Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՍՏԵՄ ԳՈԳԴ, ՓԻՏՐԵՄ ՄՈՐՈՒՔԴ

Փետրվար 23,2010 00:00

\"\"Ամերիկյան «Գլոբալ գոլդ» ընկերությունը Հայաստանում այնքան է պնդել իր ոտքը, որ հայերին տարիներով աշխատեցնում է՝ աշխատավարձ չի տալիս, նորմալ ներդրումներ չի կատարում եւ ցույց է տալիս, թե մեր ոսկու հանքերից անպիտան խտանյութ է հանում:

Ոսկու արդյունահանմամբ զբաղվող «Գլոբալ գոլդ» – բնապահպանության նախարար Վարդան Այվազյան հակամարտությունների ժամանակ մենք մեղադրում էինք նախարարին, որ նա չի թողնում ամերիկյան ընկերությանը նորմալ, գլուխը կախ աշխատել, շահագործել իրենց ոսկու հանքը, անընդհատ խոչընդոտում է նրանց ներդրումներ կատարել եւ ընկերության ղեկավարներից կաշառք է պահանջում, որպեսզի թույլ տա հայաստանյան հանքերի բիզնես-միջավայրում գործունեություն ծավալել: Հատկապես հաշվի առնելով, որ Վարդան Այվազյանը հանքերի նկատմամբ շատ մեծ սեր ունի, «Գլոբալ գոլդից» կաշառք պահանջելու մեղադրանքներն ավելի ռեալ էին թվում. ուզում էր նրան դաշտից հանել, որ կա՛մ ինքը տիրանար այդ անչափ եկամտաբեր հանքին, կա՛մ լավ գնորդ ճարել: Թե ով էր իրականում ճիշտ, կամ Վարդան Այվազյանը երբեւէ աչք դրե՞լ է «Գլոբալ գոլդի» ունեցվածքին, կորոշի Նյու Յորքի միջազգային դատարանը, որին երկու տարի առաջ դիմել է «Գլոբալ գոլդը»: Հիմա, երբ նախարարի հետ թեժ պայքարը կարծես թե մարել է, ընկերությունը գլուխը կախ աշխատելու փոխարեն որոշել է «քամել» մեր ոսկու հանքերը եւ դրա դիմաց համապատասխան հարկեր չվճարել, հայերին իր ձեռնարկությունում տարիներով աշխատեցնել ու աշխատավարձ չտալ ու ընդհանրապես Հայաստանում զգալ իրեն՝ ինչպես սեփական տանը:

«Գլոբալ գոլդ» ընկերության նախագահը ամերիկահայ Վան Գրիգորյանն է: Նրան է պատկանում նաեւ Արագածոտնի մարզի Մելիք գյուղի ոսկու հանքը շահագործող «Մեգո գոլդ» ընկերությունը, որը արդեն 1 տարուց ավելի է՝ հանքում աշխատող իր բանվորների աշխատավարձը չի տվել: Ընկերության մեր աղբյուրների հավաստմամբ, բանվորները սպառնալիքի տակ հետին թվով ստորագրել են ազատման դիմումները, իբր թե աշխատավարձերը ստացել են եւ իրենց կամքով ազատվում են աշխատանքից: Մինչդեռ, ընկերությունը հրաժարվել է նույնիսկ վճարել աշխատողների վերջնահաշվարկները: Քանի որ մարդիկ ամիսներով կատարած քրտնաջան աշխատանքի դիմաց բավականին մեծ աշխատավարձի պարտք են ունեցել, ստիպված են եղել կատարել ընկերության տնօրինության բոլոր հրամանները ու պարել նրանց դուդուկի տակ, որպեսզի կարողանան ստանալ այդ գումարները: Ներկայումս Երեւանի վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարաններում «Մեգո գոլդի» մոտ երկու տասնյակ կրճատված աշխատակիցների դատն է ընթանում՝ ընդդեմ իրենց ղեկավարների, որոնք չեն ուզում ոչ աշխատավարձի պարտքը մարել, ոչ էլ վերջնահաշվարկ տալ:

Ինչ վերաբերում է «Գլոբալ գոլդին», այնտեղ նույն քաղաքականությունն է իրականացվում: Ամերիկյան ընկերության հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցներն ու բանվորներն արդեն մեկ տարուց ավելի է՝ աշխատավարձ չեն ստացել: Այս առնչությամբ ընկերության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանն «Առավոտին» պարզաբանել է, թե ընկերությունը միայն 2009-ին արտադրել եւ իրացրել է 120 տոննա խտանյութ եւ պահեստավորել է մոտ 100 տոննա ոչ ապրանքային խտանյութ, որը վաճառքի համար պիտանի չէ. «Ոչ ապրանքային արտադրանքի առկայության պայմաններում ընկերությունն իրավունք ուներ նվազեցնել աշխատավարձին ուղղված վճարումները, սակայն որդեգրելով սոցիալական պատասխանատվության քաղաքականություն, ընկերությունը չի կրճատել աշխատավարձերը, չի կրճատել աշխատատեղերը, այլ հաշվարկել եւ ծրագրել է փոխհատուցել դրանք Թուխմանուկի ֆաբրիկայի արտադրողականության ընդլայնման եւ նոր ֆաբրիկայի գործարկման հետ միասին, համամասնորեն։ Ընկերության աշխատակիցները ողջունել են ընկերության այդ որոշումը»։ Եթե նույնիսկ ընդունենք, թե մեր հանքերից ընկերությունը, իրոք, անպիտան խտանյութ է հանել ու ոչ մի շահույթ չի ստացել, պարոն Պողոսյանի այս ամբողջ արդարացումները ոչ մի կերպ չեն առնչվում «Գլոբալ գոլդի» աշխատակիցներին աշխատավարձ չտալու հետ: Այնտեղ կան գրասենյակային աշխատողներ, որոնք բացարձակ կապ չունեն ո՛չ Թուխմանուկի ֆաբրիկայի, ո՛չ խտանյութի, ո՛չ էլ ընկերության լավ կամ վատ արտադրանքի հետ: Աշոտ Պողոսյանը մանրամասն տեղեկություններ է ուղարկել «Առավոտի» խմբագրություն, թե իրենց ֆաբրիկայում վերազինման եւ նոր հզորությունների տեղակայման ինչ աշխատանքներ են կատարվում, երբ են պատրաստում ավարտել գրավիտացիոն տեղամասի վերանորոգման աշխատանքները, երբ են սպասում ֆաբրիկայի գործարկմանը եւ այլն: Իհարկե, լավ է, որ ընկերությունը բուռն աշխատանքային գործընթացի մեջ է, սակայն այդ ամենը աշխատավարձերի վճարման հետ կապ չունի, ինչը եւս ապացուցում է, որ «Գլոբալ գոլդի» տնօրինությունը առավել հարմար պատասխան չի գտել՝ արդարացնելու բազմաթիվ աշխատողների վաստակը չգնահատելն ու նրանց ընտանիքները սոված թողնելը: Հասկանալի է, որ ֆինանսական ճգնաժամի պատճառով 2009-ը ծանր տարի է եղել գրեթե բոլոր բիզնեսների համար, սակայն տեղական եւ միջազգային շուկաներում ոսկու գների աննախադեպ բարձրացումը այնպիսի եկամուտներ է ապահովել ոսկու հանք շահագործող ընկերությունների համար, որ նրանք կարող էին նույնիսկ աշխատավարձի չափը կրկնապատկել, ոչ թե հանքի խեղճուկրակ բանվորներին ստորագրել տալ ու աշխատավարձը չվճարել:

Նշենք, որ հարկերը չվճարելու հետ կապված «Գլոբալ գոլդում» հարկային ստուգումներ են անցկացվել: Պետեկամուտների կոմիտեից խոստացան առաջիկայում «Առավոտին» տրամադրել այդ ստուգումների արդյունքները եւ ընկերության ունեցած հարկային պարտավորությունների մասին որոշ տեղեկություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել