Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռազմական հեղաշրջում՝ Նիգերում

Փետրվար 20,2010 00:00

\"\"Աֆրիկայի արեւմուտքում գտնվող Նիգերում, որն ունի մոտ 15 մլն բնակչություն, նախօրեին ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել: Զինվորականների մի խումբ, սպա Ամադու Խարունի գլխավորությամբ, կեսօրին գրոհով վերցրել են երկրի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող նախագահական պալատը, որտեղ այդ պահին ընթանում էր կառավարության նիստ: Գրոհից առաջ փոխհրաձգություն է եղել, որի արդյունքում զինվորականների շրջանում եղել են զոհեր եւ վիրավորներ: Խռովարար զինվորականների կողմից իշխանությունից հեռացվել եւ ձերբակալվել է երկրի նախագահ Թանջա Մամադուն: Գրավելով նախագահական պալատը, դավադիրները հեռուստատեսությամբ դիմել են երկրի ժողովրդին՝ հայտարարելով, որ Նիգերի Սահմանադրությունը կասեցվել է, իսկ պետական որեւէ ինստիտուտ այլեւս չի աշխատելու: Երկրում մտցվել է պարետային ժամ, նրա սահմանները փակվել են: Նախագահ Թանջան, որը երկիրը կառավարում էր ավելի քան 10 տարի, կալանքի տակ է: Հաղորդվում է, որ զինվորականները ձերբակալել են նաեւ կառավարության անդամներին:
«Reuters»-ի փոխանցմամբ, Նիգերում իրավիճակը թեժանալ սկսել էր դեռ անցյալ տարվա օգոստոսից, երբ երկրի նախագահի նշանակած համաժողովրդական հանրաքվեի արդյունքում երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ էին կատարվել, որոնք նրան հնարավորություն էին տվել նախագահի պաշտոնը զբաղեցնել անսահմանափակ ժամկետով: Հանրաքվեից առաջ Թանջան լուծարել էր Սահմանադրական դատարանը, որը մինչ այդ երեք անգամ որոշում էր կայացրել՝ արգելելով նրան հանրաքվե անցկացնել: 2009 թ. վերջին նա հրաժարվել էր վայր դնել դեկտեմբերի 22-ին սպառված նախագահի իր լիազորությունները, ինչը խստորեն դատապարտել էին երկրի ընդդիմությունը եւ աֆրիկյան մյուս երկրները: Նիգերի անդամությունը արեւմտաաֆրիկյան տարածաշրջանային կազմակերպությանը կասեցվել էր, ԱՄՆ-ն սահմանափակել էր Նիգերի կառավարության անդամների մուտքը ԱՄՆ, նաեւ դադարեցրել էր այդ երկրին մարդասիրական օգնության տրամադրումը:
Զինվորականները, որոնք իրենց հռչակել են որպես երկրում ժողովրդավարության վերականգնման բարձրագուն խորհուրդ, հայտարարել են, թե իրենք՝ անվտանգության եւ պաշտպանության ուժերը որոշում են ընդունել պատասխանատվություն ստանձնել եւ վերջ դնել երկրում քաղաքական վիճակի լարվածությանը, երկրում հաստատել ժողովրդավարություն: Խորհուրդը նաեւ երկրի բոլոր քաղաքացիներին եւ միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել իր գործողություններին:
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին՝ ներկայացնելով Միացյալ Նահանգների դիրքորոշումը, հայտարարել է, թե «ստեղծվել է դժվարին իրավիճակ, քանի որ նախագահ Թանջան փորձել է երկարաձգել իր մանդատի գործողության ժամկետը: Անկասկած, նրա գործողությունները միանգամայն կարող էին սադրել տեղի ունեցած իրադարձությունները»: Նա նաեւ շեշտել է, որ ԱՄՆ-ը ոչ մի դեպքում չի խրախուսում երկրի իշխանությունների նկատմամբ բռնությունները. «Նիգերում պետք է տեղի ունենան ընտրություններ, եւ պետք է ձեւավորվի նոր կառավարություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել