Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՍՏԱՑԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

Փետրվար 20,2010 00:00

Ինչպես նախօրեին խոստացել էին «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի առեւտրականները, երեկ կրկին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել: Հիշեցնենք, որ ոսկու առեւտրով զբաղվողներին վրդովեցրել են հարկային նոր փոփոխությունները, ըստ որոնց, նրանք այս տարվա հունվարի 1-ից պետք է վճարեն ոչ թե նախկինի պես հաստատագրված ամսական 14.500 դրամ, այլ տարեկան շրջանառության 11%-ը: Ընդ որում, նման հարկատեսակին անցնելու համար, հարկայինը նախ պետք է նրանց ապրանքները հատ առ հատ գույքագրի, որից հետո էլ պետք է հաշվարկի դրանց շրջանառությունը:
Նախօրեին կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը ցուցարարներին խոստացել էր հարցը քննարկել ՀՀ ֆինանսների նախարարության եւ Պետեկամուտների կոմիտեի հետ, որից հետո էլ պատասխան կտրամադրի ոսկու առեւտրով զբաղվողներին: Սակայն երեկ ցուցարարներն այդպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մի պատասխան չստացան: Նրանց հետ նորից հանդիպեց կառավարության նամակների, դիմումների եւ քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով ցուցարարներին փորձում էր համոզել հեռանալ, քանի որ միայն երկուշաբթի օրը կարող են պատասխան տալ: Ցուցարարներն էլ իրենց հերթին խոստացան երկուշաբթի եւ շաբաթվա մյուս օրերին եւս գալ, մինչեւ իրենց խնդրին դրական լուծում չստանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել