Խորհրդատվական խումբն արդյունավետ է աշխատում
ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի երրորդ նիստը երեկ նախագահել է Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նիստում քննարկվել է Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցությամբ ԵՄ խորհրդատվական խմբի՝ 2009 թվականի վերջին եռամսյակում իրականացրած աշխատանքների հաշվետվությունը: Ա. Բաղդասարյանը դրական է գնահատել խորհրդատվական խմբի՝ 9 ամիսների գործունեությունը մեր երկրում եւ հատկապես կարեւորել աջակցությունը հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանը կառավարության կողմից. «Անհրաժեշտություն էր նաեւ դիվանագիտական ակադեմիայի հիմնադրումը Հայաստանում, կարեւոր էր մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների հզորացմանն աջակցությունը, «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի» մշակումը, ինչպես նաեւ՝ մի շարք բարեփոխումներ, հատկապես՝ մաքսային համակարգում: Առաջիկայում կունենանք ԵՄ չափանիշներին համապատասխան մաքսային համակարգի բարեփոխումների ծրագիր, որը հնարավորություն կտա նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, մեր երկրում վերացնել ավելորդ թղթատարությունը, առավել ամբողջական դարձնել էլեկտրոնային հաղորդակցության համակարգը տնտեսվարող սուբյեկտների եւ Հայաստանի պետական մարմինների միջեւ: Անհրաժեշտ է ընդգծել նաեւ տնտեսության ոլորտում ձեռնարկվող միջոցառումները, մասնավորապես՝ կարեւոր են պետական պարտքի սպասարկման ուղղությամբ իրականացված քայլերը եւ ձկնեղենի, ջրի, գյուղատնտեսական մթերքների՝ Եվրամիության շուկաներ արտահանելու գործում ցուցաբերվող աջակցությունը»:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը նշել է, որ նման կառույց պետք է գործի Մոլդովայում, հնարավոր է՝ նաեւ Վրաստանում, ուստի խորհրդատվական խմբի՝ Հայաստանի հետ համագործակցության փորձը խիստ կարեւոր է. «Եվրամիությունն ու Հայաստանն ունեն հավակնոտ օրակարգ, այն է՝ ասոցացման համաձայնագրի կնքումը, որը, հուսով ենք, շուտով իրականություն կդառնա: Շատ կարեւոր է, որ խորհրդատվական խմբի միջոցով ստանաք նախապատրաստական աշխատանքները կատարելուն ուղղված օժանդակությունը»:
Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան նշել է, որ Հայաստանում իրականացվող այս ծրագիրը ճանաչվել է նախադեպը չունեցող. «Այս ծրագրի հիմնական առանցքը պետական կառույցներին օժանդակելն է, որպեսզի ավելի հզորանան, ավելի արդյունավետ գործեն ազգային չափանիշները եվրոպականին մոտեցնելու ուղղությամբ»:
Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը խորհրդատվական խմբի հետ հարաբերությունները համարեց կայացած: «ԵՄ-ի հետ ծրագրերի իրականացման օրակարգը ասոցացման համաձայնագիրն է, որն իրական հնարավորություն է տալիս կոնկրետ քայլեր իրականացնել եւ արագացնել բարեփոխումները Հայաստանում: Կարեւոր է նաեւ համապարփակ ազատ առետրի համաձայնագիրը, որը պահանջում է ե՛ւ կառուցվածքային փոփոխություններ, ե՛ւ բարեփոխումներ տնտեսության բոլոր բնագավառներում»:
Նիստում քննարկվել եւ հաստատվել է նաեւ խորհրդատվական խմբի՝ 2010 թվականի առաջին կիսամյակի աշխատանքային ծրագիրը: