Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդորում են 1 ամիս համբերել, ցույց չանել

Փետրվար 23,2010 00:00

Սակայն ցուցարարները վստահ են, որ իրենց «գլխի տակ փափուկ բարձ» են դնում

«Վարչապետ, ամո՛թ է». երեկ նման վանկարկումներով կառավարության շենքի առաջ կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի աշխատակիցները՝ պահանջելով, որպեսզի իրենց հետ անձամբ վարչապետը հանդիպի: Ըստ ցուցարարների՝ մինչեւ վարչապետը չընդունի եւ իրենց խնդիրները չլսի, իրենք ամեն օր հավաքվելու են կառավարության շենքի մոտ: Ակցիայի մասնակիցներին անգամ հորդառատ անձրեւը չէր խոչընդոտել, որպեսզի փողոց դուրս գան եւ իրենց դժգոհությունը հայտնեն հարկայինի դեմ: Նրանք անձրեւից պաշտպանվում էին անձրեւանոցներով ու պոլիէթիլենային տոպրակներով: Մի քանի ժամ կառավարության շենքի մոտ սպասելու ընթացքում այս անգամ կառավարության ներկայացուցիչներից ցուցարարաներին որեւէ մեկը ընդառաջ դուրս չեկավ:

Հիշեցնենք, որ ոսկու առեւտրով զբաղվողներն այս ամիս արդեն 3-րդ անգամ են բողոքի ակցիա կազմակերպում: Նրանց վրդովեցրել են հարկային փոփոխությունները, ըստ որոնց՝ իրենք պետք է դուրս գան ընդհանուր հարկման դաշտ, եւ հաստատագրված մոտ 14 հազար դրամից անցնեն տարեկան շրջանառության 11% հարկման մեթոդին: Ընդ որում՝ հարկայինը պետք է գույքագրի ոսկու առեւտրով զբաղվողների ապրանքը, եւ ըստ այդմ նրանց հարկի:

Նշենք, որ երեկ «Վաղարշ եւ որդիներ» շուկայի աշխատակիցների բողոքի ակցիային էին միացել նաեւ «Մալաթիա», «Տաշիր» տոնավաճառների ոսկու առեւտրով զբաղվողներն ու Վանաձորի Բորսայի աշխատակիցները: Ցուցարարները նամակ-դիմում են պատրաստել, որով խնդրում են կառավարությանը՝ հարկային փոփոխությունները չկիրառել եւ թողնել հաստատագրված հարկի մեխանիզմը, պարզապես 14 հազար հաստատագրված հարկի շեմը մի փոքր բարձրացնել. «Մենք պատրաստ ենք հարկեր վճարել, չենք խուսափում, պարզապես մարդկային հարկեր սահմանեն, որպեսզի կարողանանք գոյատեւել: Առանց այդ էլ տեղի վճարը բարձր է, դրան էլ գումարած՝ առեւտուր ընդհանրապես չի լինում»:

Ցուցարարների խոսքերով՝ կառավարությունից իրենց հավաստիացրել են, որ գոնե 1 ամիս համբերեն եւ ցույցեր չկազմակերպեն. «Եթե մենք նորից գործի դուրս գանք ու ցույցեր չանենք, ոչ մի երաշխիք չկա, որ հարկայինի տեսուչները նորից չեն գա ու մեզ չեն սադրի, որպեսզի հավեսով տուգանեն: Անտեր երկիր է, ինչ էլ խոստանան, միեւնույն է, իրենց խոստումը չեն պահի ու սրտի ուզածների պես մեզ հետ կվարվեն: Ամեն օր ցույց ենք անելու»:

Ոսկու առեւտրով զբաղվողներն իրենց դիմում-նամակը պատրաստվում են ուղարկել ԱԺ, ՀՀ կառավարություն եւ ՀՀ նախագահին:

Նշենք, որ երեկ Պետեկամուտների կոմիտեն հաղորդագություն է տարածել ոսկու առեւտրով զբաղվողների հարկային խախտումների վերաբերյալ: 2009թ. առաջին կիսամյակի ընթացքում «Վաղարշ եւ որդիներ» առեւտրի կազմակերպման վայրում տեղադրված նոր ցանցային ՀԴՄ-ներից ստացված ֆիսկալային հասույթների վերաբերյալ տեղեկությունների ամփոփումից պարզվել է, որ տեղադրված 751 ՀԴՄ-ներից 63.2%-ի մոտ կամ 472 ՀԴՄ-ով ստացվել է 0-ական ֆիսկալային հասույթ: 2009թ. երկրորդ կիսամյակում ՊԵԿ-ի իրականացրած ՀԴՄ-ների կիրառման շահագործման կանոնների 231 ստուգումների ընթացքում 212 հարկ վճարողների մոտ արձանագրվել են ՀԴՄ-ների կիրառման շահագործման կանոնների խախտումներ եւ «Արժութային կարգավորման ու արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի եւ արժութային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների 10 խախտում: Կոմիտեի իրականացրած հսկողական գործողությունների եւ վարչարարության արդյունքում 2009թ. 2-րդ կիսամյակում «Վաղարշ եւ որդիներ» առեւտրի կազմակերպման վայրում գործող հարկ վճարողների ֆիսկալային հասույթները կազմել են շուրջ 505.1մլն դրամ՝ առաջին կիսամյակում արձանագրված 31.3մլն դրամի դիմաց: Իսկ զրոյական ֆիսկալային հասույթներ ներկայացնողների թիվը նվազել է մինչեւ 127: Վճարված հարկերի ամփոփումից պարզվել է, որ «Վաղարշ եւ որդիներ» առեւտրի կազմակերպման վայրում գործունեություն իրականացնողների՝ 2009թ. ամսական միջին մուտքերը կազմել են 12.9 մլն դրամ, կամ մեկ ՀԴՄ-ի համար միջինը 17.3 հազար դրամ՝ 1 ամսվա համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել