Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2007 թ. արյունալի օրը

Փետրվար 20,2010 00:00

Խեղաթյուրված դատավարություն կամ նախաքննական մարմնի դաժան դեմքը

«Ես ոչ մեկին չեմ սպանել»: Այսպես սկսեց զրույցը ինձ հետ Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչ Սեյրան Հակոբյանը: Բանն այն է, որ 2007թ. հուլիսի 22-ին՝ Վարդավառի տոնին, գյուղում հյուր էին Դիլիջան քաղաքից Վարդանյանների ընտանիքը, որոնցից մեկն այդ օրը կնքեց իր մահկանացուն: Վարդավառի տոնը վերածվեց արյունոտ օրվա: Սեյրան Հակոբյանին՝ չգործած հանցանքի համար, դատապարտեցին 10 տարվա ազատազրկման, ինչը նախաքննական եւ դատաքննական մարմինների կոպիտ սխալի հետեւանք էր: Նախաքննության ընթացքում ամբողջովին խախտվել էին ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 17 եւ 18 հոդվածների պահանջները: Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր էր ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ գործի բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտման համար: Մինչդեռ, նախաքննության հենց սկզբից գործի քննությունը կատարվել է միակողմանի, անտեսվել են գործի փաստական հանգամանքները: Սեյրան Հակոբյանի նկատմամբ բռնություն են գործադրել, խոշտանգել եւ ստիպել են ընդունել իր կողմից չկատարված հանցանքը՝ սպանությունը: Դրա վառ ապացույցն է այն, որ նրան մարմնական վնասվածքներով հրաժարվել են ընդունել «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցները: Այն վավերացված է հիմնարկի բժշկի տեղեկանքով: Այդ ժամանակահատվածում նա դիմել է մարզի դատախազին, որպեսզի իր գործը Իջեւանի ոստիկանությունում չքննվի, սակայն մնացել է անպատասխան: Իսկ պաշտպան Ռադիկ Պապյանը, փաստորեն, չի կատարել իր պարտականությունները: Դրանից հետո Սեյրանը դիմում-բողոք է հղել նաեւ հանրապետության դատախազին: Վերջինս միջնորդել է, որ նախաքննությունը կատարվի օբյեկտիվ եւ արդարացի, սակայն՝ ոչ մի տեղաշարժ:
Ի սկզբանե, նրա նկատմամբ որակել էին 104 հոդվածի 1-ին մաս՝ համաձայն 26.07.07թ. որոշման:
13.12.07թ. նույն մարմինը որոշում է կայացրել մեղադրանքի ծավալը լրացնել, նրա նկատմամբ որակելու արդեն՝ 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետ եւ 258 հոդվածի 4-րդ մաս: Նախաքննությունն իրականացնող մարմինը բացահայտ չի կարողացել հիմնավորել հոդվածի մասը փոփոխման ենթարկելու հատկանիշները: Պարզապես թույլ է տվել կոպիտ եւ աններելի սխալ, որը եւ հանգեցրել է անմեղ մարդուն սպանության համար դատապարտելուն: Երբ ես մեկ անգամ եւս նրան հարցրի, թե վերջիվերջո, դու քարով խփե՞լ ես մեռնողին, նա մի տեսակ վրդովված պատասխանեց, որովհետեւ արդեն որերորդ անգամ էի այդ հարցը տալիս: «Այո, խփել եմ Վահագն Վարդանյանին, ոչ թե մեռնողին՝ Գրիշա Վարդանյանին»: Եվ հենց այստեղ երեւում է նախաքննական մարմնի դաժան դեմքը այն առումով, որ նա ստորաբար ստել է, թե իբր՝ ում նա քարով խփել է, այսինքն՝ Վահագն Վարդանյանին, մահացել է: Այս ամենը անում են, որպեսզի ցուցմունքներ կարողանան կորզել, եւ որ այդ խառը կռվի մեջ կատարված սպանությունը բացահայտվի: Այս կեղծիքը պարզվում է այն ժամանակ, երբ Սեյրան Հակոբյանը ոստիկանությունում պատահական հանդիպում է գլուխը փաթաթած Վահագն Վարդանյանին եւ անմիջապես այդ մասին տեղյակ է պահում պաշտպանին: Իսկ վերջինս պատասխանում է, որ արդեն ուշ է, ցուցմունքները գրված- պատրաստ են, մնում է դատաքննությամբ պարզվի: Այդ պաշտպանին Սեյրանի ծնողները վճարել էին 200 000 դրամ, որպեսզի պաշտպաներ իրենց որդու իրավունքները, մինչդեռ նա նույնիսկ չի միջամտել, երբ հոդվածի մասը փոփոխության են ենթարկել:
11.01.08թ. ՀՀ Իջեւանի Հյուսիսային քրեական դատարանի նախագահ Ռաֆիկ Մելքոնյանը, չհամաձայնելով Ս. Մարդանյանի եւ Ս. Կուրղինյանի, այսինքն՝ մեծամասնության արձակած վճռի հետ, գրավոր շարադրել է դատավճռի եզրափակիչ պատճառաբանական մասի վերաբերյալ իր հատուկ կարծիքը, որտեղ մանրակրկիտ եւ լիարժեքորեն ներկայացված են տվյալ հանցագործության դեպքերն ու դեմքերը եւ նախաքննական մարմնի կոպիտ եւ անհանդուրժելի սխալները, այն բաղկացած է 29 թերթից: Վերջում դատավորը պնդում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հ. 2-րդ եւ 366 հոդվածի 2-րդ մասերով Սեյրան Սերյոժայի Հակոբյանը պետք է արդարացվի:
Ցավոք, Սեյրանը միայնակ չէ իր տեսակի մեջ, շատերը կան, որոնք դատապարտված են չկատարածի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել