Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ԿԱՐՈՂ Է ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ ՆԱԵՎ ԾԱՄԱԾՌՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Փետրվար 20,2010 00:00

\"\"Սոսկ տուժողի հայտարարությունը բավարար չէ

Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիք տալը (Քրեական օրենսգրքի 137 հոդված), անձի ազատության, պատվի եւ արժանապատվության հանցագործությունների գլխում դասակարգելը նոր է: Անցյալում նմանօրինակ արարքները ամրագրված էին հասարակական կարգի դեմ ուղղված հանցավորությունների գլխում: Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքում այդ հանցագործությունը ընդգրկված է անձի կյանքի եւ առողջության դեմ հանցագործությունների գլխում եւ դիսպոզիցիայից իրավացի հանվել է «գույքը ոչնչացնելու» բառակապակցությունը:
Քննարկվող հանցագործությունն արտահայտվում է սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիք տալով: Միայն հիշյալ սպառնալիքների դիտավորության փուլի առկայությունը կամ բացահայտումը դեռեւս քրեական պատասխանատվության ենթարկելու պայման չէ. դրա համար անհրաժեշտ է ինքնուրույն հանցակազմը՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հատկանիշների առկայությամբ: Սպառնալիքը կարող է արտահայտվել գրավոր, բանավոր, ծամածռությունների ձեւով, զենք ցուցադրելով եւ այլն, ըստ որում, սպառնալիքը պետք է արտահայտվի կյանքից զրկելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու մտադրությունների արտաբերումների բովանդակություն: Բացի այդ, քրեական պատասխանատվությունը վրա է հասնում միայն այն դեպքում, երբ հիմքեր կան երկյուղելու այդ սպառնալիքների իրականացման համար եւ անձի մոտ առաջանում է իր կամ մերձավորների կյանքի կամ առողջության համար վախ եւ տագնապային իրավիճակ, ինչը տուժողի մոտ առանձին դեպքերում կարող է հասցնել գործողությունների զոհաբերում: Քննարկվող հանցագործությունը ավարտված է համարվում սպառնալիքը արտահայտելու կամ այլ ձեւով հասկացնելու պահից, իսկ երբ հանցավորը ոչ միայն սպառնալիք է տալիս, այլեւ կատարում է գործողություններ, որոնք ուղղված են նրա իրականացմանը, այս պարագայում արարքը որակվում է սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու նախապատրաստություն կամ այդ հանցագործությունը կատարելու հանցափորձ: Պետք է նկատել, որ սպանության եւ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոգեբանական սպառնալիքը կարող է միջոց ծառայել այլ հանցագործություն կատարելու համար (օրինակ, շորթում, ավազակություն, բռնաբարություն, բնակարանի անձեռնմխելիության խախտում եւ այլն): Նման հանգամանքներում արարքը որակվում է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների նորմով, առանց սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու նորմը համակցելու: Հանցանքը ճիշտ որակելու համար անհրաժեշտ է համակողմանի գնահատել սպառնալիքի իրականության հանգամանքը, պարզաբանելով տուժողի եւ հանցավորի փոխհարաբերությունները, իրավիճակը եւ գործի բոլոր հանգամանքները: Հիշյալ հանցագործությունը սուբյեկտիվ կողմից կատարվում է միայն մեղքի ուղղակի դիտավորությամբ: Հանցավորը գիտակցում է, որ արտաբերում է սպառնալիք եւ ցանկանում, որպեսզի այդ սպառնալիքը տուժողը ընկալի իրական:
Ինչպես հայտնի է, փետրվարի 12-ին «ՍԻԼ» կոնցեռնի համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյանը եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արշակ Ստեփանյանը սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիք տալու արարք կատարելու համար ձերբակալվել են, ինչի շարժառիթը եղել է 2008թ. հոկտեմբերին Գոռ Դավթյանին պատկանող «Աուդիտ» ՓԲԸ-ի 41% բաժնետոմսերը Սարիբեկ Սուքիասյանի տիկնոջը վաճառելու եւ վճռաբեկ դատարանի կողմից անվավեր ճանաչված գործարքը: Նկատենք, որ հանցագործությունը, որի հիմքով քրեական հետապնդում է ծավալվել, ըստ բնույթի եւ հասարակական վտանգավորության աստիճանի, դասակարգվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքում, եւ քանի որ առիթը քաղաքացիական իրավահարաբերություններից բխող գործարքն է, իմ պատկերացմամբ, որպես կասկածյալ ձերբակալումները եղել են հապճեպ եւ անհիմն, իսկ հանցագործության մասին հայտարարության, որի հիման վրա «բացվել» է քրեական վարույթը, մանրամասները չեն ստուգվել (նյութերը չեն նախապատրաստվել): Ինչպես ասվեց, միայն սպառնալիքի դիտավորության բացահայտումը եւ սոսկ տուժողի հայտարարությունը դեռեւս քրեական պատասխանատվության ենթարկելու պայման չեն, հետեւաբար, քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր էր առաջին հերթին ստուգել հայտարարության իրականության հանգամանքը (առիթը առեւտրային գործարքն է եւ բացառված չէ, որ հայտարարատուն հետապնդում է շահադիտական կամ այլ նկատառումներ): Բացի դրանք, ինքնուրույն հանցակազմի առկայությունը ճշտելու համար պետք է գնահատվեին կողմերի փոխհարաբերությունները եւ այլ հանգամանքներ: Ի վերջո, տուժող կոչվածը պատճառաբանել է, որ սպառնալիքի պարտադրանքով գնացել է զոհողության եւ ստորագրել փաստաթղթեր: Քրեական գործ հարուցելու համար այդ փաստաթղթերի նախապես ստուգումը նույնպես կարեւոր է, որովհետեւ բացառված չէ, որ փաստաթղթերը որեւէ իրավունքներ եւ պարտավորություններ չեն առաջացնում կամ հոգեբանական սպառնալիքը ծառայել է միջոց՝ ուրիշ հանցագործություն կատարելու համար, որի պարագայում սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու նորմը չի կիրառվում: Իմիջիայլոց, տարակուսանք է առաջացնում նաեւ հանցագործության կատարման իրադրության հանգամանքը. Գոռ Դավթյանը կոնցեռն է գնացել ժամը 13.00-ի սահմաններում, սպառնալիք տալու մասին քրեական հետապնդում իրականացնող մարմնին հայտարարություն է տվել ժամը 17.30-ին, իսկ ոստիկանության հատուկ ջոկատները կոնցեռն են ներխուժել ժամը 16.00-ին: Հանգամանքների եւ հիշյալ իրադրության պարագայում ակնհայտ նկատվում է, որ գործը շինծու է, իսկ Գոռ Դավթյանի հայտարարությունը անարժանահավատ է, հերթական ավանտյուրա է Սուքիասյանների ընտանիքի նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել