Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Փետրվար 20,2010 00:00

\"a\"

Գլուխ տասնիններորդ

ՍՈԿՈԼՈՎԻ ԿԱՐԾԻՔԸ

Եվ Դիման բաժակը բարձրացնելով ու ինձ ժպտալով ասաց՝ «կենացդ, ընկեր թամադա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «միշտ ըսենց զապասով ըլնես» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «քո մեծ հոգու կենացը» եւ մի քիչ էլ մտածեց ու խմեց, եւ ես ասացի՝ «շնորհակալ եմ», եւ Կլիմն ինձ ժպտալով հարցրեց՝ «այսինքն, Դիմայի ասածի հետ համաձա՞յն ես», եւ ես հարցրի՝ «ո՞ր ասածի հետ», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «որ ասում ա՝ մեծ հոգի ունես», եւ ես ժպտալով ասացի՝ «ըտենց ա ընդունված», եւ Կլիմը զարմացած հարցրեց՝ «ո՞նց ա ընդունված», եւ ես ժպտալով ասացի՝ «կենացների ժամանակ սովորաբար իրար գովաբանում են» եւ ժպտալով ավելացրի՝ «մարդկանց ինչ-ինչ արժանիքներ են վերագրում», եւ Կլիմը ժպտալով ինձ հարցրեց՝ «այսինքն, համաձայն չե՞ս, որ մեծ հոգի ունես», եւ Անդրյուշան Կլիմին ասաց՝ «որ մեծ հոգի չունենար, ձեր էդ խոսակցություններին տոն կտար», եւ Կլիմը հարցրեց՝ «ո՞ր խոսակցություններին», եւ Անդրյուշան ասաց՝ «Ռոդիոնովի պատմվածքի մասին», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ խոսակցության ժամանակ Արմենն էստեղ չէր. ո՞նց կարար տոն տար» եւ օղու շշին նայելով ավելացրեց՝ «էս շշի հետեւից էր գնացել», եւ Դիման ծիծաղելով ասաց՝ «որ մեծահոգի չըլներ՝ դժվար թե էսքան մեծ շիշ բերեր», եւ ես ժպտալով ասացի՝ «ունեցածս էս էր», եւ Դիման ժպտալով ինձ ասաց՝ «կարեւորն էն ա, որ սրտանց ես բերել», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «էրկու ժամ մտածում էր՝ բերի՞, թե՞ չբերի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ընդամենը ժամուկես եմ մտածել», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «դրա համար էլ ասում ենք, որ մեծահոգի ես», եւ ես ժպտալով ու բաժակս բարձրացնելով ասացի՝ «համոզեցիք», եւ Անդրյուշան կարմրելով ինձ ասաց՝ «ես էլ ասելու բան ունեմ, Արմեն Ակոպովիչ», եւ ես ժպտալով ասացի՝ «ասա, Անդրյուշ ջան», եւ Անդրյուշան ոտքի կանգնեց, խորը շունչ քաշեց եւ բաժակը բարձրացնելով ասաց՝ «ուզում եմ ձեր գրականության կենացը խմեմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «հայ գրականությա՞ն», եւ Անդրյուշան ասաց՝ «անձամբ քո՛ գրականության», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց իմ գրականությունը չես կարդացել, Անդրյուշ ջան», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «Անդրյուշը շատ ուժեղ հայերեն գիտի», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «հայերեն իմանալը հեչ պարտադիր չի», եւ Կլիմը հարցրեց՝ «բա ի՞նչն ա պարտադիր», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեծահոգությունը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մեծահոգի մարդը չի կարա վատ բան գրի», եւ Դիման ժպտալով ասաց՝ «մեծահոգի մարդ ինչքան ասես կա, բայց լավ գրողները շատ քիչ են», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեծահոգի մարդիկ էլ առանձնապես շատ չեն», եւ Դիման ժպտալով ասաց՝ «շատ հոռետես ես, Անդրյուշ դժան», եւ Անդրյուշան առանց Դիմային նայելու՝ բաժակը նորից բարձրացրեց ու ասաց՝ «քո գրականության կենացը, Արմեն Ակոպովիչ», եւ ես ժպտալով ասացի՝ «էսօր իմ մասին ահագին բան իմացա», եւ Կլիմը ժպտալով ինձ ասաց՝ «իմացար, որ մեծահոգի գրող ես», եւ ես ժպտալով ասացի՝ «գրող ըլնելս գիտեի, բայց մեծահոգի ըլնելս չգիտեի», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «հիմա արդեն իմացար», եւ երբ Անդրյուշան Կլիմին թարս նայելով խմեց, Կլիմը բաժակը բարձրացնելով ասաց՝ «ես էլ եմ ուզում մի քանի բան ասեմ, Ակոպիչ», եւ ես ժպտալով ասացի՝ «կարող ա՞ իմ ծնունդն ա», եւ Կլիմն ասաց՝ «տղերքը խոսացին, ես էլ եմ ուզում մի քանի անկեղծ բան ասեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «անկեղծությանդ չեմ կասկածում», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «դու նույնիսկ Սոկոլովի անկեղծությանը չես կասկածում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը քեզ ժամուկես խոսացրել ա, որ վրեքս թազա անոնիմկա գրի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ պիտի գրի», եւ Կլիմն ասաց՝ «կգրի, որ հարբել ու դեբոշ ենք սարքել», եւ ես ասացի՝ «բայց ոչ մի դեբոշ չենք սարքել», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չես կարա ապացուցես», եւ ես ժպտալով ասացի՝ «ոչ մի բան էլ չի գրի», եւ Անդրյուշան ասաց՝ «ինքը մենակ Ռոդիոնովի դեմ ա գրում», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմի որ Սանյան չկա՝ մեր դեմ կգրի», եւ ես ժպտալով ասացի՝ «ոչ մեկի դեմ էլ չի գրի», եւ Կլիմը զարմացած ինձ նայեց ու հարցրեց՝ «վստա՞հ ես», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «միանգամայն», եւ Անդրյուշան ասաց՝ «մեր դեմ չի գրի, բայց հենց որ Ռոդիոնովը վերադառնա, նորից կշարունակի Ալեքսանդր Ալեքսանդրովիչի դեմ գրել», եւ ես ժպտալով ասացի՝ «սխալվում ես, Անդրյուշ ջան», եւ Անդրյուշան զարմացած հարցրեց՝ «ո՞նց եմ սխալվում», եւ ես ժպտալով ասացի՝ «սրանից հետո ինքն ավելի շուտ մեր դեմ կգրի, քան՝ Սանյայի» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ավելի ճիշտ, սրանից հետո ինքը ոչ մեկի դեմ ոչ մի բան չի գրի», եւ Անդրյուշան զարմացած հարցրեց՝ «ո՞նց չի գրի», եւ ես ժպտալով ասացի՝ «կգրի, բայց ո՛չ անոնիմկա», եւ Կլիմը զարմացած հարցրեց՝ «էդ անասունն ուրիշ ի՞նչ կարա գրի», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «արձակ», եւ Դիման վրդովված ասաց՝ «էդ կեղտն ի՞նչ արձակ պիտի գրի», եւ ես ժպտալով ասացի՝ «կգրի՝ կիմանանք», եւ Անդրյուշան ասաց՝ «անհնարին բան եք ասում, Արմեն Ակոպովիչ», եւ ես ժպտալով ասացի՝ «անհնարին ա, բայց՝ ակնհայտ», եւ Անդրյուշան զարմացած հարցրեց՝ «ո՞նց ա ակնհայտ», եւ ես ժպտալով ասացի՝ «ես իմ կարծիքն եմ ասում», եւ Դիման ինձ հարցրեց՝ «քո կարծիքն ե՞ս ասում, թե կոնկրետ տեղեկություն ունես», եւ Կլիմն ինձ հարցրեց՝ «քեզ ո՞վ ա ասել, որ էդ անասունն արձակ ա գրելու», եւ ես ժպտալով ասացի՝ «անձամբ ինքն ա ասել», եւ Կլիմը ձեռքը թափ տալով արհամարհական ասաց՝ «ես էլ մտածեցի՝ լուրջ մարդուց ես լսել», եւ Անդրյուշան խղճահարությամբ նայեց ինձ ու ասաց՝ «դրանք անհամատեղելի բաներ են, Արմեն Ակոպովիչ», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա անհամատեղելի», եւ Անդրյուշան պատասխանեց ու ասաց՝ «Սոկոլովն ու արձակը», եւ ես ժպտալով ասացի՝ «ինքը վախտին արձակ ա գրել, որ Գրողների միության անդամ ա դառել», եւ Դիման ծիծաղելով ասաց՝ «երեւի անոնիմկա գրելու համար են Գրողների միության անդամ դարձրել», եւ Կլիմն ասաց՝ «էդ անասունը Գրողների միության անդամ չի», եւ Անդրյուշան զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ ա», եւ Կլիմը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «պարզապես անդամ ա», եւ ես ասացի՝ «որ չեք հավատում՝ ի՞նչ ասեմ», եւ Դիման հարցրեց՝ «ինչի՞ն չենք հավատում», եւ ես ժպտալով ասացի՝ «չեք հավատում, որ ինքը սրանից հետո մենակ գեղարվեստական ա գրելու», եւ Դիման ժպտալով հարցրեց՝ «գեղարվեստական անոնիմկա՞», եւ ես ժպտալով ասացի՝ «գեղարվեստական արձակ», եւ Անդրյուշան զարմացած հարցրեց՝ «այսինքն», եւ ես ասացի՝ «սրանից հետո ինքը մենակ պատմվածք ա գրելու» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «կամ էլ՝ վեպ», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «հո չասեցի՜ր» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «հեչ մեր Սանյան չի կարում վեպ գրի», եւ Անդրյուշան Կլիմին խեթ նայելով ասաց՝ «Ռոդիոնովին հանգիստ թող», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «որ դու ես ասում՝ հանգիստ կթողեմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինչքան չըլնի՝ հոբելյար ես», եւ Անդրյուշան նեղսրտած ասաց՝ «հոբելյար ըլնելս ոչ մի կապ չունի», եւ Դիման ժպտալով ասաց՝ «լափ էլ կապ ունի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հոբելյարին ոչ թե պիտի նեղացնեն, այլ պիտի մեծարեն», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «որ թամադան Ակոպիչն ըլնի՝ դժվար էլ մեծարենք» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «Արմենը փոխանակ Անդրյուշին մեծարի, մի գլուխ էդ անասունին ա մեծարում», եւ Դիման ծիծաղելով հարցրեց՝ «ո՞ր անասունին», եւ Կլիմը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «արձակագիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «վիպասան», եւ ես ժպտալով ասացի՝ «դուք էլ փոխանակ Անդրյուշին մեծարեք, մի գլուխ ինձ եք մեծարում», եւ Կլիմը զարմացած հարցրեց՝ «քեզ ե՞րբ ենք մեծարել», եւ ես ժպտալով ասացի՝ «մի ժամ ա՝ կենացս եք խմում», եւ Կլիմը հարցրեց՝ «կարող ա՞ Սոկոլովի կենացը խմենք», եւ Դիման վրդովված ասաց՝ «հերիք ա էդ անասունի անունը տաք», եւ Կլիմն արդարանալով ասաց՝ «էդ անասունի մասին Արմենը խոսք բացեց», եւ Դիման Կլիմին ասաց՝ «Արմենը խոսք բացեց, դու էլ հաճույքով շարունակում ես», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «բա չճշտե՞նք Սոկոլովն ինչ վեպ ա գրելու», եւ Անդրյուշան Կլիմին ասաց՝ «Սոկոլովին հանգիստ թող», եւ Կլիմը ծիծաղելով հարցրեց՝ «հիմի Սոկոլովի՞ն հանգիստ թողեմ, թե՞ Ռոդիոնովին», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էրկուսին էլ», եւ Կլիմը ժպտալով հարցրեց՝ «բայց իրանք իրար հետ ի՞նչ կապ ունեն», եւ ես ժպտալով ասացի՝ «պարզվում ա՝ շատ մեծ կապ ունեն», եւ Անդրյուշան ապշահար նայեց ինձ ու հարցրեց՝ «ի՞նչ կապ ունեն», եւ Կլիմն ասաց՝ «ես էլ չեմ հասկանում», եւ ես հարցրի՝ «ի՞նչը չես հասկանում», եւ Կլիմն ինձ ասաց՝ «պարզ չես խոսում», եւ Անդրյուշան Կլիմին ասաց՝ «չես թողում, որ պարզ խոսի», եւ Կլիմը զարմացած ասաց՝ «ո՞նց չեմ թողում», եւ Անդրյուշան նեղսրտելով ասաց՝ «անընդհատ միջամտում ես», եւ Կլիմն ասաց՝ «չեմ միջամտում» եւ ժպտալով ինձ ասաց՝ «լսում ենք ձեզ, Արմեն Ակոպովիչ», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ Սոկոլովը Սանյայի «Լիտգազետայի» պատմվածքից էնքան ա ոգեւորվել, որ որոշել ա պատմվածք գրի», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «նոր վեպ էիր ասում», եւ ես ասացի՝ «արձակ», եւ Անդրյուշան Կլիմին ասաց՝ «էլի խանգարում ես», եւ ես ասացի՝ «ինչ որ ասելու էի՝ ասեցի», եւ Կլիմն ինձ հարցրեց՝ «ի՞նչ ասեցիր», եւ Անդրյուշան իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «ասեց, որ Ռոդիոնովի պատմվածքից Սոկոլովն էնքան ա ոգեւորվել, որ որոշել ա ինքն էլ արձակ գրի», եւ ես ժպտալով ասացի՝ «շա՜տ ա ոգեւորվել», եւ Կլիմն ինձ հարցրեց՝ «բա դո՞ւ խի ես ոգեւորվել», եւ Անդրյուշան ասաց՝ «որ իմացա՝ ես է՛լ ոգեւորվեցի», եւ Կլիմն Անդրյուշային հարցրեց՝ «դո՞ւ խի ոգեւորվեցիր», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ընկերներիս գրածները հավանում են, միշտ էլ ոգեւորվում եմ», եւ Կլիմը զարմացած հարցրեց՝ «Սոկոլովի կարծիքն էդքան կարեւոր ա՞», եւ ես ժպտալով ասացի՝ «ամենակարեւորն էն ա, որ սրանից հետո Սոկոլովն անոնիմկաներ չի գրելու» եւ ժպտալով ավելացրի՝ «մենակ արձակ ա գրելու», եւ Կլիմն ասաց՝ «էդ անասունի ասածներին հավատո՞ւմ ես», եւ ես ժպտալով ասացի՝ «չհավատալու ոչ մի հիմք չունեմ», եւ Դիման ինձ հարցրեց՝ «իսկ հավատալո՞ւ ինչ հիմքեր ունես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մարդը որ մի բան ա խոստանում, պիտի հավատաս», եւ Կլիմը քամահրանքով հարցրեց՝ «ուզում ես ասես՝ էդ անասունը մարդ ա՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որոշել ա մարդ դառնա», եւ Դիման հարցրեց՝ «բայց կարա՞ դառնա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «կապրենք՝ կտեսնենք», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «էդքան կապրե՞նք», եւ ես ժպտալով ասացի՝ «Աստված տա՝ ապրենք», եւ Դիման ժպտալով ինձ ասաց՝ «դրա համար եմ ասում՝ շա՜տ մեծահոգի ես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «նույնիսկ էդ անասունին ես հավատում», եւ Կլիմը ծիծաղելով Դիմային ասաց՝ «փաստորեն, Ակոպիչին բացասական իմաստով էիր մեծահոգի ասում», եւ Անդրյուշան ասաց՝ «մեծահոգին չի կարա բացասական իմաստ ունենա», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեծահոգությունն էլ պիտի չափ ու սահման ունենա» եւ մի քիչ էլ մտածեց ու քամահրանքով ավելացրեց՝ «մենակ էդ էր պակաս, որ էդ կեղտի հանդեպ էլ մեծահոգություն ցուցաբերենք», եւ ես ծիծաղելով ասացի՝ «արդեն համոզել եք, որ մեծահոգի եմ, հիմի էլ համոզում եք, որ չափից ավելի մեծահոգի եմ», եւ Անդրյուշան ասաց՝ «մեծահոգությունը չափավոր կամ չափազանց չի ըլնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մարդը կամ մեծահոգի ա ըլնում, կամ էլ՝ փոքրոգի», եւ Կլիմը լրջանալով ասաց՝ «այսինքն, մենք որ էդ անասունին չենք հավատում, ուրեմն փոքրոգի՞ ենք», եւ ես կատակով ասացի՝ «որ մեծահոգի ըլնեիք՝ Սանյայի պատմվածքը կհավանեիք», եւ Անդրյուշան ոգեւորված ասաց՝ «Շեկոյանը ճիշտ ա ասում», եւ Դիման հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ մեծահոգի ըլնեիք, ձեր ընկերոջ պատմվածքի դրական կողմերը կնկատեիք, ոչ թե՝ բացասականները», եւ Կլիմը զարմացած հարցրեց՝ «էդ պատմվածքը դրական կողմեր էլ ունի՞», եւ Անդրյուշան պատասխանեց ու ասաց՝ «լիքը», եւ Դիման հարցրեց՝ «օրինակ», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ դրական կողմեր չըլնեին՝ Սոկոլովը չէր հավանի», եւ Կլիմը վրդովված ասաց՝ «այսինքն, էդ անասունի ասածը մեր համար օրենք ա՞», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ անասունը որ Ալեքսանդր Ալեքսանդրովիչի պատմվածքը հավանել ա, ուրեմն՝ էնքան էլ անասուն չի», եւ Կլիմը նեղսրտած ասաց՝ «որ անասուն չի՝ խի՞ ես անասուն ասում», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ձեր բառն եմ կրկնում», եւ Դիման հարցրեց՝ «որ անասուն չի՝ խի՞ ես մեր բառը կրկնում», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «սրանից հետո չեմ կրկնի», եւ Դիման հարցրեց՝ «որ չկրկնես՝ ինքը կդադարի՞ անասուն ըլնելուց», եւ ես Անդրյուշայի փոխարեն պատասխանեցի ու ասացի՝ «որ անոնիմկա գրելը թարգի ու սկսի արձակ գրել, հաստատ կդադարի անասուն ըլնելուց», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «որ մորքուրս էլ որոշ բարեմասնություններ ունենար, քեռի կասեինք», եւ Անդրյուշան ասաց՝ «գոնե ուրախալի բաներից ուրախացեք», եւ Դիման հարցրեց՝ «ուրախալին ո՞րն ա», եւ Կլիմը ժպտալով Դիմային հարցրեց՝ «չես հասկանո՞ւմ՝ ուրախալին որն ա», եւ Դիման հարցրեց՝ «ո՞րն ա», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «եթե ինչ-որ մեկը Սանյայի էդ պատմվածքի մեջ որեւէ դրական բան ա հայտնաբերել, էդ արդեն շատ ուրախալի ա», եւ ես ժպտալով ասացի՝ «մանավանդ որ՝ էդ մեկը Սոկոլովն ա» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ինքը սովորաբար ամեն ինչի մեջ մենակ վատ բաներ էր հայտնաբերում», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ էդ պատմվածքի մեջ դրական բան գոյություն ունենար, ոչ թե էդ անասունը կհայտնաբերեր, այլ՝ մենք», եւ Անդրյուշան հարցրեց՝ «մենք՝ ո՞վ», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ասաց՝ «օրինակ, ես ու Դիման», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «լավ կըլնի, որ ամեն մեկս մեր անունից խոսանք», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ անունից եմ ասում», եւ Անդրյուշան ժպտալով հարցրեց՝ «քո անունից ի՞նչ ես ասում», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասում եմ, որ էդ անասունի հավանելն ու չհավանելն իմ համար հիմք չի» եւ մի քիչ էլ մտածեց ու վրդովված հարցրեց՝ «կարող ա՞ էդ անասունը ճաշակի օրենսդիր ա», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ մեկս էլ ճաշակի օրենսդիր չենք», եւ Դիման քամահրանքով ասաց՝ «առաջին հերթին՝ էդ անասունը», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շա՜տ հետաքրքիր ա», եւ Կլիմը հարցրեց՝ «ի՞նչն ա հետաքրքիր», եւ Անդրյուշան ժպտալով ասաց՝ «հետաքրքիր ա, որ Սոկոլովի անասուն ըլնելը հենց հիմա հիշեցիք», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրան միշտ էլ անասուն ենք ասել», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինչ-որ չեմ հիշում», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու վրդովված ասաց՝ «հիշողությունդ ստուգել տուր», եւ Անդրյուշան քմծիծաղով ասաց՝ «հիշողությունիցս առանձնապես դժգոհություն չունեմ», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրեմն, պիտի հիշես, որ հիմնականում Սանյան էր էդ տականքին անասուն ասում», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ ինքը հիմնականում Ռոդիոնովի դեմ էր խոսում ու գրում», եւ Դիման ժպտալով ասաց՝ «բայց Ակոպիչին ասել ա, որ սրանից հետո ոչ մեկի դեմ չի գրելու», եւ ես ժպտալով ասացի՝ «ընդհակառակը. սրանից հետո ավելի շատ ա գրելու», եւ Դիման ծիծաղելով հարցրեց՝ «գեղարվեստակա՞ն», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու քամահրանքով ասաց՝ «կգրի՝ կուրախանաք» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «երեւի էդ անասունը մտածել ա՝ որ Սանյան կարում ա գրի, ե՞ս խի չեմ կարա», եւ Անդրյուշան զզվանքով նայեց Կլիմին ու հարցրեց՝ «հետաքրքիր ա՝ դո՞ւք ինչ եք մտածում», եւ Դիման ժպտալով Անդրյուշային հարցրեց՝ «էդ արդեն Կլիմի հետ դուք-ով ե՞ս խոսում», եւ Անդրյուշան ասաց՝ «էրկուսիդ եմ հարցնում», եւ Դիման ժպտալով ասաց՝ «բայց մենք տարբեր մարդիկ ենք», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «տարբեր մարդիկ եք, բայց իրար նման եք մտածում», եւ Դիման ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ մասին ենք իրար նման մտածում», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարեւոր հարցերում նույն կարծիքին եք», եւ Կլիմը խորամանկ ժպտալով հարցրեց՝ «կարեւոր հարցը Սանյայի պատմվածքն ա, չէ՞», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ պատմվածքն էլ ա կարեւոր», եւ Դիման Անդրյուշային հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ Կլիմն ու ես էդ պատմվածքի մասին իրար նման ենք մտածում», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էրկուսդ էլ էդ պատմվածքը չեք հավանել», եւ Կլիմն  ասաց՝ «որ չենք հավանել, էդ չի նշանակում թե՝ իրար նման ենք մտածում», եւ ես ժպտալով ասացի՝ «տարբեր ձեւով չեն հավանել», եւ Կլիմը ժպտալով Անդրյուշային հարցրեց՝ «հիմի որ էդ անասունն ու դու Սանյայի գրածը հավանել եք, նշանակում ա՝ իրար նման ե՞ք մտածում», եւ Անդրյուշան բավական երկար մտածեց ու ոչինչ չասաց, եւ ես Կլիմին ու Դիմային ասացի՝ «ծնունդի օրով ի՞նչ եք տղին վրա տվել», եւ Կլիմը հարցրեց՝ «ո՞նց ենք վրա տվել», եւ ես ասացի՝ «ավտոմատի պես կրակում եք», եւ Անդրյուշան թախծոտ ժպտալով ասաց՝ «եթե դրանից հաճույք են ստանում՝ թող կրակեն», եւ Դիման ասաց՝ «ոչ կրակում ենք, ոչ էլ հաճույք ենք ստանում», եւ ես ասացի՝ «թշնամու պես վրա եք տվել», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ինձ հարցրեց՝ «դո՞ւ ինչ կարծիքի ես, մեծահոգի», եւ ես հարցրի՝ «ինչի՞ մասին», եւ Կլիմն ասաց՝ «էդ պատմվածքի մասին», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «չեմ ուզում ձեր ներքին հարցերի մեջ քիթս խոթեմ», եւ Դիման զարմացած հարցրեց՝ «մեր ներքին հարցը ո՞րն ա», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «ռուս գրականությունը» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «վաղը դուք իրար հետ կբարիշեք, ու ես վատամարդ դուրս կգամ», եւ Դիման մի քիչ մտածեց ու ասաց՝ «մենք չենք էլ խռովել, որ բարիշենք կամ չբարիշենք», եւ ես ժպտալով ասացի՝ «որ իրա էդ պատմվածքը չեք հավանել, շուտ թե ուշ կխռովեք», եւ Կլիմը խորամանկ ժպտալով ինձ ասաց՝ «մի ցրի, մեծահոգի», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչն եմ ցրում», եւ Կլիմը խորամանկ ժպտալով հարցրեց՝ «էդ պատմվածքը հավանե՞լ ես, թե՝ չէ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էդ պատմվածքն ամիսուկես առաջ եմ կարդացել», եւ Կլիմը նորից հարցրեց՝ «հավանե՞լ ես, թե՝ չէ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «լավ չեմ հիշում», եւ Կլիմը հարցրեց՝ «ի՞նչը լավ չես հիշում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էդ պատմվածքը», եւ Կլիմը խորամանկ ժպտալով հարցրեց՝ «բայց հավանե՞լ ես», եւ ես ժպտալով ասացի՝ «ես ռուսերեն հազիվ եմ կարդում. ո՞նց պիտի հավանեմ կամ չհավանեմ», եւ Դիման հարցրեց՝ «Տոլստոյին ու Դոստոեւսկուն էլ չես հավանո՞ւմ», եւ ես ժպտալով ասացի՝ «Գոգոլին էլ եմ հավանում», եւ Կլիմը հարցրեց՝ «բա իրանց գրածները ո՞նց ես հասկացել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որովհետեւ իրանց գրածները հայերեն եմ կարդացել», եւ Դիման զարմացած հարցրեց՝ «իրանց գրածները հայերեն կա՞ն», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «համարյա լրիվ», եւ Կլիմը քամահրանքով ասաց՝ «պատկերացնում եմ՝ հայերեն ոնց կըլնեն», եւ ես ասացի՝ «հայերեն չտեսնված են», եւ Դիման մի քիչ մտածեց ու ասաց՝ «հեչ չեմ պատկերացնում», եւ ես Դիմային հարցրի՝ «դու «Դոն Կիխոտը» հավանո՞ւմ ես», եւ Դիման զարմացած ասաց՝ «ո՞նց կարամ «Դոն Կիխոտը» չհավանեմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «իսպաներեն ե՞ս կարդացել», եւ Դիման պատասխանեց ու ասաց՝ «չէ՝ ռուսերեն», եւ ես ասացի՝ «ես էլ ձերոնց եմ հայերեն կարդացել», եւ Կլիմն ինձ հարցրեց՝ «կարող ա՞ Պուշկինին էլ ես հայերեն կարդացել», եւ ես ասացի՝ «Պուշկինին ու բոլոր ռուս բանաստեղծներին ռուսերեն եմ կարդացել» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «ստիպված», եւ Կլիմը զարմացած հարցրեց՝ «էդ ո՞նց հասկանանք», եւ ես ասացի՝ «բանաստեղծությունը հնարավոր չի թարգմանել», եւ Դիման մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց Պուշկինն արձակ էլ ունի», եւ ես ասացի՝ «արձակը հայերեն եմ կարդացել» եւ մի քիչ մտածեցի ու կրկնեցի՝ «բանաստեղծությունը հնարավոր չի թարգմանել», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «դու բանաստեղծ ես, դրա՛ համար ես ըտենց ասում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հնարավոր ա», եւ Դիման մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ճիշտն ուզում եք իմանաք՝ արձակն էլ հնարավոր չի թարգմանել», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մանավանդ՝ Գոգոլի արձակը», եւ Դիման ինձ ասաց՝ «հեչ չեմ պատկերացնում՝ ձերոնք ոնց են Գոգոլին թարգմանել», եւ ես ժպտալով ասացի՝ «ոնց որ ձերոնք Սերվանտեսին են թարգմանել, էդպես էլ մերոնք Գոգոլին են թարգմանել», եւ Դիման մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «հայերեն «Մեռած հոգիները» կա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Կլիմը քամահրանքով ասաց՝ «պատկերացնո՜ւմ եմ», եւ Դիման մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես չեմ էլ պատկերացնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ախր «Մեռած հոգիները» ծերից ծեր բանաստեղծություն ա», եւ ես ասացի՝ «բայց «Դոն Կիխոտն» էլ ա ծերից ծեր բանաստեղծություն», եւ Կլիմն ասաց՝ «բայց մերոնք լավ էլ թարգմանել են», եւ ես ժպտալով ասացի՝ «մերոնք էլ վատ չեն թարգմանել», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «բա ասում ես՝ բանաստեղծությունը հնարավոր չի թարգմանել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ամեն դեպքում՝ «Դոն Կիխոտն» ու «Մեռած հոգիներն» արձակ գործեր են» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «բանաստեղծությունը հնարավոր չի թարգմանել»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել