Չնայած «ԱրմենՏել» ընկերությունը դեռ վաղուց պետք է վերջացրած լիներ Երեւանի եւ մեր հանրապետության 800 գյուղերի հեռախոսագծերի թվայնացման գործընթացը, սակայն այսօր դեռ կան հեռախոսագծեր, որոնք աշխատում են նախկին ռեժիմով։ Նման դժգոհությունով «Առավոտի» խմբագրություն էր դիմել արտասահմանում բնակվող մի հայ, որը Հայաստանի իր հարազատների հետ մեծ դժվարությամբ է կապվում՝ հեռախոսագծի ոչ թվայնացված լինելու պատճառով:
Նա մեղադրում է հատկապես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որը «ԱրմենՏելին» տույժերի ու տուգանքների չի ենթարկում իր պարտավորությունները չկատարելու համար։
Նշենք, որ այսօրվա դրությամբ Երեւանի ոչ բոլոր հեռախոսագծերն են թվայնացված։
Թե ինչո՞ւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ԱրմենՏելին» այս բացթողման համար չի տուգանում եւ մինչեւ ե՞րբ են հեռախոսային օպերատորին ժամանակ տվել ամբողջ հանրապետության հեռախոսագծերը թվայնացնելու համար, հանձնաժողովից «Առավոտին» պարզաբանեցին, որ «ԱրմենՏել» ընկերության եւ մեր պետության միջեւ կնքված հին պայմանագրով պետք է մինչեւ 2006 թվականի դեկտեմբերի 31-ը ավարտվեր թվայնացման գործընթացը, սակայն այդ թվականի վերջում հանձնաժողովը ընկերության հետ եղած պայմանագիրը երկարացրեց մինչեւ 2011 թվականի վերջ։ Հանձնաժողովից նաեւ հայտնեցին, որ ընկերության կողմից արդեն մեծ ծավալի աշխատանք տարվել է ու խոստացված 800 գյուղերի փոխարեն՝ «ԱրմենՏելը» թվայնացրել է 910 գյուղի հեռախոսագծեր։
Իսկ «ԱրմենՏելի» մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանն այս առնչությամբ մեզ հետ զրույցում ասաց, որ այժմ մեր հանրապետությունում ընդհանուր առմամբ թվայնացված է հեռախոսագծերի 65%-ը, իսկ Երեւանում՝ 93%-ը. «Թվայնացման գործընթացը երբեք չի դադարել, այդ աշխատանքները հիմա էլ են շարունակվում։ Մինչեւ այս ամսվա վերջ կթվայնացվեն Արմավիրի մարզի գյուղերի հեռախոսագծերը։ Իսկ Երեւանում մնացել են 40-ի եւ 61-ի ԱՀԿ-ները (ATC)»։ Նրա խոսքերով, իրենք մինչեւ 2011 թվականը ժամանակ ունեն հեռախոսագծերի թվայնացման գործընթացն ավարտելու համար. «Անպայման մինչեւ այդ ժամանակահատվածը կվերջացնենք այդ աշխատանքները։ Մեզ էլ բիզնեսի տեսանկյունից ձեռնտու է թվայնացումն ավելի արագ վերջացնել։ Բայց պետք է ասեմ, որ թվայնացման աշխատանքները չափազանց բարդ են հատկապես Հայաստանի համար, քանի որ բարդ է մեր երկրի ռելիեֆը, չափազանց հին են մալուխները՝ դեռ 1970-ական թվականներին անցկացված, մենք դրանք հիմա փոխարինում ենք օպտիկական մալուխներով, որպեսզի մարզերի բնակիչներն էլ կարողանան օգտվել մեր բոլոր այն ծառայություններից, որոնցից կարողանում են օգտվել մայրաքաղաքի բաժանորդները։ Պետք է ասեմ նաեւ, որ մենք թվայնացրել ենք ստրատեգիական նշանակություն ունեցող սահմանամերձ գյուղերի հեռախոսագծերը»։ Ա. Բեղլոյանը մեզ տեղեկացրեց, որ իրենց դժգոհում են ավելի շատ թվայնացված հեռախոսային գծերից օգտվողները, քանի որ րոպեավճարին անսովոր են լինում, եւ իրենց սպասածից ավելի շատ է հեռախոսավարձը կազմում։