նպատակային գործողություն, եւ նրա մոտ ախտորոշվել է. «Հոգեկան խանգարման նշաններ չեն հայտնաբերվել, տարել է կարճատեւ իրավիճակային ռեակցիա՝ նպատակային բնույթի»:
Պաշտպանության նախարարությունը գտնում է, որ «Գ. Հակոբյանը զորակոչվել է ճիշտ, նա կարող է շարունակել զինծառայությունը ոչ շարային պայմաններում, իսկ նրա անընդհատ հոսպիտալներում հետազոտվելը եւ փորձաքննվելը պայմանավորված է միայն ծառայության նկատմամբ ինչ-ինչ պատճառով նրա խուսափողական եւ անպատասխանատու դիրքորոշմամբ, առողջական վիճակի աննշան խնդիրները շահարկելու, բժշկական եւ հրամանատարական օղակների համար նպատակադրված խնդիրներ ստեղծելու (ինքնախեղում, չհիմնավորված գանգատներ, ծառայությունից հրաժարվելու հայտարարություններ), ինչը չի կարող հիմք հանդիսանալ ԿՌԲՀ կողմից նրան ոչ պիտանի ճանաչելու համար»: