Թեեւ Նիկոլ Փաշինյանին ազատազրկել են առանց մեղքի, բայց անդրադառնանք նաեւ համաներումը կիրառելու հանգամանքին եւս, ինչից պաշտոնյաները փախչում են: Օրինակ, հետաքրքրող հարցին արդարադատության նախարարը պատասխանել է, որ դրա մասին գիտի գործը քննող դատարանը, եւ պարզ կդառնա վերջնական դատավճռի պարագայում:
Նկատենք, որ օրենսդրությամբ վերջնական դատավճիռ հասկացություն չկա: Հայտնի է դատավճիռ հասկացությունը, այսինքն, դատական նիստում կայացված առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի որոշումներ՝ ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության, նրա նկատմամբ պատիժ կիրառելու կամ չկիրառելու եւ այլ հարցերով:
Քանի որ Նիկոլը ազատազրկվել է 7 տարի ժամանակով, նրա նկատմամբ համաներման որոշումը կարող է կիրառվել միայն պատժաչափի չկրած մասը կրճատելու առնչությամբ. «Դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ» դրույթով, այսինքն՝ մեկ երրորդով (համաներման որոշում, 7-րդ հոդված գ կետ):
Փաստաբանների կարծիքով, պատիժը ենթակա է կրճատման կիսով չափ եւ դատարանի որոշմամբ: Անհրաժեշտ է նկատել, որ պատժից կիսով չափ ազատումը վերաբերում է առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամներին եւ այլ կատեգորիայի անձանց, որոնց երաշխիքներից Նիկոլը չի օգտվում (համաներման որոշում, 7-րդ հոդված բ կետ):
Երկրորդ՝ համաներումը կիրառելու դրույթում հստակ նշված է դատարանների վրա՝ «այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում, սակայն մինչեւ համաներման որոշումը ուժի մեջ մտնելը չեն քննվել կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռները օրինական ուժի մեջ չեն մտել (համաներման որոշում, 12-րդ հոդված ա կետ)»: Հետեւաբար, առաջին ատյանի դատարանը եւ վերաքննիչ դատարանը իրավունք չունեն պատժի չկրած մասը կրճատելու հիմքով համաներման դրույթը կիրառել, որովհետեւ Նիկոլի նկատմամբ գործը, համաներման որոշումը ուժի մեջ մտնելուց առաջ, գտնվել է մինչդատական վարույթում (օրինակ, Սասուն Միքայելյանի նկատմամբ կիրառելի է): Իմ պատկերացմամբ, խնդիրը քրեակատարողական հիմնարկի պետի իրավասությունն է, իմիջիայլոց, պայմանավորված է Նիկոլի վարքագծից՝ եթե պատիժը կրելիս թույլ չի տվել չարամիտ խախտում (համաներման որոշում, 8-րդ հոդված ա կետ):