Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ Է ԾԻԾԱՂՈՒՄ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ

Փետրվար 23,2010 00:00

\"\"ԱԻՄ նախագահը դրական միտումներ է տեսնում

«Հենց Հայ ազգային կոնգրես եք ասում՝ ծիծաղս գալիս է»,- երեկ նման հեգնանքով ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը արձագանքեց «Առավոտի» հարցին՝ ՀԱԿ-ի նախաձեռնած մարտիմեկյան հանրահավաքը առիթ եւ ներուժ կունենա՞ Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացնելու համար: Ու մի կուշտ ծիծաղելուց հետո ասաց. «Հայ մարդիկ են, հավաքված են, ինչ-որ ելքեր են փնտրում, բայց քանի անգամ հետ ու առաջ գնացին, քանի անգամ ռեւերանսներ արեցին, քանի անգամ «ավազակապետություն» հայտարարեցին՝ հետո «ավազակապետությանն» աջակցելու պատրաստակամություն հայտնեցին: Ինձ համար դա արդեն վաղուց ծիծաղելի կառույց է»: Հարցին՝ գտնում եք, որ Կոնգրեսն, իբրեւ քաղաքական ուժ, իրեն սպառե՞լ է, Հայրիկյանը հակադարձեց՝ «Չծնված՝ սպառել էր իրեն: Բայց ես չեմ ուզում դրան շատ անդրադառնալ: Գրագետ մարդու համար, այսպես կոչված, Կոնգրեսի պահվածքը հենց սկզբից էլ զավեշտով էր լի, իսկ ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող մարդկանց համար վիշտն ավելին է, քան զավեշտը»: Հայրիկյանի ինստիտուցիոնալ հիշողությունն իրեն հուշում է, որ ներկայիս իրավիճակի արմատները գալիս են ՀՀՇ-ական իշխանությունից:

Երկու ամիս Հայաստանից բացակայելով՝ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլում դրական միտումներ է տեսնում: Երեկ «Առավոտի» հետ զրույցում նա մատնանշեց «շատ ակնհայտ» հստակեցումները: Դրանք են. «Դեռ նախնական փուլում այս ամենը ես գնահատում էի իբրեւ սառույցը շարժվելու գործընթաց: Եվ երբ կուսակցությունների ղեկավարները նախագահին իրենց պատկերացումներն էին ներկայացնում՝ ԱԻՄ-ի առաջարկներից մեկն էլ այն էր, որ այս ամենն ինչ-որ ժամանակի մեջ տեղավորվի: Հիմա արդեն ժամանակային սահմանափակումներ մտցնելու պահանջ է դրվում, որն ինչ-որ տեղ նաեւ արժանապատվություն է շեշտում. հուսով եմ, որ մերոնք այդ հարցում հետեւողական կլինեն: Իսկ առանց արժանապատվության ոչինչ չի կարող լինել: Նաեւ՝ մենք կոչ էինք անում, որ հայ քաղաքական գործիչներն ընդհանրապես չօգտագործեին «ցեղասպանության ճանաչում» եզրույթը, այլ պետության անունից հանդես գալիս խոսեն ցեղասպանության հետեւանքները վերացնելու առաքելության մասին: Եվ, վերջապես, մեր վաղեմի կոչը՝ շրջանառության մեջ դնել նաեւ Նախիջեւանը: Կարծում եմ, որ դա դեռ առաջին քայլն է. կհասունանան մեր արտաքին գերատեսչության պատասխանատուներն այն իմաստով, որ մատուցելի կհամարեն նաեւ Կարս-Արդահանը: Ի վերջո, այդ տարածքը ցեղասպանությունից հետո է դարձել թուրքական տարածք, եւ այնտեղ նույնպես ցեղասպանություն է իրականացվել, հայեր չկան»: Հայրիկյանը նաեւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ իշխանական օղակներում լսողներ, այնուամենայնիվ, կան. «Գոնե երեք խորհուրդ լսում են՝ եթե ինքդ համառ ու հետեւողական ես»: Հետաքրքրվեցինք՝ արդյոք հայ քաղաքական եւ դիվանագիտական միտքն ի զորո՞ւ է ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու: «Եթե տարանջատում եք իշխանակիրներին եւ ողջ հայության ներուժը, ապա կարող եմ հանգիստ ասել՝ ոչ»,- ասաց պարոն Հայրիկյանը: Բայց մեր զրուցակիցը քաղաքական եւ դիվանագիտական ներուժ է համարում մարդկանց, ովքեր իշխանակիր չեն, բայց գործից հասկանում են, ավելին, իրենց չեն մեկուսացնում ազգային-քաղաքական կյանքից, հետեւաբար վստահ է, որ խնդիրներ չենք ունենա:

ԱԻՄ նախագահը խնդիր չի տեսնում, որ հայաստանյան խորհրդարանն անգամ միակողմանի վավերացնի արձանագրությունները. «Հայաստանն այստեղ կորցնելու ոչինչ չունի: Միջազգային հանրությունից իրենից սպասվող քայլերն անում է, մանավանդ ՍԴ-ի հիշեցումից հետո, որ ՀՀ-ն ունի Սահմանադրություն, եւ որեւէ միջազգային պայմանագրի Սահմանադրությունը դեմ չի կարող լինել»: Ընդհանրապես, Հայրիկյանը խնդրին այս կերպ է նայում. «Ժամանակին թուրքերը մի ախմախություն, գյադայություն են արել՝ սահմանը փակել են, հիմա պիտի դա ուղղեն. աշխարհն ասում է՝ գյադայությանդ վերջ տուր, մենք էլ ընդառաջում ենք, որ վերջ տան»:

Ներքաղաքական կյանքում ամենաէական՝ ժողովրդավարության հարցում որեւէ տեղաշարժ մեր զրուցակիցը չի արձանագրում, բայց, ընդհանուր առմամբ, զարգացման դրական միտումներ զգում է: Միայն ցավով է արձանագրում, որ այդ նախաձեռնությունները մերը չեն, պարզապես աշխարհին մերվելու, զուգընթաց զարգանալու իներցիայով ենք գնում: Ըստ նրա, հեռուստասերիալների քննարկում-քննադատումը թեպետ երկրորդական կարող են թվալ, սակայն հուշում են, որ «հասարակական մտահոգությունները սկսում են ավելի հիմնավոր անդրադարձի պահանջ ներկայացնել»: Ինչեւէ, ասում է. «Վիճակը շատ վատ չի, քանի որ հետընթաց չենք ապրում, ավելին, առաջ գնալու միտում կա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել