Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

28 շահումյանցու հարց լուծվեց

Փետրվար 20,2010 00:00

\"\"Մոտ կես տարի տեւած վեճը ավարտվեց հաշտության համաձայնագրով, բայց անելիք դեռ էլի կա:

«Առավոտը» բազմիցս է անդրադարձել Սյունիքի մարզի Շահումյան բանավանի բնակիչների խնդրին (14.07.2009՝ «Բոնուսը՝ ընդդեմ գործադուլի», 8.09.2009՝ «Գործը հասավ դատարան», 1.10.2009՝ «Դատական ատյանները խոչընդոտում են», 10.11.2009՝ «Բնապահպանական խնդիրները՝ Կապանում», 18.11.2009՝ «Զոհ՝ Շահումյանում», 16.01.2010՝ «Լուծում գտնվել է, դատը՝ հետաձգվել»): Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունը բանավանի մոտ գտնվող հանքը շահագործում է նորմերի խախտումներով, արդյունքում՝ վնասվում է բանավանի բնակիչների տունուտեղն ու գույքը: Վերջին անգամ այս մասին գրել ենք հունվարի 28-ին եւ տեղեկացրել, որ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունը, պատրաստակամություն հայտնելով բնակիչներին փոխհատուցում տալ եւ օգնել վերաբնակեցման հարցում, հաշտություն է առաջարկել: Իսկ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Երեւանում հայտարարել էր, որ Շահումյանի հանքը պիտի լիարժեք շահագործվի՝ իրավական լուծումները գտնված են:
Փետրվարի 17-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հաշտության համաձայնագիր ստորագրվեց 2 կողմերի միջեւ՝ խնդրին լուծում կտրվի առք ու վաճառքի պայմանագրով: Մինչեւ մարտի 31-ը կկատարվի 20 սեփականատերերի գույքի առք ու վաճառք, իսկ մնացած 8 սեփականատերերը հրաժարվել են հաշտություն կնքել, քանի որ դժգոհ են իրականացված գույքի գնահատումից եւ այդ գույքի դիմաց նախատեսված փոխհատուցման չափից: «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունը դեմ չէ, որ հայցվորները անկախ փորձագետ բերեն ու գույքը նորից գնահատեն:
Բանավանցիների շահերը պաշտպանող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը նշեց, որ գոհ են խնդրի հանգուցալուծումից, կազմակերպությունն էլ կշարունակի իր ստանձնած առաքելությունը տարածաշրջանում: «Այս հաջողություններն ոչ միայն մեր կազմակերպությանն են, այլ՝ բնակիչներինը եւ այն լրատվամիջոցներինը, որոնք պարբերաբար օբյեկտիվ լուսաբանում էին վեճի ընթացքը:  Այս հաջողությունը նաեւ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությանն է»,- տեղեկացնում են հ/կ-ից:
Իսկ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության կառավարության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանից տեղեկացանք, որ ընկերությունը նախատեսում է նաեւ նմանատիպ մոտեցում ցուցաբերել Շահումյան բանավանի մյուս տնտեսություններին: Շահումյան բանավանում մոտ 150-200 տնտեսություն կա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել