Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐՔԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ Է ԸՆԿԵՐ, ԱՅՆՔԱՆ ԷԼ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ

Փետրվար 20,2010 00:00

Երեկ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն անդրադարձավ անցյալ տարվա մայրաքաղաքային իրավիճակին, ոստիկանության համակարգում հնարավոր նորամուծություններին:

Որպես նորություն, Ն. Նազարյանը տեղեկացրեց, որ վերականգնվելու է թաղային տեսուչների ինստիտուտը, քանի որ փորձը ցույց է տվել, որ թաղայինների եւ բնակչության «մտերմության» շնորհիվ բացահայտվել են մի շարք հանցագործություններ:
Ն. Նազարյանը հայտնեց, որ համայնքային ոստիկանները լինելու են մասնագիտացված՝ տարբեր հանցագործությունների հարցերով, ինչը նշանակում է, որ բնակարանային գողություններով զբաղվող ոստիկանը չի գնա սպանություն կատարողի ետեւից:
Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, որը, ի դեպ, պնդել էին նաեւ «ՍԻԼ» կոնցեռնի շահերը ներկայացնող փաստաբանները, թե «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի ձերբակալման օպերացիան մշակել են Ն.Նազարյանն ու գործարար Ռուբեն Հայրապետյանը, մայրաքաղաքի ոստիկանապետն ասաց. «Իմիջիայլոց, որեւէ մեկը չի կարող ասել, թե ես Սուքիասյանների հետ վատ հարաբերությունների մեջ եմ եղել: Բացառված է:
Նման փաստ չի կարող լինել: Ես որքան ընկեր եմ եղել Ռուբեն Հայրապետյանին, այդքան էլ ընկեր եմ եղել նաեւ Խաչատուր Սուքիասյանի, Սարիբեկ Սուքիասյանի համար: Բայց դա չի նշանակում, որ որեւէ մեկը կարող է հանցագործություն կատարել եւ խուսափել պատասխանատվությունից:
Բոլորի համար պարզ է, որ եղել է իսկապես ահազանգ, որ այնտեղ՝ Սուքիասյանների օֆիսում է պահվում Գոռ Դավթյանը («Աուդիտ» ՍՊԸ տնօրեն): Ոստիկաններին դիմել է Գոռ Դավթյանի ընկերը՝ Գեւորգ Ղազարյանը, եւ ասել է, որ իր ընկերը պահվում է այնտեղ, նրա նկատմամբ ուժ է կիրառվում, ստիպում են թղթեր ստորագրել, ինչին նա համաձայն չէ: Ի՞նչ եք մտածում, ինչ պիտի աներ ոստիկանությունը:
Այդ ժամանակ պիտի մտածեն, որ Նազարյանի հետ ինչ հարաբերությունների մեջ է Ռուբեն Հայրապետյանը, ինչ հարաբերությունների մեջ է Սուքիասյանների հետ»: Իսկ թե ինչո՞ւ էին ջարդել «ՍԻԼ կոնցեռնի» դռները հարցին էլ ոստիկանապետը պատասխանեց. «Շատ կներեք, ոտքերի ծայրերի վրա չեն մտել… սպիտակ ձեռնոցներով: Այո, ոստիկանները գնացել են, չեմ ուզում ամպագոռգոռ բառեր ասել՝ փրկելու, դուրս բերելու մարդկանց, որոնք դիմել են, որ իրենց նկատմամբ ուժ է կիրառվում»:
Ի դեպ, նկատենք, որ մինչ «փրկարարների» ժամանումը, տուժողը, որը ցուցմունք էր տվել, թե իր նկատմամբ զենքի միջոցով սպառնալիք կա, այնուամենայնիվ, հաջողացրել էր հեռախոսային հաղորդագրությունից օգտվել: Հետագայում զենքի սպառնալիքից հրաժարվել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել