Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԵՌՆԱՊԱՏԻ «ԳՈՐԾԸ» ԲԱՑՎԵ՞Ց

Փետրվար 20,2010 00:00

Գյուղի բնակիչների բողոքների ուսումնասիրությունների արդյունքում
խախտումներ են հայտնաբերել

\"\"

«Առավոտի» այս տարվա փետրվարի 4-ի համարում տպագրված «Վանոյի «տունը» կռիվ է ընկել» հրապարակմամբ անդրադարձել ենք Լոռու մարզի Լեռնապատ գյուղում տիրող վիճակին: Արդեն 10 տարի է, ինչ լեռնապատցիները բողոքում են գյուղապետ Վանո Եղիազարյանի, իրենց խոսքով, անօրինական, անբարո գործողություններից: Բողոքներով զբաղվում են Լոռու մարզպետարանն ու դատախազությունը: Մարզպետ Արամ Քոչարյանի ստեղծած հանձնաժողովը արդեն որոշակի նյութեր հավաքել է: Պարզվում է՝ լեռնապատցիների բողոքները հիմնավոր են:
Լեռնապատցիներին ամենահուզող խնդրի՝ գյուղացիներին պատշաճ ձեւով չընդունելու հարցում, գյուղապետ Վանո Եղիազարյանը խախտել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3 կետը: Չի հաստատել աշխատակազմի կանոնադրությունը, հետեւաբար համայնքի աշխատակազմի կողմից օրենքով սահմանված կարգով քաղաքացիների ընդունելության կարգ չի սահմանվել:
Համայնքի ավագանու որոշմամբ՝ բյուջեի միջոցների հաշվին համայնքային կենտրոնի համար ձեռք է բերվել գույք՝ նաեւ բիլիարդի եւ թենիսի սեղաններ: Բիլիարդ եւ թենիս խաղալու համար գումարներ են գանձվել, սակայն, համաձայն դրամարկղի գրքի՝ գյուղապետարանի դրամարկղ նշված տեսակի մուտքեր չեն կատարվել: Վանո Եղիազարյանի բանավոր հայտարարության համաձայն, գումար գանձվել է գյուղացիների ջարդած գույքը նորով փոխարինելու համար:
Լեռնապատցիների 4-րդ կարգի խոտհարքների կարգը փոխելու եւ առաջին կարգի դարձնելու դեպքերի ուսումնասիրություններով պարզվել է, որ համայնքի ղեկավարը խախտել է ՀՀ կառավարության 03.03.2005թ. թիվ 279-Ն եւ 17.09.2009թ. թիվ 1066-Ն որոշումները: Մհեր Մալխասյանի եւ Սուլեյման Մելքոնյանի 4-րդ կարգի խոտհարքները 2009-ին են փոփոխվել եւ դարձել 1-ին կարգի, ըստ օրենքի՝ վերահաշվարկ պետք է արվեր 2010թ.-ից: Բնակիչները հրաժարվել են վարձը վճարել: Առաջին կարգի խոտհարքի եկամուտը կազմում է 62 100 դրամ, իսկ 4-րդ կարգինը՝ 20 700 դրամ:
Համայնքի բյուջեից բնակիչներին սոցիալական օգնություններ են տրամադրվել, ընդհանուր՝ 5,685 միլիոն դրամ, սակայն՝ առանց բնակիչների սոցիալական վիճակը գնահատելու վերաբերյալ որոշման: Վանո Եղիազարյանը էլի բանավոր հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում համագյուղացիների հայտարարությունները, թե ինքը համայնքի բնակիչներին տրամադրվող նպաստները չի վճարում եւ դրա դիմաց գումար է պահանջում:
Լեռնապատի գազիֆիկացման համար բնակիչներից գանձվել է 3,110 միլիոն դրամ, ծախսվել է 2,525 միլիոնը: Նշված գումարները, առանց համայնքի դրամարկղ եւ բյուջե մուտքագրելու, ծախսվել են գազիֆիկացման աշխատանքներ իրականացնելու համար խողովակներ ձեռք բերելու նպատակով, որով խախտվել են «Դրամարկղային գործառնությունների մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքների պահանջները:
2008 թվականին ՀՀ ԱԺ մի պատգամավոր ավտոբուս է նվիրել Լեռնապատին՝ երեխաներին դպրոց տեղափոխելու համար, սակայն մինչեւ օրս մեքենան չի շահագործվել, շահագործման համար ծախսեր չեն կատարվել… Գյուղապետի հայտարարության համաձայն՝ ավտոբուսը անսարք վիճակում է (առկա է տեխնիկական եզրակացությունը) եւ հայտարարություն է տրված աճուրդով վաճառելու համար: Հիշեցնենք, որ նույն գյուղապետը ընդամենը 15 օր առաջ «Առավոտին» պատճառաբանել էր, թե ավտոբուս վարելու համար վարորդական համապատասխան կարգ ունեցող վարորդ գյուղում չկա:
2008 թվականին 966 հազար դրամով վերանորոգվել են ներհամայնքային ճանապարհները՝ կատարվել է ճանապարհների խճապատում եւ փոսային նորոգումներ: 2009 թվականին ներհամայնքային ճանապարհների վերանորոգումներ չեն կատարվել: Հիշեցնենք, սակայն, որ լեռնապատցիները բողոքում էին հենց ճանապարհների անմխիթար վիճակից:
Լեռնապատցիների բարձրացված մյուս հարցերի վերաբերյալ եւս ուսումնասիրություններ են կատարվելու: Գյուղացիները, մարզպետարանից բացի, դիմել են նաեւ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել