ԱԺ մշտական հանձնաժողովները մեկը մյուսի հետեւից մերժում են քննարկումներ կազմակերպել որոշակի ոլորտներում հայ-թուրքական արձանագրությունների հնարավոր հետեւանքների վերաբերյալ:
«Ժառանգություն» խմբակցությունը փետրվարի 15-ին դիմել էր ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին՝ հիշեցնելով. «Կառավարությունը հանրությանն ու մեզ չի ներկայացրել որեւէ համալիր կանխատեսում եւ/կամ վերլուծություն, որոնք որակական ու քանակական ցուցանիշներով կնկարագրեին կենսագործունեության բոլոր ոլորտներում հայ-թուրքական սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման՝ Հայաստանի համար ունենալիք դրական եւ բացասական հետեւանքները»: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արձանագրություններն անկասկած հետեւանքներ են ունենալու Հայաստանի անխտիր բոլոր համակարգերի վրա՝ «Ժառանգության» պատգամավորները 12 մշտական հանձնաժողովների նախագահներին խնդրել էին, որ լսումներ կազմակերպեն «հանձնաժողովի իրավասության ներքո գտնվող ոլորտներում այդ արձանագրություններով նախատեսված գործառույթների ունենալիք հնարավոր ազդեցության գնահատման նպատակով»:
Մի քանի հանձնաժողովներ իրենց նիստերում փետրվարի 19-ին քննարկել են այս առաջարկը եւ քվեարկությամբ մերժել: Ընդ որում՝ մերժել է նաեւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը, որի դաշնակցական նախագահ Հրայր Կարապետյանը անձնապես հավանություն էր տվել այս առաջարկին: Հանձնաժողովների նախագահներին խնդրեցինք պատճառաբանել մերժման որոշումը:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյան. «Հիմա շատ դժվար է կանխատեսել, թե առաջիկա ամիսներին ինչպիսի զարգացումներ կունենա այդ արձանագրությունների վավերացման ընթացքը: Եվ այդ տեսակետից՝ կարծում եմ, այժմ ժամանակավրեպ է այդ հարցի քննարկումը: Սա էր մեր հիմնական մոտեցումը, ըստ որի՝ նպատակահարմար չհամարեցինք հիմա այդ հարցերի քննարկումը»:
Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյան. «Կարծում եմ, որ չի կարելի այդ խնդիրն աղճատել, մասերի բաժանել եւ քննարկել առանձին-առանձին: Այս հարցն ունի բազում ենթահարցեր, որոնք ուղղակիորեն շաղկապված են իրար: Եվ բնականաբար, ենթադրում ենք, որ նման հարցերը պիտի քննարկվեն մեկ մարմնում՝ այն է. արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Իսկ մեր հանձնաժողովի պատգամավորները հնարավորություն ունեն այդտեղ մասնակցելու քննարկումներին եւ անհրաժեշտության դեպքում ներկայացնելու մեր կարծիքը: Թերեւս դա էր հիմնական պատճառը, թե ինչու մենք նպատակահարմար չգտանք առանձին լսումներ կազմակերպել այդ հարցի շուրջ: Ավելի՛ն, որպեսզի նման հարցի շուրջ լինեն լսումներ, պետք է նախնական ներկայացնեն, թե առնվազն ո՞ր վտանգների մասին են խոսում, որոնք ընկնում են մեր հանձնաժողովի տիրույթի շրջանակներում»:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյան. «Մեր հանձնաժողովի փետրվարի 19-ի քննարկման ընթացքում նշեցինք, թե բազմիցս անդրադարձել ենք արձանագրությունների տնտեսական հնարավոր ազդեցությանը եւ զարգացումների տարբերակներին: Եվ գտնում ենք, որ լսումների անհրաժեշտություն չկա: Իմիջիայլոց, «Ժառանգության» ներկայացուցիչը (այս հանձնաժողովի անդամ է Լարիսա Ալավերդյանը.- Ա. Ի.) չի էլ առարկել այս փաստարկին: Երբ արձանագրությունները կվավերացվեն Թուրքիայի եւ Հայաստանի կողմից՝ ստեղծվելու են համապատասխան հանձնաժողովներ, որոնք մասնավորապես կկանոնակարգեն նաեւ տնտեսական մասով միջպետական հարաբերությունները»:
ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյան. «Ես նախօրոք խոսել էի Լարիսա Ալավերդյանի հետ այս առաջարկի վերաբերյալ եւ հայտնել իմ դիրքորոշումը, թե որպես ՀՅԴ խմբակցության անդամ՝ կողմ եմ լսումներ կազմակերպելուն: Ինքս էլ ամիսներ առաջ ասուլիսում նշել եմ, թե արձանագրություններում նշված նախապայմանները, մեր կարծիքով, ինչպիսի հակասությունների մեջ են Հայաստանի անվտանգության ռազմավարության որոշակի դրույթների հետ: Եվ դեմ չեմ, որ հանձնաժողովը քննարկի արձանագրությունները՝ անվտանգության ռազմավարության տեսակետից: Սակայն լսումներ կազմակերպելու հարցը հանձնաժողովում մեծամասնություն չունեցավ. կողմ քվեարկեցին ընդամենը 3 հոգի՝ ընդդիմության ներկայացուցիչները: Խնդիրը բավական երկար քննարկվեց մեր հանձնաժողովի նիստում: Պետք է ասեմ, որ այդքան բազմամարդ նիստ վերջերս չէր եղել: Կոալիցիոն մեծամասնության ներկայացուցիչներն այն փաստարկներով հանդես եկան, որ եթե գլխադասային հանձնաժողովն արտաքին հարաբերությունների հանձնաժողովն է, ապա իրե՛նք պետք է կազմակերպեն այդ լսումները: Բայց վերջում էլ այսպիսի մի եզրակացության եկանք, թե անհրաժեշտության դեպքում կարող ենք հանձնաժողովի փակ նիստ գումարել՝ պաշտպանության եւ անվտանգության տեսանկյունով խնդիրը քննարկելու համար, եւ հրավիրելով համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին»:
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը մեզ հայտնեց, որ «Ժառանգության» առաջարկը ստացել են ավելի ուշ, քան գումարվել է իրենց նիստը. «Առաջարկը կքննարկենք երեւի մյուս շաբաթվա ընթացքում»: Սակայն հայտնելով իր անձնական կարծիքը՝ նշեց. «Լսումների կարիք չկա: Սոցիալական ոլորտում հնարավոր փոփոխությունները կարելի է քննարկել ավելի ուշ, որպեսզի կարողանանք ճշտել այդ գնահատականի չափորոշիչները՝ կառավարության միջոցով»:
Կարելի է կանխատեսել, որ որոշումը նույնն է լինելու նաեւ այլ հանձնաժողովների դեպքում: Ի վերջո՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ է երեկ ասել «Ա1+»-ին, թե արձանագրությունները խորհրդարանում վավերացնելուց առաջ լսումներ անցկացնելու գաղափարն իր համար անընդունելի է, լսումների կարիք ընդհանրապես չկա. «Երբ թուրքերը կվավերացնեն արձանագրությունները՝ մենք էլ առանց լսումների, առանց համոզելու կվավերացնենք-կվերջացնենք»: Նաեւ նշել է, թե մեկ տարի է՝ ամեն տան մեջ հայ-թուրքական հարցն է քննարկվում. «Հիմա մի քանի հատ ծրտո «Ժառանգության» համար պիտի ամբիո՞ն տրամադրենք. բա դա քաղաքական մեծամասնության բա՞ն ա»:
Հ. Գ. Նշենք, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցն արդեն իսկ այս քառօրյայի օրակարգում է, բայց չի քննարկվելու: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, ընդառաջելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացրած դիմումին, որոշել է արձանագրությունները քննարկման դնել միայն հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո: