Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայերով քրդերի դե՞մ

Փետրվար 20,2010 00:00

\"\"Վարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրական նպատակների մասին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված եւ անցած տարվանից սկսված քննարկումներին եւ բանավեճերին անցած շաբաթ ավելացավ եւս մեկ թեմա: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի երկնքով Լոնդոն ուղեւորվելիս ուղերձ հղեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին, ուր նկատեց. «Միայն մեր գործի հանդեպ ունեցած հավատի, վճռականության եւ սկզբունքայնության շնորհիվ մենք կարող ենք հասնել արդյունքի: Այլապես, երբ հակասում են գործն ու խոսքը, դա ծնում է անվստահություն եւ թերահավատություն՝ գործունեության լայն դաշտ բացելով գործընթացին դեմ ուժերի համար: Մենք պետք է գիտակցենք, որ ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ իմաստազրկում այն»: Իսկ Լոնդոնում նույն Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Եթե հաստատվեն մեր կասկածները, որ Թուրքիայի նպատակը ժամանակ ձգձգելն է եւ ոչ թե հարաբերությունները կարգավորելը, ապա ստիպված ենք լինելու դադարեցնել այս գործընթացը»: Աբդուլա Գյուլը պատասխան ուղերձով նկատել էր. «Կիսում եմ այն կարծիքը, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկկողմ ջանքերը, խաղաղության մի նոր հույս ծնելով հակամարտություններով լի մեր աշխարհագրությունում, պատշաճ հետաքրքրություն են առաջացրել ողջ աշխարհում: Մեր երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու մեր հիմնական նպատակն էր մեր հարեւան ժողովուրդների միջեւ երկար ժամանակ գոյություն ունեցող կարծրատիպերը կոտրելը, փոխըմբռնման եւ փոխվստահության մթնոլորտ ձեւավորելը: Ես անձամբ շարունակելու եմ զբաղվել այս գործընթացով՝ հույսով, որ հնարավոր կլինի ապահովել մեր երկու երկրներին գոհացնող արդյունք»:
Այս հայտարարություն-ուղերձները անցած շաբաթ լայնորեն քննարկվում էին, սակայն կա մի հարթություն, ուր հայ-թուրքական հարաբերությունների վերջին մեկ տարվա զարգացումները, այդ թվում՝ օդային ուղերձն ու դրա պատասխանը չեն քննարկվել: Սա վարկած է, որը առաջ քաշած մեր զրուցակիցը նախընտրեց մնալ չբացահայտված, քանի որ երկյուղում է իր բիզնեսի ապագայի համար: Մեր զրուցակից փորձագետի կարծիքով, իրականում Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մտադրություն չունի, հավես էլ չունի, Ղարաբաղի մասին հիշատակումներն էլ ընդամենը Ադրբեջանին սիրաշահելու նպատակով են: Այս պահին Թուրքիան զբաղված է քրդական հարցի լուծմամբ:
Արդեն տեւական ժամանակ է, ինչ քրդերը աշխարհին ներկայանում են ոչ միայն Քրդական բանվորական կուսակցությամբ: Քրդերը մասնակցում են Թուրքիայի քրդաբնակ քաղաքների եւ գյուղերի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ դառնում ՏԻՄ ղեկավարներ: Նրանք անգամ ստեղծել են Արեւելյան Անատոլիայի ՏԻՄ ասոցիացիա եւ Եվրոպական կառույցների աջակցությամբ հասել նրան, որ քրդաբնակ քաղաքներում եւ գյուղերում ոչ միայն պաշտոնական փաստաթղթերը, այլ նաեւ տեղական հեռուստա եւ ռադիոընկերությունները, բացի թուրքերենից, նաեւ քրդերեն, արաբերեն, հայերեն են: Փորձագետի կարծիքով, Թուրքիան չի կարող հանդուրժել այս զարգացումների հետագա ծավալումն ու տարածումը, բայց չի կարող նաեւ կոշտ մեթոդների դիմել, քանի որ Եվրոպայի ճանապարհն է բռնել: Բայց Թուրքիան մտահոգվելու տեղ ունի: 2012-ին մեր հարեւանը նոր խորհրդարան է ընտրելու, Գյուլի եւ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը մտադիր չէ դիրքերը զիջել, իսկ 70 միլիոնանոց Թուրքիայում մոտ 25-30 միլիոն քուրդ կա: Այս ընտրազանգվածը անտեսելը պարզապես հիմարություն է: Գյուլն ու նրա թիմը մտադիր են քրդերին իրենցով անել, իսկ դրա համար հարկ է, որ իրենցը լինեն քրդական կազմակերպությունների ղեկավարները՝ էլիտան: «Իրենցով անելու» տարբերակներից մեկն էլ ըմբոստ գործչին ձերբակալելը ու նրա աթոռին հնազանդ, կառավարելի գործչին նստեցնելն է: Մեր զրուցակցի պնդմամբ, հենց այս ճանապարհով է գնում այսօր Թուրքիան: Նա բնավ էլ պատահական չի համարում, որ հենց այս օրերին՝ հայ-թուրքական շփումների ստվերում, թուրքերը սկսեցին Դիարբեքիրի քաղաքապետի դեմ հալածանքները, քուրդ հայտնի գործիչների ձերբակալությունները:
«Թուրքական խորամանկ դիվանագիտությունը գտել է իր համար հրաշալի տարբերակ: Ի լուր եւ ի տես աշխարհի, այդ աշխարհի հզորների միջնորդությամբ զբաղվել հարեւան Հայաստանի սահմանի բացման հարցով: Այլ խոսքով՝ Թուրքիան Եվրոպայի ուշադրությունը շեղում է հայերի վրա, որ քրդերի հարցը լուծի»,- ամփոփեց մեր զրուցակից փորձագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել