Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցն այն կրթօջախներից է, որի ուսուցիչներն ամենից շատն են դիմում «Առավոտին»: Քանի որ ուսուցիչ-դպրոցի տնօրեն վեճերի շարանն անվերջանալի է եւ հաճախ կրում է խիստ սուբյեկտիվ բնույթ, «Առավոտը» փորձում է խնդիրը վեր հանել ոչ միայն ուսուցիչների բողոքների եւ տնօրենների պարզաբանումների հիման վրա, այլեւ հետեւողական կերպով մասնակցելով բոլոր զարգացումներին, օրինակ՝ դատական նիստերին: Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ դատական նիստ, որի ընթացքում լսվեց թիվ 11 դպրոցի նախկին ուսուցչուհի Նաիրա Եղիազարյանի հայցն ընդդեմ դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի՝ աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարելու պահանջով: Նիստը նախագահում էր դատավոր Կ. Ֆարխոյանը: Նիստը տեւեց րոպեներ եւ հետաձգվեց դատավորի որոշմամբ՝ պատճառաբանությամբ, որ գործում որպես 3-րդ կողմ ներգրավված ԿԳՆ կրթության պետական տեսչության Գնահատման եւ վերլուծության բաժնի պետի տեղակալ Արմեն Գեւորգյանը չէր ներկայացրել անձը հաստատող լիազորագիր: «Առավոտը» նիստի ավարտից հետո լսեց կողմերի կարծիքները: Հայցվորը նշեց. «2005-ի ուսումնական տարեսկզբից ընդունվել եմ աշխատանքի թիվ 11 դպրոց՝ որպես աշխարհագրության ուսուցչուհի: 2008-ի դեկտեմբերի 25-ին ազատվել եմ աշխատանքից: Իմ եւ գործատուի միջեւ կնքված պայմանագիրն անորոշ ժամկետով էր: Պայմանագրի երկրորդ օրինակն ինձ մոտ չէր, որ տեղյակ լինեի դրա ժամկետից: Իսկ տնօրենն իր մոտ եղած պայմանագրի օրինակում ավելացում է կատարել ժամկետի վերաբերյալ, որը չի համապատասխանում աշխատանքային պայմանագրի փոփոխման ձեւին, հետեւաբար դա իրավական ուժ ունենալ չէր կարող: Այսինքն՝ նա ինձ այդ հիմքով աշխատանքից ազատել չէր կարող»: Նա տեղեկացրեց. «Դիմել եմ դատարան, ստացել եմ մերժում, բողոքարկել եմ վերաքննիչ դատարանում, այն ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողել է ուժի մեջ, բողոքարկել եմ վճռաբեկ դատարան, եւ գործն ուղարկել կրկին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան»: Ըստ ուսուցչուհու՝ իր ազատման հիմնական պատճառն այն է, որ ինքը չի ցանկացել ստորագրել ուսուցչուհիներից մեկի դեմ գրված զրպարտագրի տակ: Պատասխանող կողմի ներկայացուցիչ Արշակ Թովմասյանը «Առավոտի» հարցին, թե արդյո՞ք պայմանագրում գրառումներ են կատարվել, պատասխանեց. «Հայցվորն այդ բնույթի բողոքով դիմել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն, կատարվել է մանրամասն հետաքննություն, եւ հանցադեպի բացակայությամբ քրեական գործ չի հարուցվել: Այդքանից հետո նման մեղադրանքներ ներկայացնելն անիմաստ է»: ԿԳՆ կրթության տեչության ներկայցուցիչ Արմեն Գեւորգյանն էլ, անիմաստ համարելով տեսչության՝ որպես 3-րդ կողմ գործում ներգրավելը, ասաց. «Դպրոցում ուսումնասիրություն ենք կատարել եւ հայտնաբերել խախտումներ աշխատանքից ազատման հիմքերի մեջ: Հանձնարարական է տրվել լիազոր մարմնին՝ Երեւանի քաղաքապետարանին: Հետո պարզվեց, որ մեր ուսումնասիրությանը զուգահեռ, քաղաքացին դիմել է նաեւ դատարան՝ առանց մեզ տեղեկացնելու»: Հետաքրքրվեցինք՝ «կատարողականի» մասով ուսումնասիրություննե՞րն ինչ են պարզել: Պարոն Գեւորգյանը պատասխանեց. «Համապատասխան փաստաթղթերի առկայությունից պարզվել է, որ մեր արձանագրած խախտումները եղել են գործավարի մեղքով: Ըստ տնօրենի ներկայացրած հիմքի՝ նա վրիպել է, որի համար տույժ է ստացել, բայց դա չէր կարող պատճառ հանդիսանալ, որ ամբողջ ազատման հրամանը անվավեր ճանաչվեր»: