Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԵՂԵ՞Լ Է, ԹԵ՞ ՉԻ ԵՂԵԼ

Փետրվար 20,2010 00:00

«Լինում է, չի լինում» ներկայացման վրա ծախսված գումարը տարակարծությունների տեղիք է տվել

«Առավոտի» տեղեկություններով, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնում շարունակում են եռալ կրքերը, սրվել հակամարտությունը՝ թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանի եւ մի խումբ աշխատակիցների միջեւ: Պատճառը տնօրենի հանդեպ մարզային դատախազության «հետաքրքրությունն» է՝ 2009թ. պետպատվերի շրջանակներում իրականացված «Լինում է, չի լինում» ներկայացման բեմադրական ծախսերի յուրացման առիթով:
Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում Հ. Չախմախչյանը հայտնեց, որ թատրոնում կան մի խումբ «չուզողներ», որոնք ժամանակ առ ժամանակ ապակայունացնում են իրավիճակը, զրպարտություններով ու անհիմն մեղադրանքներով դիմում տարբեր ատյաններ: Ըստ պարոն Չախմախչյանի, «Լինում է, չի լինում» ներկայացումը ընդգրկված է եղել 2009թ. Հ. Թումանյանի ծննդյան 140-ամյակի ծրագրի շրջանակներում, ֆինանսավորվել է մշակույթի նախարարության կողմից՝ 1 100 000 դրամով: Բեմադրությունն իրականացվել է նախագծի հեղինակ Հ. Չախմախչյանի եւ թատրոնի համակարգող Արամ Մխիթարյանի կողմից: «Գումարը ստացվել եւ ծախսվել է ըստ նախահաշվի: Հավաստիացնում եմ, որ որեւէ չարաշահում չի եղել, ավելին՝ ելնելով նպատակահարմարությունից, թատրոնի գեղարվեստական խորհուրդը որոշում է կայացրել բեմադրությունն ընդգրկել խաղացանկում»,- նշեց տնօրենը:
Նա չհերքեց քրեական գործ հարուցելու փաստը, սակայն հայտնեց, որ ստուգումների արդյունքում պարզվել է, որ ամեն ինչ եղել է օրինական, եւ գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով:
Չնայած սրան, վանաձորցիները շարունակում են բողոքել:  Անկախ ստուգումների արդյունքներից, ճշտի ու սխալի բախումից ակնհայտ է, որ Վանաձորի թատրոնում ինչ-որ բան այն չէ: Ինչպես հավաստիացնում են մեր աղբյուրները, դրա ապացույցներից մեկն այն է, որ թատրոնի կոլեկտիվը  անցած տարվա օգոստոսին  ընդհանուր ժողովում որոշում է կայացրել զրպարտությունների եւ կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտն աղավաղելու համար աշխատանքից հեռացնել տեխնիկական ռեժիսոր Անահիտ Աղաբեկյանին եւ նրա քրոջը՝ դերասանուհի Արմինե Աղաբեկյանին: Չնայած ասվածի առիթով մշակույթի նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը զեկուցագիր է ներկայացրել նախարարին, սակայն մինչ օրս քույրերը շարունակում են աշխատել: «Առավոտին»  հաջողվեց ճշտել, որ ընդհանուր ժողովում բացահայտվել են Աղաբեկյան քույրերին դրդողները, նրանք են՝ թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Սոֆյա Սողոմոնյանը եւ նրա ամուսինը՝ բեմադրիչ Ջանիկ Ավետիսյանը:
«Լինում է, չի լինում» ներկայացման բեմադրական ծախսերի յուրացման հետ կապված տեղեկությունները փորձեցինք ճշտել նաեւ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանից: Վերջինիս փոխանցմամբ, իրոք,   իրավապահ մարմինները  ստացել են ահազանգ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնում բեմադրված «Լինում է, չի լինում» ներկայացման համար՝ 2 միլիոնից ավելի պետական գումար մսխելու մասին: «Ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր, կատարվել ստուգումներ: Պարզվել է, որ հատկացված է եղել 1 մլն 200 հազար դրամ գումար, ինչը ծառայել է նպատակին: Քրգործ չի հարուցվել՝ հանցակազմի բացակայության պատճառով»,- պարզաբանեց մամուլի խոսնակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել