Հենց այս պատասխանն էլ փորձում են գտնել դատաբժշկական փորձագետները
Օրերս Գյումրիի «Նաիրի» ռեստորանում Շիրակի մարզի Մարմաշեն ու Մայիսյան գյուղերի մի խումբ բնակիչներ հարսանիքի ժամանակ թունավորվել էին ու տեղափոխվել Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց: Նրանից 30-ը հոսպիտալացվել էր, իսկ մնացածը փորձել էր բուժում ստանալ տներում: Ինչպես պատմում են մարմաշենցիները, գյուղում ապրող բժիշկներից մեկն ամբողջ գիշեր վազել է՝ հարսանքավորներին կաթիլային միացնելու համար: Թե ինչի՞ց էին թունավորվել մարդիկ, դեռեւս անհայտ է, թեեւ հարսանքավորների ենթադրելով՝ պատճառը աղցաններն էին:
Տեղեկացնենք, որ թեեւ սնունդը ռեստորան էին տարել հարսանիքի կազմակերպիչները, սակայն այժմ սկսել են մեղադրել ռեստորանի անձնակազմին՝ ասելով, որ իրենց սնունդը փոխել են եւ իրենց մատուցել են մեկ այլ հարսանիքի՝ նախորդ օրվանից մնացած սնունդը: Մեզ հետ զրույցում Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը, որը եւս մասնակցել է հարսանիքին, քանի որ ամուսնանում էր իր տեղակալը՝ Կարեն Գալստյանը, փոխանցեց հետեւյալը. «Սնունդը մեր համագյուղացիներն էին տարել՝ ցանկանալով օգտվել միայն ռեստորանի սպասարկումից, բայց մերոնք սկսել են կասկածել, որ իրենց տարած սնունդը փոխել են, մի քանիսն էլ ասում են, թե սանէպիդի ու սննդի անվտանգության տեսչության կատարած ուսումնասիրությունների ընթացքում իրենք տեսել են 3 կգ տարաներով փակոցներ, մինչդեռ մեր ժողովուրդը պնդում է, թե իրենց գնածը եղել է պետականորեն փաթեթավորած: Ես չեմ թունավորվել, բայց 400 մասնակցից մոտ 100-ը թունավորվել էր»:
«Առավոտը» այս հարցի շուրջ լսեց նաեւ ռեստորանի մենեջեր Արտյոմ Մովսիսյանի պարզաբանումները: Վերջինս պնդեց, որ սեղանները գցվել են հարսանքավորների ներկայությամբ, այսինքն՝ նրանց բերած սնունդը մատուցվել է նրանց աչքի առաջ: «Նույնիսկ կոֆեն ու պեսոկը իրենք են բերել, էլ ո՞ւմ են մեղադրում: Մեր ռեստորանը սովորաբար բերած սնունդը վերջում փաթաթում ու պարտադրում է տուն տանել, այնպես որ՝ նրանք չէին կարող թունավորվել նախորդ օրվա միջոցառման սնունդից: Մենք մեր գործունեության մեկ ու կես տարվա ընթացքում այսպես ենք աշխատում՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար: Թունավորման օրը հարսնքավորներն ընդունում էին, որ դա իրենց բերած սննդի պատճառով է, հիմա ի՞նչ եղավ, որ սկսեցին մեզ մեղադրել, չեմ հասկանում, իրենք էլ իրենց հետ տնային փակոցներ էին բերել՝ ծիծակ, թթու եւ այլն: Եվ հետո իրենք սխալ են իմացել, նախորդ օրը մեր ռեստորանում ոչ թե մեծ, այլ փոքր հարսանիք է եղել»,- ասաց մեր զրուցակիցը:
Տեղեկացնենք, որ մեծամասամբ գյուղերի բնակիչներին սպասարկող այս ռեստորանի գործունեությունն այս պահին դադարեցրել են:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչքա՞ն վնաս է կրել ռեստորանը 4 օր փակ լինելու արդյունքում: «Մենք ֆինանսական կորստից այնքան չենք նեղվում, որքան ռեյտինգի կորստից: Ընդամենը հարսանիքի 2 պատվեր ենք մերժել, բայց ցավալի է, որ այս պատմության մեջ ռեստորանը մեղք չունենալով՝ ռեյտինգն է կորցնում: Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ռեստորանը միշտ էլ պատասխանատու ու երաշխավոր է եղել իր տրամադրած սննդի համար: Սննդի անվտանգության տեսչությունից մեր ունեցած սննդից էլ են փորձանմուշ վերցրել, նրանք էլ եկել ու իրենց աչքով տեսել են, որ մեր սննդից հարսանքավորների սեղանին ոչինչ չկա»,- ասաց ռեստորանի մենեջերը՝ նաեւ դժգոհելով, որ այս գործին խառնված պետական պաշտոնյաները իրենց խորհուրդ չեն տալիս բարոյական վնասի փոխհատուցում պահանջել: Տեղեկացնենք, որ թունավորման փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցված է քրեական գործ Քրօրենսգրքի 277 հոդվածի հատկանիշներով: Նշանակված է դատաբժշկական եւ համալիր փորձաքննություն՝ սննդի ու խմիչքի պարունակությունը ստուգելու նպատակով:
Նկատենք, որ համալիր փորձաքննությունն անցկացվում է մայրաքաղաքում: Շիրակի մարզի հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Կարինե Թաիրյանի խոսքերով էլ, հետազոտությունները եւս 2 օր կտեւեն, իսկ այժմ ինֆեկցիոն հիվանդանոցում հարսանքավորներից ոչ մի հիվանդ չի մնացել: Ռեստորանն էլ, ըստ տիկին Թաիրյանի, փակ կմնա այնքան, մինչեւ չպարզվի, թե մարդիկ ինչի՞ց են թունավորվել: Տեղեկացնենք, որ նորապսակները չեն տուժել:
«Առավոտը» «Նաիրի» ռեստորանի մենեջերից հետաքրքրվեց, թե ի՞նչ հաճախականությամբ է այնտեղ ստուգումներ անցկացնում սննդի անվտանգության տեսչությունը: Արտյոմ Մովսիսյանն ասաց, թե որքանով որ ինքը տեղյակ է՝ կոնկրետ հանձնարարություն պետք է լինի, որպեսզի ստուգումներ կատարեն: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ՝ մարզխորհրդի հերթական նիստերից մեկի ժամանակ, գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը Շիրակի մարզի սննդի անվտանգության տեսչության պետի հետ երկխոսելիս՝ ապշեց. «Ուրեմն եթե հանձնարարություն չլինի, դուք պիտի տեղում նստե՞ք»: