Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՏԻՆԵՐԸ ՁԳԵԼՈՎ ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆՔ»

Փետրվար 23,2010 00:00

«Սակագնային հերթական բարձրացման խնդիրը նորից չոքեց մեր՝ սպառողներիս դռանը, գազի սակագնի բարձրացումը նախատեսվում է գարնանը, դա բացատրվում է ձմեռային սեզոնի ավարտով, որ մեր սպառողներն ավելի հեշտ տանեն, բայց դրանից մեր հոգսերը չեն պակասում»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը: Նա նաեւ նշեց, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը արտադրվում է գազի միջոցով, այսինքն ակնհայտ է, որ հնարավոր է նաեւ էլեկտրաէներգիայի թանկացում: Պարոն Պողոսյանը առանձնապես հույսեր չի կապում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, եւ չի կարծում, թե սակագների վերանայումը ինչ որ էական փոփոխություն կբերի. «Ցավոք, մեր երկարատեւ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ սակագին վերանայելը նշանակում է սակագինը բարձրացնել»:

«Հասարակական պաշտպանների միություն» հ/կ գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանն էլ ասաց, որ հանձնախումբը թեեւ վերջերս քննարկման էր հրավիրել նաեւ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին, բայց այդ մասնակցությունը ոչինչ չփոխեց. «Հ/կ-ներն իրոք մասնակցում են, բայց մասնակցում են ոչ կանոնակարգված ձեւով: Շատ կարեւոր են նիստերից առաջ նախանիստային քննարկումները, որովհետեւ որոշումները հիմնականում ընդունվում են մինչեւ նիստը, միշտ էլ հանձնաժողովը նիստին գալիս է արդեն դիրքորոշում ձեւավորած ու արտահայտում է այն, որպեսզի հանձնաժողովը ցույց տա, որ ինքը հավասարակշիռ գործունեություն է ծավալում, պահում է ֆորմալ կողմը՝ հրավիրելով հ/կ-ներին: Ես դրա անունը դրել եմ իմիտացիա»: Պարոն Պողոսյանն էլ հավելեց, որ հ/կ-ների մասնակցությունը նիստերին՝ ձեւական բնույթ է կրում. «Մեր կողմից ռեսուրսները բավարար չեն, եւ հանձնաժողովը հաճախ մեր ասածները, փաստարկները որպես ի գիտություն է ընդունում ինչպես նիստերին, այնպես էլ նիստերի խորհրդակցությունների ժամանակ»: «Սպառողների ասոցիացիայի» նախագահի խոսքերով, Հայաստանը չի օգտագործում իր ունեցած ռեսուրսները. «Այսինքն՝ հարեւաններին ու հարեւանների հարեւաններին էլեկտրաէներգիա արտահանելու ռեսուրսը շատ թույլ է օգտագործվում: Բոլորս էլ լսել էինք, որ կար պայմանագիր՝ հունվարին 4,5 մլրդ կիլովատ վաճառել Թուրքիային, կարծես թե նախաստորագրված ինչ-որ փաստաթուղթ կար, սակայն այդպես էլ ոչ մի բան չենք լսում դրա մասին, ավելի վատ, վերջերս ՀՀ-ն Վրաստանից գնել է էլեկտրաէներգիա, այն դեպքում, երբ Վրաստանը մեզ պարտք է $20 մլն եւ, ըստ համաձայնագրի, պետք է վերադարձնի 2025-ին, այսինքն՝ երբեք, 2025-ին այդ դոլարը կունենա 1 լուցկու տուփի գին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել