Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի եղբորորդին դատապարտվեց 7.5 տարվա ազատազրկման:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վանաձորցի 21-ամյա Կարեն Փայտյանին դատապարտեց ՀՀ քրեական օրեսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ եւ 14-րդ կետերով:
Նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին Կարեն Փայտյանի հասցրած մարմնական վնասվածքների արդյունքում Վանաձոր քաղաքի 16-ամյա բնակիչ Սարգիս Աբրահամյանը մահացել էր: 16-ամյա Սարգիսը անմեղ զոհ էր:
Կարեն Փայտյանն անցած տարի նոյեմբերի կեսերին Վանաձոր քաղաքի բնակիչ Կամո Ծատուրյանից գնում է «Սամսունգ» ֆիրմայի բջջային հեռախոս: Պայմանավորվում են, որ հեռախոսի համար վճարվելիք 40 000 դրամը Կարենը կվճարի մինչեւ նոյեմբերի վերջ: Կարենը հեռախոսի պարտքի մի մասը, սակայն, մարում է միայն դեկտեմբերի սկզբին: Չվճարված 1000 դրամի շուրջն էլ եռում են կրքերը:
Ընկերոջ՝ Կամո Ծատուրյանի շահերը պաշտպանելու համար այս կենցաղային վեճին խառնվում է 16-ամյա Սարգիս Աբրահամյանը, ով, սակայն, Կարենի հետ ծանոթ էլ չի լինում: Վիճաբանության ժամանակ Կարենը դանակով հարվածում է Սարգիսին եւ դիմում փախուստի: 16-ամյա տղան երկու օր անց հիվանդանոցում մահացել է:
Կարեն Փայտյանն իրեն լիովին մեղավոր ճանաչեց կատարվածի մեջ: Նրա միջնորդությամբ դատական քննությունն անցավ արագացված կարգով: Նկատենք, որ գեներալի եղբորորոդին առաջին հանցագործությունը չէր կատարում: Դեռ 2009թ. փետրվարի 3-ին Կարեն Փայտյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման: Սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել: 1 տարի 6 ամիս փորձաշրջանի ընթացքում էլ կատարվել է հանցագործությունը: Դատարանը այս ժամկետը համարեց չմարված: Նրա արարքի համար նախատեսվում է 5-10 տարվա ազատազրկում: Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Մովսես Մովսիսյանը 8 տարի պահանջեց` հաշվի առնելով նաեւ առաջին հանցագործությունը: Դատարանը, սակայն դատապարտեց 7.5 տարվա ազատազրկման: Կարենի պաշտպան Ռուբեն Հակոբյանը գտնում է, որ քանի որ նա մեղքն ընդունել է, պետք է դատապարտվեր ավելի քիչ ժամկետով ազատազրկման՝ 6 տարի վեց ամսից ոչ ավելի: