Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻ ՀԱՄԵՐԳԸ

Փետրվար 20,2010 00:00

Երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես եկան 8-16 տարեկան երաժշտական միջազգային մրցույթների այն դափնեկիրները, ովքեր 2009 թ. ՀՀ  մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ մասնակցել էին տարբեր երկրներում մրցույթների: «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» տնօրեն Նելլի Սարգսյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ 29 դափնեկիրներից համերգին ելույթ կունենան միայն 23-ը, իսկ մնացածները, մեր զրուցակցի խոսքով, ելույթ չեն ունենա, քանի որ. «յոթնամյա դպրոցն ավարտելուց հետո որոշել են չշարունակել ուսումը, ընդունվել են տարբեր բուհեր ու իրենց այլ մասնագետ են տեսնում: Ելույթ ունեցողներն էլ միայն Երեւանից են»: Տնօրենն այս վիճակը պայմանավորում է այն հանգամանքով, որ արվեստի ոլորտի մասնագիտությունները երիտասարդներին չեն հետաքրքրում. «Ձգտում չկա, որովհետեւ երաժշտության բնագավառը քիչ վարձատրվող ասպարեզ է: Աշխատավարձը ցածր է, վերաբերմունքը երաժշտական դպրոցների հանդեպ այն չէ, մի խոսքով՝ անտեսված ենք: Ավելի անմխիթար պայմաններում են մարզերի երաժշտական դպրոցները: Գյումրիում մինչեւ հիմա դեռ բարաքների մեջ են պարապում»:
Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի 4-րդ դասարանի աշակերտուհի Արեւիկ Թորոսյանը մասնակցել էր Սիրիայի «Սոլի ալվադի» դաշնամուրային մրցույթին, նաեւ Վրաստանի եւ Իտալիայի մրցույթներին ու բազմաթիվ մրցանակների արժանացել: «Դեռ չեմ որոշել՝ երաժշտական ուղղությամբ կշարունակե՞մ, թե՞ ոչ»,- ասաց դաշնակահարուհին: Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 15-ամյա սան Նաիրա Վարդանյանն էլ իտալական միջազգային մրցույթի է մասնակցել ու ստացել 2 դիպլոմ: Նա «Առավոտին» խոստովանեց, որ առանց ջութակի՝ իրեն չի պատկերացնում:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել