Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարում են այլակարծության դեմ

Փետրվար 23,2010 00:00

Ուրբաթ օրը ՀՀ քաղաքացիներին ծեծի ենթարկելու փաստի առթիվ քրգործ չի հարուցվել

\"\"Անցած ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչների կողմից ՀՀ նախագահական ընտրությունների օրվա երկրորդ տարելիցի կապակցությամբ կազմակերպած բողոքի երթը ավարտվել էր ոստիկանության եւ երթի մասնակիցների միջեւ բախումով: Արդյունքում ոստիկանները ընդդիմադիր երիտասարդներից վեցին՝ Սարգիս Գեւորգյանին, Սերգեյ Գասպարյանին, Վահագն Գեւորգյանին, Արեգ Գեւորգյանին, Տիգրան Առաքելյանին եւ Վարագ Նահապետյանին, բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, այնտեղ բացատրություններ էին տվել եւ մի քանի ժամ բաժնում պահելուց հետո՝ կեսգիշերին մոտ, ստորագրությամբ ազատ էին արձակել: Թեեւ այդ պահին նրանց նկատմամբ մեղադրանք չէր առաջադրվել, բայց հաջորդ օրը՝ շաբաթ, եւս հրավիրվել էին ոստիկանություն: Իսկ բախման ժամանակ, հիշեցնենք, նրանցից մեկը՝ Սարգիս Գեւորգյանը, կարմիրբերետավորներից մեկի կողմից դեռ փողոցում ստացած հարվածից ուշագնաց էր եղել եւ տեղափոխվել էր հիվանդանոց: Մյուսներին ոստիկանները ծեծի էին ենթարկել արդեն ոստիկանության բաժանմունք տեղափոխելու ընթացքում՝ ոստիկանության մեքենայի մեջ:

Երեկ այս միջադեպի առնչությամբ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ, սակայն, այս մասին ոչինչ ասված չէր: Փոխարենը, ինչպես միշտ նման դեպքերում, ոստիկանությունը հայտարարել էր, թե փետրվարի 19-ին «ՀԱԿ կուսակցության վարչության (ի գիտություն ՀՀ ոստիկանության. ՀԱԿ-ը կուսակցություն չէ եւ վարչություն չունի- Ն. Մ.) շենքի մոտից ՀԱԿ-ի կողմից կազմակերպվել եւ անցկացվել է չարտոնված երթ՝ Կորյուն-Աբովյան-Սայաթ-Նովա երթուղով, որի ընթացքում մասնակիցները Սայաթ-Նովա փողոցի թիվ 6 շենքի մոտ դուրս են եկել փողոցի երթեւեկելի մաս՝ խոչընդոտելով երթեւեկությանը, իսկ կազմակերպիչներից՝ 1992թ. ծնված Սարգիս Ղազարյանը մասնակիցներին կոչ է արել շարունակել երթն ու ղեկավարելով նրանց՝ նոր մարդկանց է ներգրավել միջոցառման մեջ»։ Իսկ երիտասարդները, ըստ ոստիկանության, բերման էին ենթարկվել «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու համար», թեեւ երթը, որն անցկացվել էր որպես զանգվածային միջոցառում, նախատեսված չէր եղել, եւ դրան հազիվ թե 100 մարդ մասնակցեր: Այս միջադեպի առնչությամբ քրգործ հարուցված չէ. առայժմ քննություն է ընթանում:

Ինչ վերաբերում է ծեծված վիճակում ոստիկանություն տեղափոխված երիտասարդներին, ապա նրանք պահանջում են պատժել իրենց լիազորությունները սահմանազանցած ոստիկանության աշխատակիցներին: Նրանց ոստիկանության Կենտրոնի բաժնում դատաբժշկի ուղեգիր էին տվել: Բոլոր 6 երիտասարդներն արդեն դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել, որի եզրակացությունը պարզ կլինի առաջիկա օրերին:

Երեկ ՀԱԿ-ի ակտիվիստները կրկին հրավիրվել էին ոստիկանություն՝ բացատրություններ տալու, բայց նրանք՝ իրենց պաշտպանների հետ միասին, որոշել էին չներկայանալ, որովհետեւ, ինչպես Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն ասաց, ծանուցագրերը պատշաճ կարգով չեն եղել եւ չեն համապատասխանել օրենքի պահանջներին, ինչի մասին տեղյակ է պահվել նաեւ ոստիկանությանը:

Ինչ վերաբերում է Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի կողմից ծեծված տղաներին տված խոստմանը, թե՝ ծեծող ոստիկանները կպատժվեն, ապա ո՛չ նրանք՝ Կոնգրեսի ակտիվիստները, ո՛չ էլ Արմեն Խաչատրյանն այդ խոստման հետ առանձնակի հույսեր չեն կապում: «Ես երբեք չեմ հավատացել հայրենի ոստիկանությանը»,- ասաց Ա. Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել