Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գրան պրին՝ «Գեղարդին»

Փետրվար 20,2010 00:00

Ս. Գեղարդ վանքի երգեցիկ խումբը Բելառուսի Գրոդնո քաղաքում տեղի ունեցած «Կոլոժսկի բլագովեստ» մրցույթ- փառատոնում արժանացել է գլխավոր՝ Գրան պրի մրցանակին: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգչախմբի գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ Մհեր Նավոյանը նախ բացատրեց մրցույթի անվանումը. «Ինչու «Կոլոժսկի բլագովեստ», որովհետեւ նրանք ունեն Կոլոժ անունով  12-րդ դարի եկեղեցի, եւ հենց այդ ուղղափառ եկեղեցու անունով էլ սովորաբար տեղի է ունենում մրցույթը»: Այնուհետեւ պարոն Նավոյանն ասաց, որ ուղղափառ երգասացությունների մրցույթը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, որին մասնակցել են 40 կոլեկտիվ 6 երկրից՝ Լիտվայից, Սերբիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Բելառուսից եւ Հայաստանից: Պարոն Նավոյանի խոսքով, իրենց անսամբլը ներկայացրել է 25 րոպե տեւողությամբ ծրագիր, որտեղ ներառված էին հայ միջնադարյան հոգեւոր երգեր եւ խմբերգային մշակումներ՝ ոչ միայն Կոմիտասից, այլեւ ժամանակակից կոմպոզիտոր Երվանդ Երկանյանից: Պարոն Նավոյանն ասաց նաեւ, որ մրցույթի ժյուրիի կազմում հոգեւորականներ էին. «Բավականին շատ էին հոգեւորական երաժիշտները, ժյուրին էլ ղեկավարում էր պրոֆեսիոնալ կոմպոզիտոր՝ ավագ քահանա Անդրեյ Բոնդարենկոն»:
«Գեղարդի» գեղարվեստական ղեկավարի խոսքով, Հայաստանից ժյուրիի կազմում ընդգրկված էր ինքը. «Գուցե տարօրինակ թվա, որ մեր խումբը մասնակցում էր մրցույթին, իսկ ես էլ ժյուրիի կազմում էի, ինձ համար էլ էր զարմանալի, այլ հարց է, որ կանոնակարգը այդպես չէր ամրագրում: Պատշաճության համար յուրաքանչյուր խմբի քննարկման դեպքում ներկայացուցիչը չէր մասնակցում քվեարկությանը, որպեսզի հնարավոր լիներ պահպանել օբյեկտիվությունը»: Մ. Նավոյանը նաեւ պատմեց, որ «Գեղարդը» ժյուրիին ուղղակի հիացրել է. «Մեզ հանձնեցին գլխավոր մրցանակը՝ պարզաբանելով, որ մեր անսամբլը առանձնանում էր կատարողական բարձր որակով»: Անսամբլի ղեկավարը տեղեկացրեց, որ հաջող ելույթից հետո ստացել են նաեւ արտերկիր մեկնելու հրավերներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել