Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇՈԿՈԼԱԴԸ ՀԱՐՄԱՐ ՄԻՋՈՑ ՉԷ

Փետրվար 20,2010 00:00

Իսկ ինքնազսպումը վտանգավոր է

«Դժվար է հստակ ասել, թե ինչ խնդիրներ կարող է ունենալ կինը սեռական ակտից խուսափելու դեպքում»,- ասում է մանկաբարձ-գինեկոլոգ Եվա Ավագյանը ու պատասխանում մեր հարցին, թե արդյո՞ք ինքնազսպման հետեւանքով հնարավոր է ձեռք բերել լուրջ հիվանդություններ:
«Հաճախ եմ հանդիպում այս կարգի խնդիրներ ունեցող կանանց: Թեեւ իրենք երբեք չեն արտահայտվում, էլ ուր մնաց նման խնդրով դիմեն մեզ: Սեռական ակտից ինչ-ինչ պատճառներով խուսափող կինը, որպես կանոն, փորձում է ինքն իրեն համոզել, որ իր կյանքում սեքսը ամենեւին էլ պարտադիր չէ»,- ասում է Ե. Ավագյանը ու հավելում, որ ինքնազսպման մասին ինքը իմանում է միայն հիվանդի բուժման ընթացքում:
Բժշկուհին նշում է, որ ինքնազսպումը կարող է կնոջը դարձնել ֆրիգիդ: Հարցրինք նաեւ վագինիզմ հիվանդության մասին, որը շատ դեպքերում ի հայտ է գալիս սեռական ակտից խուսափելու դեպքում:
«Առհասարակ վագինիզմով տառապող հիվանդին դեղորայք չի նշանակվում: Այս հիվանդության մասին ավելի շատ գիտեն հոգեբանները: Հաճախ խորհուրդ ենք տալիս ասեղնաբուժություն, գինեկոլոգիական մերսում եւ անպայման հոգեբանի կոնսուլտացիա: Այս հիվանդության պատճառները տարբեր կարող են լինել եւ սեռական ակտից խուսափելը միակ պատճառը չէ: Օրինակ, փոքր տարիքում բռնաբարության փորձի հետեւանք եւ այլն»,- ասում է զրուցակիցս:
Հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ են զուգընկերոջը փոխարինել վիբրատորներն ու սեքս-խաղալիքները: Եվ արդյո՞ք կան Հայաստանում սեքս-խանութներ: Վտանգավո՞ր է մաստուրբացիայով զբաղվելը: «Ոչինչ չեմ կարող ասել: Եթե հիշողությունս չի դավաճանում, մի խանութ կար Կասկադի հարեւանությամբ, բայց այն կարծես այսօր չի գործում: Դժվարանում եմ հստակ ասել, թե արդյո՞ք այդ խաղալիքները մարդիկ գնել են եւ կիրառել… Թեեւ համոզված եմ, որ հայ կանայք դժվար թե այդ խանութից ինչ-որ բան գնեին, քանի որ շատերը բարդույթավորվում են նույնիսկ դեղատնից պահպանակ գնել: Ինչ վերաբերում է մաստուրբացիային, այն այսօր գրականության մեջ չի դասվում որպես հիվանդություն, թեեւ ունի իր բացասական կողմերը: Այն դառնում է սովորություն, որից մարդը դժվարությամբ է հրաժարվում»,- նշեց Ե. Ավագյանը՝ մտաբերելով, որ տարիներ առաջ մի դեպք էր գրանցվել, երբ աղջնակը սեքս-խաղալիքի փոխարեն փորձել էր սեռական հաճույք ստանալ կենցաղային իրով: Արդյունքում՝ վիրահատության հետեւանքով մեծ դժվարությամբ բժիշկներին հաջողվել է հեռացնել շատ խորը թափանցած իրը եւ մի կերպ փրկել նրա կյանքը: Այստեղից կարելի է եզրակացնել, որ խաղալիքներով եւ իրերով տարվելը փաստորեն վտանգավոր է:
Բժշկուհին նշեց նաեւ, որ իր այցելուները, հատկապես երիտասարդները, հաճախ գանգատվում են իրենց մի տեսակ չհաջողված կյանքից: Հաճախ նրանց զուգընկերը լինում է ամուսնացած տղամարդ: Որպես կանոն, այս կապերն էլ երկարատեւ բնույթ չեն կրում: Այստեղից էլ առաջանում են սեքսուալ դեպրեսիաներ, ինքնազսպում, որի ընթացքում բժշկուհին խորհուրդ չի տալիս տարվել դեղահաբերով, քանի որ դրանց ազդեցությունը ժամանակավոր է:
«Վերջին շրջանում շատացել են կանանց մոտ բորբոքային պրոցեսները, արգանդի վզիկի էրոզիաները: Սա նրանից է, որ աղջիկը շատ վաղ է սկսում ապրել սեռական կյանքով»,- ասաց Ե. Ավագյանը:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյո՞ք սեքսուալ դեպրեսիայի ժամանակ կնոջը կարող է օգնել շոկոլադը: Ասում են՝ այն հակադեպրեսանտ է: Գինեկոլոգը մի քիչ թերահավատությամբ պատասխանեց. «Հակադեպրեսանտ կարող է լինել յուրաքանչյուր քաղցրավենիք՝ մուրաբա, խմորեղեն… Հայտնի է, որ քաղցրավենիքը պարունակում է երջանկության ֆերմենտ, բայց դա ելքից դուրս գալու տարբերակ չէ, մանավանդ, եթե կինը ունի ավելի քաշ գցելու հակում: Այցելուներիս խորհուրդ եմ տալիս սնվել չափավոր, օրը հինգ անգամ՝ քիչ չափաբաժիններով»,- հավելեց բժիշկը՝ եզրափակելով, որ սեքսուալ դեպրեսիաներից ու սեռական զգացմունքները լուրջ հետեւանքներից խուսափելու միակ ճանապարհը՝ ճիշտ զուգընկեր գտնելն է: Խոսքը պատահական կապեր հաստատելու մասին չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել