Երեկ Թումանյան 38 հասցեի բակում տեղակայված զրուցատաղավարը փորձում էին ապամոնտաժել Կենտրոն թաղապետարանի «Կենտրոն» համատիրության աշխատակիցները: Ուշագրավն այն է, որ այդ տաղավարը դեռեւս նախորդ տարի քաղաքապետի ընտրությունների ժամանակ բնակիչներին որպես նախընտրական նվեր, տեղադրել է Գագիկ Բեգլարյանը: Սակայն պարզվում է՝ իր իսկ նվերը խանգարում է քաղաքապետին: Թումանյան 38 հասցեի բնակիչների պատմելով՝ «Մեր շենքի 3-րդ հարկը մանկապարտեզ էր, բայց Գագիկ Բեգլարյանը ընդամենը 200-300 հազար դրամով գնեց այդ տարածքը, որպեսզի ՀՀԿ-ի շտաբ բացի: Հիմա այդտեղ իրենց շտաբն է գործում: Մենք լսել ենք, որ այդ շենքի բակում ինչ-որ օբյեկտ են ուզում կառուցել, իսկ դրան խանգարում է ավտոտնակը: Դրա սեփականատիրոջը քաղաքապետարանից խոստացել են, որպես փոխհատուցում զրուցատաղավարի տարածքը տալ, ինչի պատճառով էլ այն ապամոնտաժեցին»: Ապամոնտաժման ընթացքում «Կենտրոն» համատիրության աշխատակիցները չկարողացան տաղավարում տեղադրված սեղանը ապամոնտաժել, քանի որ այն ամուր բետոնած էր գետնին: Համատիրության ներկայացուցիչ Դավիթ Կարախանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ապամոնտաժման աշխատանքներն իրականացնում են բնակիչների բողոքների հիման վրա: Շենքի բնակիչները դժգոհել են, որ գիշերները այդ տաղավարում «բոմժեր» եւ թմրամոլներ են հավաքվում ու քնում: Դ. Կարախանյանը վստահեցրեց, որ Թումանյան 38 շենքի բակը բավականին մեծ է եւ այդտեղ մեկ այլ հանգստի օբյեկտ է պետք տեղադրել, իսկ զրուցատաղավարը կտեղադրեն Կենտրոնի այլ բակերից մեկում: Մեր հարցին՝ եթե տաղավարը թմրամոլների ու «բոմժերի» համար կացարան է ծառայում, ի՞նչ տարբերություն, թե որ բակում կտեղադրեն, միեւնույն է, նորից նման իրավիճակներ կլինեն, պարոն Կարախանյանը ոչինչ չպատասխանեց: