Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԱՌԱՋ ԵՆՔ»

Փետրվար 23,2010 00:00

Վստահեցնում է անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եւ իշխանություններին առաջարկում է դանդաղ շտապել

– Հայ-թուրքական արձանագրություններն արդեն խորհրդարանում են եւ, ըստ էության, կարող են քննարկվել ցանկացած պահի. ձեր կարծիքով՝ խորհրդարանը իրեն ինչպե՞ս պետք է դրսեւորի այս կարեւոր հարցում:

– Խորհրդարանը եւ մենք բոլորս պետք է գիտակցենք մի պարզ անհերքելի ճշմարտություն, որ այդ արձանագրությունների ճակատագրի հարցը կախված է ոչ թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետագա ընթացքից, այլ ԱՄՆ-Թուրքիա-Ռուսաստան-Եվրամիություն քառանկյան վրա հնարավոր վերադասավորումներից: Սա մի գործընթաց է, որը ներկա պահին թերեւս դուրս է մեր երկրի վերահսկողությունից, ուստի Հայաստանին հարկավոր է ձեռնպահ մնալ «հավանականությունների տեսության» հիման վրա քաղաքական որոշումներ կայացնելու գայթակղությունից: Այդ պատճառով արձանագրությունների հանդեպ վերաբերմունքի հարցում այս պահին մեզ համար ուղղակի հակացուցված են կտրուկ շարժումները՝ առնվազն մինչեւ առաջիկա ապրիլ ամսվա կեսերը, երբ կլրանա արձանագրությունների ստորագրման կես տարին, հայ-թուրքական ճանապարհային քարտեզի ընդունման մեկամյակը եւ իհարկե՝ Հայոց եղեռնի 95-րդ տարելիցը: Արձանագրությունների վավերացման գործընթացի միջազգայնացմամբ պայմանավորված՝ արտաքին քաղաքական իրողություններից զատ, անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հիմքում առկա ակնհայտ բարոյահոգեբանական նոնսենսը: Անցած երկու տարիների ընթացքում հարաբերությունների վերականգնման հարցում դիմադրություն է ցուցաբերել եւ նախապայմաններ է առաջադրել ոչ թե 1,5 միլիոն զոհ տված եւ իր հայրենի տարածքների առնվազն 3 քառորդը կորցրած Հայաստանը եւ հայ ժողովուրդը, այլ ցեղասպան երկիրը, իր իսկ հանցանքը չճանաչող կառավարությունը: Սա, հիրավի, եզակի դեպք է համաշխարհային պրակտիկայում, քանզի հնարավոր չէ պատկերացնել, որ Իսրայելի հետ իր հարաբերությունների բարելավման դիմաց ժամանակին Գերմանիան կարող էր մտածել նախապայմաններ առաջադրել Հոլոքոստի զոհերի ժառանգների ստեղծած պետությանը: Թերեւս հայ-թուրքական երկխոսության հիմքում առկա նման բարոյահոգեբանական նոնսենսի առկայությամբ է պայմանավորված առանց նախապայմանների երկխոսության սկզբունքն առաջ տանելու հարցում Հայաստանի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ այլ երկրների կողմից առայժմ ցուցաբերվող որոշակի աջակցությունը:

– Ինչո՞ւ եք շեշտում «առայժմ» բառը, արդյոք կարծում եք հնարավո՞ր է այդ երկրների դիրքորոշումը փոխվի, եւ իրենք էլ սկսեն պաշտպանել թուրքական նախապայմանների լեզուն:

– Այո, ճիշտ նկատեցիք, որ այդ բառը շեշտում եմ, բայց եւ ուզում եմ ասել, որ չպետք է մոռանալ նախ՝ որ համաշխարհային քաղաքականության մեջ բարոյականությունը դեռեւս չի հաղթել նպատակահարմարությանը, եւ հետո՝ հարգում են այն երկրին ու ժողովրդին, ով հարգում է ինքն իրեն, եւ հաջորդը՝ չպետք է անտեսել, որ Թուրքիան շարունակում է ձգձգումները եւ այդ ընթացքում զուգահեռ զբաղված է նաեւ միջնորդ երկրներին խոստումներով կաշառելու, իսկ Հայաստանի հանդեպ՝ շանտաժի քաղաքականությունը: Նման պայմաններում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում մեր շտապողականությունը կարող է ծառայել սոսկ թուրքական կաշառքների չափաբաժնի մեծացմանը: Իսկ առնվազն առաջիկա երկու ամիսներին ԱՄՆ-Թուրքիա-Ռուսաստան-Եվրամիություն հարթության վրա սպասվող աշխարհաքաղաքական աճուրդի հանգուցալուծումը հնարավոր չէ առաջինը դուրս գա հոկտեմբերի 10-ին ստանձնած երկկողմ պարտավորությունների շրջանակից:

– Ուրեմն այս իրավիճակում մենք ոչինչ չե՞նք կարող անել, այնպես, ինչպես մենք ենք ուզում:

– Ես կարծում եմ, որ արձանագրությունների քննարկումը սկսելով՝ Հայաստանի Ազգային ժողովն իրեն ընձեռված առիթը պետք է օգտագործի հունվարի 12-ին ՍԴ-ի կայացրած հավասարակշռված որոշման իրավական դրույթներին քաղաքական բովանդակություն հաղորդելու եւ դրանց համար միջազգային լայն արձագանք ապահովելու համար: ՍԴ կողմից տրված իրավական գնահատականներն այնքան հստակ են, որ բավարար հիմքեր են ապահովում ինչպես մեր ազգային արժանապատվությունը պահպանելու, այնպես էլ Թուրքիայի համառությունը շարունակվելու եւ հարցը ձգձգելու պարագայում հայկական կողմից այդ արձանագրությունների վրայից մեր ստորագրությունը ետ կանչելու համար: Կարծում եմ՝ հարցի կապակցությամբ Ազգային ժողովը պետք է ձեւակերպի իր հստակ քաղաքական գնահատականները:

– Այսինքն՝ ի՞նչ պետք է անի Ազգային ժողովը, չվավերացնի՞ արձանագրությունները, թե՞ շուտափույթ վավերացնի:

– Առաջարկս հետեւյալն է՝ մինչեւ արձանագրությունների շուրջ շարունակվող միջազգային «առեւտրի» ավարտը առաջիկա երկու ամիսների ընթացքում ձեռնպահ մնալ այդ արձանագրությունները վավերացնելու, վերապահումներով հաստատելու կամ մերժելու քայլերից: Հաջորդ առաջարկս այն է, որ մեր խորհրդարանը ընդունի հատուկ դիմում՝ ուղղված աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին, որում ամրագրված կլինի այն գաղափարը, որ ՀՀ Ազգային ժողովը, լինելով Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առանց նախապայմանների վերականգնելու սկզբունքի ջատագովը, միաժամանակ չի կարող ընդունել միջպետական հարաբերությունների նորմալացումը, Հայոց ցեղասպանության փաստը հերքելու, կոծկելու կամ լռության մատնելու Թուրքիայի համառ փորձերը:

– Դուք առաջարկում եք մինչեւ ապրիլի կեսերը չվավերացնել կամ չմերժել արձանագրությունները՝ նշանակո՞ւմ է սա, որ, այնուամենայնիվ, կա մտահոգություն, որ խորհրդարանը կարող է եւ առաջ ընկնելով վավերացնել դրանք մինչեւ ապրիլի կեսերը՝ անկախ ամեն ինչից:

– Ես ունեմ այդպիսի մտավախություն, չնայած ՀՀ նախագահի դիրքորոշման հետ համաձայն եմ, նաեւ ասեմ, որ ամեն դեպքում մենք Թուրքիայից առաջ ենք: Նկատի ունեցեք, երբ երկրի նախագահն արձանագրությունները ներկայացնում է խորհրդարան, ԱԺ կանոնակարգի համաձայն՝ հարցը ներառվում է ԱԺ օրակարգում, այսինքն՝ արդեն մեր խորհրդարանի օրակարգում այդ հարցը կա, իսկ Թուրքիայում, նկատի ունեցեք, դեռեւս քննարկվում է հանձնաժողովում: Մենք արդեն իսկ առաջ ենք: Իսկ սա նշանակում է, որ մենք պետք է դանդաղ շտապենք, Հայաստանն արդեն մեկ քայլ եւս կատարել է իր նախաձեռնողական քաղաքականության իմաստով, մենք քայլը կատարել ենք, եւ ես այն կարծիքին եմ, որ այլ քայլ Հայաստանն այլեւս չպետք է կատարի, քանի դեռ Թուրքիան չի վավերացրել արձանագրությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել