Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՎԵՑ 6 ՆՈՐ ՀԱՐԿԱՏԵՍԱԿ

Փետրվար 23,2010 00:00

Հարկային փաթեթը, որի շուրջ ԱԺ նախորդ քառօրյայում կրքերը շիկացել էին, երեկ խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ: Նախապես ներկայացված նոր 8 հարկատեսակներից մնացին ընդամենը երկուսը: Այս փաթեթի կապակցությամբ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը դեմ է քվեարկելու, քանի որ եթե այդքան թեթեւությամբ նախապես ներկայացված նախագիծն այդքան փոփոխվեց, եւ մի օրում 8 հարկատեսակներից վեցը դեն նետվեցին, նշանակում է օրինագիծը լավ մշակված չէ, եւ իրենք ուզում են տեսնել ամբողջական նախաձեռնություն: «Ժառանգություն» խմբակցությունը ձեռնպահ էր, իսկ խորհրդարանական մեծամասնությունը 71 կողմ, 20 դեմ եւ 7 ձեռնպահ ձայներով ընդունեց նախագիծն առաջին ընթերցմամբ:

ՕԵԿ խմբակցության անդամ, ԱԺ տեղական ինքնակառավարման մարմինների եւ տարածքային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանն այս կապակցությամբ ասաց. «Քննարկման արդյունքում մեր հանձնաժողովը առաջարկ ներկայացրեց կառավարությանը, որպեսզի քննարկման առարկա չդառնան առաջարկված 8 հարկատեսակներից վեցը, մասնավորապես՝ վաճառքի, գովազդի, անավարտ շինարարության, հողի ոչ պատշաճ օգտագործման, չմշակված վարելահողերի եւ վաճառքի մասին հարկատեսակները: Մենք առաջարկեցինք այդ հարկատեսակները առաջին ընթերցման ռեժիմից հանել՝ քննարկման թողնելով միայն երկու հարկատեսակ՝ ավտոկայանատեղիների հարկն ու հյուրանոցային հարկը: Իմ կարծիքով՝ խոսքը կգնա տեղական տուրքի եւ վարձավճարի մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել